Մյուզլե (ֆր.՝ Muselet, museler-ից` «դնչկալ հագնել»), մետաղալարե սանձիկ, որը պահում է փրփրուն և թշշան գինիների խցանը[1]։

Մյուզլե և մետաղաթիթեղ
Խցան, մետաղաթիթեղ և մյուզլե
Մյուզլեի մետաղաթիթեղների հավաքածու

Որպեսզի շամպայնի շիշը փակող խցանը դիմանա գազի ճնշմանը և խցանը ինքնաբերաբար դուրս չթռչի, վերևից խցանին ագուցվում է մյուզլե` մետաղալարե հատուկ սանձիկ, որը խցանը ֆիքսում է շշի բերանին։ Մյուզլեն պատրաստվում է 0,7-1,0 մմ հաստությամբ ցածրածխածնային պողպատե ցինկապատ կամ արծնապատ մետաղալարից։ Մյուզլեն ագուցում են խցանին և ամրացնում շշերի բերանի եզրապսակի տակ կիսամեխանիկական մեքենաներով, կիսաավտոմատներով կամ ավտոմատներով։ Երբեմն ավելի լավ ամրացնելու համար մյուզլեն ագուցելուց առաջ խցանի վրա դնում են լրացուցիչ մետաղաթիթեղ[2]։

Պատմություն խմբագրել

Կա ավանդություն, համաձայն որի` առաջին անգամ մյուզլե պատրաստվել է այն մետաղալարից, որը իր հին իրանակալից քաշել-պոկել է տիկին Կլիկոն` շամպայնի իր տեսակի` «Այրի Կլիկոյի» խցանը ամրացնելու համար։ Ամենայն հավանականությամբ, սա առասպել է, քանի որ ի սկզբանե մյուզլեները պատրաստվել են պարանից։ Մետաղալարից մյուզլեի գյուտի արտոնագիրը 1844 թվականին ստացել է Ադոլֆ Ժաքսոնը։

Մյուզլեն այսօր խմբագրել

Ներկայում մետաղալարի երկարությունը կարող է տատանվել 50-ից 60 սմ-ի սահմաններում` կախված պատրաստման տեխնոլոգիայից։ Ընդ որում, առանձին դեպքերում կարող է օգտագործվել տարբեր երկարության երկու մետաղալար (մեկը մոտ 40 սմ երկարությամբ` խցանը պարուրող «թագանման» մասի համար, մյուսը` մոտ 20 սմ երկարությամբ, շշի բերանը պարուրող ոլորված հատվածի համար)։ Մյուզլեն հանելու համար բավական է մետաղալարի վեց կիսապտույտ[3]։

Ժամանակակից մյուզլեները պատրաստվում են մեխանիկական եղանակով[4]։ Մյուզլեները դարձել են ավելի անձնավորված. մետաղաթիթեղների վրա նշվում են արտադրողի ապրանքանշանը և անվանումը։ Կախված արտադրողից` դրանք կարող են տարբերվել գույնով և չափով, ինչը դարձել է հավաքորդների կողմից հետաքրքրության պատճառ։ Թողարկում են հատուկ կատալոգներ[5]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Muselet» (անգլերեն). Champagne J Dumangin fils. Վերցված է 2012 թ․ մայիսի 19-ին.
  2. «Энциклопедия виноградарства: в 3-х томах.»/Гл. ред. А. И. Тимуш; ред. коллегия А. С. Субботович и др. Кишинев: Гл. ред. Молд. Сов. Энциклопедии, 1986.
  3. «Champagne and the mystery of the 6 turns of the muselet». Champagne and Security (անգլերեն). WordPress. Վերցված է 2014 թ․ ապրիլի 10-ին.
  4. «Bottle Closure Machinery» (անգլերեն). Camex s.a.s. Italy. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ մայիսի 1-ին. Վերցված է 2012 թ․ մայիսի 19-ին.
  5. «Répertoire de Plaques de Muselets de Champagne» (անգլերեն). Philatelie 72. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հոկտեմբերի 25-ին. Վերցված է 2014 թ․ հոկտեմբերի 17-ին.