Բացել գլխավոր ցանկը

Մոխրաբլուր, Քյուլթափա, Քյուլթափե, հնավայր, բլուր, բնակատեղի Հայաստանի Արմավիրի մարզում։ Բարձրություն 852 մ[1][2]։

Վաղ բրոնզեդարյան արհեստական բլուր-բնակատեղի, Վաղարշապատից 4 կմ հարավ, Քասաղ գետի հին հունի ձախ ափին։ Տարածքը՝ մոտ 3,5 հա։ Բազմաշերտ հուշարձան է։ Մշակութային շերտի առավելագույն հաստությունը շուրջ 10 մ է։ Բացահայտվել են մեկը մյուսի վրա հիմնված 12 բնակավայրերի ավերակներ։ Մոխրաբլուրի հիմնական, ստորին, ավելի քան 8 մ խորությամբ շերտը ամփոփում է 9 բնակատեղի, հնագույնը՝ մ․թ․ա․ IV հազարամյակի 2-րդ կես, իսկ վերինը՝ լքվել մ․թ․ա․ III հազարամյակի կեսին։ Մոխրաբլուրում բնակությունը վերահաստատվել է վաղ երկաթի դարում (մ․թ․ա․ II հազարամյակի վերջ, I-ի սկիզբ), նորից դադարել և կյանքի կոչվել միայն հելենիստական դարաշրջանում։ Հնագույն բնակատեղին բաղկացած է եղել կլոր հատակագծով, հում աղյուսից կառուցված ոչ մեծ կացարաններից։ Մ․թ․ա․ III հազարամյակի 1-ին կեսին այն կառուցապատվել է հաստ պատեր ունեցող խոշոր շինություններով և դրսից պարսպապատվել։ Կենտրոնական հրապարակում կառուցվել է տաճարը, կենտրոնում՝ 4,5 մ բարձրությամբ, գագաթի մասում զոհասեղան ունեցող աշտարակով։ Տաճարը մոնումենտալ ճարտարապետության՝ նախկին ԽՍՀՄ տարածքում մինչև օրս հայտնի հնագույն կոթողն է։ Ոռոգելի երկրագործությունը եղել է Մոխրաբլուրի տաճարական աշտարակի հարավային ճակատը՝ Մոխրաբլուրի բնակչության հիմնական զբաղմունքը։ Բնակիչները Քասաղ գետի հունը հատել են երկար պատվարով՝ ստեղծելով հիդրոտեխնիկական բարդ կառույց։ Արհեստների զարգացումը սերտորեն կապված է եղել բրոնզի մշակման հետ։ Մ․թ․ա․ III հազարամյակի 1-ին կեսով թվագրվող շերտերից հայտնաբերվել են հնոց-ձուլարան, հալոցներ, զենքեր ձուլելու քարե կաղապարներ, բրոնզե իրեր, կավանոթների հազարավոր նմուշներ։ Դրանցից շատերը զարդարվել են բարդ հորինվածքներով։ Պաշտամունքի զանազան իրերը (զոհարաններ, օջախներ, մոգական արձանիկներ և այլն), կերպարվեստի այլ առարկաներն ու տաճարի ճարտարապետությունը պատկերացում են տալիս բնակիչների հոգևոր կյանքի, պաշտամունքների վերաբերյալ։ Պաշտվել են ցուլը, օջախը, ջուրը, երկինքը, քարը, արագիլը և այլն։ Մ․ թ․ ա․ III հազարամյակի 2-րդ քառորդում Մոխրաբլուրի երկրագործական դրացիական համայնքն էր՝ բաղկացած հիմնականում մեծ ընտանիք գերդաստաններից։ Մոխրաբլուրում 1970 թ.-ից պարբերաբար պեղումներ է կատարում Երևանի համալսարանի արշավախումբը։

ԾանոթագրություններԽմբագրել

  1. Հայաստանի Հանրապետության Ֆիզիկաաշխարհագրական օբյեկտների համառոտ տեղեկատու-բառարան, Երևան, «Գեոդեզիայի և քարտեզագրության կենտրոն ՊՈԱԿ», 2007, էջ 88 — 150 էջ։
  2. Հակոբյան Թ. Խ., Մելիք-Բախշյան Ստ. Տ., Բարսեղյան Հ. Խ., Հայաստանի եւ հարակից շրջանների տեղանունների բառարան, հ. 3 [-] (խմբ. Մանուկյան Լ. Գ.), Երևան, «Երևանի Համալսարանի Հրատարակչություն», 2001, էջ 859 — 992 էջ։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 7, էջ 693