Մուսուլման բնակչության նկատմամբ կատարած գազանությունների մասին փաստաթղթերի ժողովածու

Մուսուլման բնակչության նկատմամբ կատարած գազանությունների մասին փաստաթղթերի ժողովածու («Islam ahalinin ducar olduklare mezalim hakkinda vesika mustenid makimat»), հրատարակվել է 1918 թ. Կ. Պոլսում՝ նպատակ ունենալով հերքել այդ տարիներին Կ. Պոլսի մամուլում երևացող այն հրապարակումները, որոնց հեղինակները երիտթուրքական պարագլուխներին մեղադրել են հայերի զանգվածային կոտորածներ իրագործելու մեջ։ Ժողովածուի հիմքում ընկած են թուրքական Կարմիր մահիկի ընկերության և գերմանական ու ավստրիական Կարմիր խաչի ներկայացուցիչների հավաքած զեկուցագրերն ու արած լուսանկարները։ Ըստ հեղինակների՝ այդ նյութերը պահվում են թուրքական բանակի գլխավոր շտաբի ռազմապատմական դիվանում, այսպես կոչված՝ «Գազանությունների մասին գործում»։ Նյութերի ընտրությանն և ժողովածու կազմելուն գործուն մասնակցել է Իսմեթ Ինյոնյուն։ Ժողովածուի հեղինակները փորձում են «ապացուցել», թե իբր հայերի, հույների և վրացիների զինված ջոկատները Երզնկայում, Կարինում, Վանում, Կարսում, Արդահանում և Բաթումում մի քանի անգամ ավելի շատ թուրք են ոչնչացրել, քան թուրքերը կոտորել են հայերին։ Իբրև «փաստաթղթեր» ներկայացնում են տեղական թուրք բնակչության և թուրքական հրամանատարության վկայությունները, ինչը կասկածի տակ է դնում այդ փաստերի արժանահավատությունը։

1919 թ. ժողովածուն թարգմանվել է ֆրանս. և հրատարակվել Կ. Պոլսում «Փաստաթղթեր մուսուլման բնակչության նկատմամբ հայերի կատարած գազանությունների մասին» վերնագրով։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբանական տարբերակը վերցված է «Հայկական հարց» հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։