Միջազգային ջրանցքներ՝ ծովային տարածությունները միացնող և միջազգային նավարկության համար օգտագործվող ջրային արհեստական ուղիներ։ Ծովային նավարկության ուղիները կրճատելու շնորհիվ խոշոր դեր են խաղում միջազգային ծովային առևտրում ու ծովագնացության մեջ։ Ունեն ռազմաստրատեգիական կարևոր նշանակություն (օրինակ, Քիլի ջրանցքը, Սուեզի ջրանցքը, Պանամայի ջրանցքը)։ Համարվում են այն պետության տարածքի անբաժանելի մասը, որով անցնում են, ենթարկվում են տվյալ պետության իրավասությանը՝ հաշվի առնելով դրանց միջազգային իրավական ռեժիմը։ Միջազգային ջրանցքներ կարող են վարձով տրվել այս կամ այն պետությանը։ Միջազգային ջրանցքներով նավարկելու իրավական ռեժիմը կարգավորվում է միջազգային կոնվենցիաներով։ Ըստ այդ ռեժիմի՝ նավարկության իրավունքը բոլոր պետությունների համար ազատ է, նավարկող պետությունները պարտավորվում են հարգել այն պետության իրավունքները, որի տարածքով անցնում է ջրանցքը, զինված բախման դեպքում Միջազգային ջրանցքները զերծ պահել ռազմական գործողությունների ոլորտից, վճարել նավարկության համար սահմանված տուրքը։


Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 7, էջ 580