Մոսկվայի հայ երաժշտական կոլեկտիվ

Մոսկվայի հայ երաժշտական կոլեկտիվ (ՄՀԵԿ), կազմակերպվել է 1922 թվականի դեկտեմբերին, Մոսկվայի հայ կուլտուրայի տանը՝ Գ․ Բուդաղյանի (նախագահ), Մ․ Մազմանյանի, Լ․ Խաչատրյանի (քարտուղար), Գեղարիկի (Գ․ Տեր-Գաբրիելյան), Ա․ Տոնիկյանի նախաձեռնությամբ։ Պատվավոր նախագահ՝ պրոֆեսոր Կ․ Սարաջև։ Սկզբում կոչվել է «Մոսկվայի հայ երաժշտական խմբակցություն», 1925 թվականից՝ ՄՀԵԿ։ Նպատակն էր համախմբել Մոսկվայում ապրող, աշխատող ու սովորող հայ երաժիշտներին, աջակցել նրանց մասնագիտական կրթության կազմակերպմանն ու գիտելիքների խորացմանը, պրոպագանդել հայկական երաժշտության լավագույն նմուշները, կապ հաստատել Հայաստանի երաժշտական գործիչների հետ, զարկ տալ ստեղծագործությունների տպագրության ու տարածման գործին։ Պարբերաբար կազմակերպվել են հայկական երաժշտությանը նվիրված (դրանց թվում նաև հեղինակային՝ Կոմիտասի, Ա․ Սպենդիարյանի, Ս․ Բարխուդարյանի) համերգներ։ Մասնակցել են Մոսկվայի կոնսերվատորիայի լարային կվարտետը, հետագայում՝ Կոմիտասի անվան (Ա․ Գաբրիելյան, Լ․ Օհանջանյան, Մ․ Տերյան, Ս․ Ալամազյան), երգիչ-երգչուհիներ, դիրիժորներ։ Կոլեկտիվի անդամներից են եղել՝ Մ․ Միսկարյանը, Գ․ Մելքումյանը, Ն․ Չեմբերջին, Ա․ Շահվերդյանը, Գ․ Խուբովը, Մ․ Աղայանը, Ա․ Քոչարյանը, Ա․ Խաչատրյանը, Հ․ Ատեփանյանը և ուրիշներ։ ՄՀԵԿ-ը հրատարակել է «Կյանք և երաժշտություն» հանդեսը։ Լույս է տեսել միայն մեկ համար (1924 թվականի նոյեմբեր), որին հոդվածներով մասնակցել են Կ․ Սարաջևը, Օ․ Տեր-Գրիգորյանը, Մ․ Մազմանյանը, Գ․ Բուդաղյանը, Ա․ Մայիլյանը և ուրիշներ (խմբագիր՝ Ա․ Տոնիկյան)։ ՄՀԵԿ-ի գործունեությունը շարունակվել է շուրջ մեկ տասնամյակ։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 8, էջ 34