Մոնոպսոնիա
Մոնոպսոնիա (հուն․՝ μόνος — մեկ, ὀψωνία — գնում), իրավիճակ շուկայում, որտեղ կա միայն մեկ գնորդ և բազմաթիվ վաճառողներ։
Այս տիպի շուկաներում գների վրա ազդեցություն են ունենում գնորդները։ Մոնոպսոնիայի օրինակ է համարվում աշխատանքի շուկան, որտեղ կան բազմաթիվ աշխատողներ և միայն մեկ ընկերություն՝ աշխատուժի գնորդը։
Մոնոպսոնիան առաջանում է հետևյալ իրավիճակներում.
- աշխատանքի շուկայում համագործակցում են մի կողմից զգալի թվով հմուտ աշխատողներ, իսկ մյուս կողմից՝ կա՛մ մեկ ընկերություն՝ մոնոպսոնիստ, կա՛մ մի քանի ընկերություններ, որոնք միավորված են մեկ խմբի մեջ և հանդես են գալիս որպես միակ աշխատանքի գործատու,
- տվյալ ընկերությունը (ընկերությունների խումբը) վարձում է ինչ-որ մասնագիտության մասնագետների հիմնական մասին,
- աշխատանքի այդ տեսակը չունի բարձր շարժունակություն (օրինակ, սոցիալական պայմանների, աշխարհագրական դիրքի, նոր հմտություններ ձեռք բերելու անհրաժեշտության պատճառով և այլն),
- մոնոպսոնիստ ընկերությունը ինքն է սահմանում աշխատավարձի դրույքը, իսկ աշխատողները կա՛մ ստիպված են լինում համաձայնվել, կա՛մ ուրիշ աշխատանք փնտրել։
Աշխատանքի շուկան՝ մոնոպսոնիայի տարրերի հետ, հազվագյուտ չէ։ Այդպիսի իրավիճակներ առաջանում են հատկապես ոչ մեծ քաղաքներում, որտեղ գործում է միայն մեկ խոշոր ընկերություն։
Կատարյալ մրցակցային աշխատանքի շուկայում ձեռներեցներն ունեն մասնագետների լայն ընտրություն, աշխատանքի շարժունակությունը բացարձակ է, ցանկացած ընկերություն վարձում է աշխատուժ անփոփոխ գնով, իսկ աշխատանքի առաջարկի կորը տվյալ ոլորտում արտացոլում է աշխատանքային ռեսուրսների սահմանային ծախսերը։ Մոնոպսոնիայի պայմաններում մոնոպսոնիստ ընկերությունը իր ոլորտը մարմնավորում է ինքնուրույն, այդ իսկ պատճառով էլ ընկերության և տվյալ ոլորտի առաջարկի կորերը համընկնում են։ Բայց առանձին մոնոպսոնիայի համար աշխատանքի առաջարկի կորը ցույց է տալիս ծախսի ոչ թե սահմանային, այլ միջին արժեքը։
Ինչ վերաբերում է փոխանակումներին՝ մոնոպսոնիան կարող է լինել նաև կեղծ, օրինակ, երբ բարձր գների դեպքում գնորդները չեն մասնակցում աճուրդներին։
Մեկ | Մի քանի | |
Վաճառողներ | Մոնոպոլիա | Օլիգոպոլիա |
Գնորդներ | Մոնոպսոնիա | Օլիգոպսոնիա |
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մոնոպսոնիա» հոդվածին։ |