Մոխրագույն հողեր
Մոխրագույն հողեր, հողերի տիպ, ձևավորվել են մերձարևադարձային, կիսաանապատային բուսածածկի տակ։ Կազմավորվում են լյոսերի, լյոսանման կավավազների և գիպս, կարբոնատներ, դյուրալույծ աղեր պարունակող հին ալյուվիալ նստվածքների վրա։ Մոխրագույն հողերի համար բնորոշ է հողառաջացնող պրոցեսի տարեկան ցիկլայնությունը՝ գարնանային ակտիվ փուլում ինտենսիվորեն զարգանում է բուսականությունը (հողում աշնանն ու ձմռանը կուտակված խոնավության շնորհիվ), վերին հորիզոններում տեղի է ունենում բուսական մնացորդների կուտակում և հումիֆիկացում, կարբոնատների և հանքային աղերի մի մասի տեղաշարժ ներքին հորիզոնները, ամռան փուլում հումուսային նյութերը հանքայնանում են. դյուրալույծ աղերը մազանոթային խոնավության հետ բարձրանում են վերին հորիզոնները։ Մոխրագույն հողերի պրոֆիլն ունի հետնյալ կառուցվածքը, A՝ հումուսային հորիզոն (պարունակում է 1—4,5% հումուս, հզորությունը 40—120 սմ է, մոխրագույն կամ մոխրահարդագույն, վատ արտահայտված կնձկային կառուցվածքով), B՝ էլյուվիալ-կարբոնատ․ հորիզոն, C՝մայր ապար, դրանից ցած (1,5—2 մ խորության վրա)՝ դյուրալույծ աղերի կուտակումներ։ Մոխրագույն հողերը օժտված են ջրաֆիզիկական լավ հատկություններով, կենսաբանական բարձր ակտիվությամբ, բավականաչափ բերրի են, ոռոգման դեպքում տալիս են բարձր բերք։ Ստորաբաժանվում են ենթատիպերի՝ բաց, սովորական (տիպիկ), մուգ և հյուսիսային։ Բաց և սովորական մոխրագույն հողերը օգտագործվում են ոռոգվող երկրագործությունում (բամբակենու, շաքարի ճակնդեղի, հացահատիկների ցանքերը, խաղողի և պտղատու այգիները)։ Տարածված են Առաջավոր Ասիայում, Հյուսիսային Ամերիկայում, Ավստրալիայում, Միջին Ասիայում։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 7, էջ 693)։ |