Միջօրեական շրջան, աստղագիտական գործիք՝ երկնային լուսատուների հասարակածային կոորդինատների և ժամանակի որոշման համար։ Ստեղծել է դանիացի աստղագետ 0․ Ռյոմերըք (Օ․ Romer, 1644-1710), XVII դարի վերջին։ Ժամանակակից միջօրեական շրջանը կազմված է աստղադիտակից, որը պտտվում է միջօրեականի հարթությունում՝ արևելք-արևմուտք ուղղված հորիզոնական առանցքի շուրջը։ Միջօրեական շրջանի առանցքի վրա կա նաև բաժանումներով երկու շրջան, որոնց ցուցմունքը որոշվում է միկրոմետրի օգնությամբ։ Ինքնագիր սարքերը գրանցում են լուսատուի միջօրեականով անցնելու պահը (աստղային ժամանակ)։ Ուղղակի ծագումը որոշվում է, երբ լուսատուն հատում է օկուլյարի ուղղաձիգ գիծը (հորիզոնական շրջանի ցուցմունքով), իսկ հակումը որոշվում է՝ այդ պահին օկուլյարի հորիզոնական գիծն ուղղելով դեպի լուսատուն (ուղղաձիգ շրջանի ցուցմունքով)։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 7, էջ 606