Միջուկային իզոմերիա

Միջուկային իզոմերիա, ատոմային որոշ միջուկների՝ կյանքի մեծ (չափելի) տևողությամբ գրգռված վիճակներ ունենալու հատկությունը։ Այդ վիճակները կոչվում են տվյալ միջուկի իզոմեր վիճակներ, իսկ միջուկները՝ իզոմերներ։ Դրանց տրոհումը հիմնականում ուղեկցվում է y-ճառագայթումով կամ կոնվերսիոն էլեկտրոնների առաքումով, որի արգասիքն է նույն իզոտոպի միջուկը, սակայն ավելի ցածր էներգետիկ վիճակում։ Որոշ դեպքերում ավելի հավանական է լինում բետա տրոհումը, որը հանգեցնում է հարևան իզոբարի առաջացմանը։ Ծանր տարրերի իզոմերները կարող են տրոհվել ինքնակամ բաժանման միջոցով։ Իզոմեր վիճակներ են առաջանում, երբ արգելված է միջուկի անցումը էներգետիկորեն բարձր վիճակից ավելի ցածրին։ Իզոմեր վիճակներն ունեն կյանքի տարբեր տևողություն՝ 10−9 վրկ-ից մինչև հազարավոր տարի¬ ներ. օրինակ, 236Np իզոմերի կիսատրոհման պարբերությունը 5500 տարի է։ Իզոմերները հաճախ հանդես են գալիս նաև իզոմերային կղզյակների ձևով (զանգվածի թվի արժեքների որոշակի տիրույթներում), որոնց գոյությունը հաջողությամբ բացատրվում է միջուկի թաղանթային մոդելով։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 4, էջ 315 CC-BY-SA-icon-80x15.png