Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Մթնաձոր (այլ կիրառումներ)

«Մթնաձոր», Ակսել Բակունցի պատմվածքներից։ Պատմվածքը գրվել է 1926 թվականին և ընդգրկվել Բակունցի պատմվածքների համանուն ժողովածուում։

Մթնաձոր
Տեսակգրական ստեղծագործություն
Ժանրպատմվածք
ՀեղինակԱկսել Բակունց
Երկիր ԽՍՀՄ
Բնագիր լեզուհայերեն
Գրվել է1926
Հրատարակվել է1926
ՎիքիքաղվածքՄթնաձոր

Պատմություն խմբագրել

Պատմվածքն առաջին անգամ հրատարակվել է «Խորհրդային Հայաստան» օրաթերթում, 1926 թվականի նոյեմբերի 21-ին, ապա 1927 թվականին հեղինակային որոշ փոփոխությամբ այն տեղ է գտել «Մթնաձոր» ժողովածուի մեջ։

1927 թվականից հետո` Բակունցի կենդանության օրոք, պատմվածքը կրճատումներով տպագրվել է դպրոցական դասագրքերում, մասնավորապես, 1933 թվականին այն տեղ է գտել 4-րդ դասարանի դասագրքում, իսկ 1936 թվականին «Որսորդ Ավին» վերնագրով՝ 7-րդ դասարանի դասագրքում։

Ակսել Բակունցի մահից հետո պատմվածքն ամբողջությամբ, ըստ «Մթնաձոր» ժողովածուի բնագրի, տպագրվել է 1955 թվականի Երկերի երևանյան միհատորյակում, 1956 թվականին՝ Բեյրութի «Ամբողջական գործը» ժողովածուի 2-րդ հատորում, 1964 թվականին՝ Երկերի առաջին հատորում, 1969 թվականին՝ «Ալպիական մանուշակը» ժողովածուի մեջ։

1956 թվականից սկսած` պատմվածքը կրճատումներով անընդհատ տպագրվում է հանրակրթական դպրոցի դասագրքերում։

Պատմվածքի հերոսներ խմբագրել

Արտաշես Ծատուրյանի հուշեր խմբագրել

Ըստ Ղափանի շրջգործկոմի նախկին քարտուղար Արտաշես Ծատուրյանի հուշերի` 1926 թվականին Բակունցը` որպես Զանգեզուրի գավառի գյուղատնտես, իր և շրջգործկոմի այն ժամանակվա նախագահ Սողոմոն Կարապետյանի հետ շրջելիս է եղել Շիկահող գյուղում, որտեղ էլ հանդիպել է մի մարդու, որի դեմքն ու գլուխը լիովին մաշկազերծված են եղել, և այդ մարդը իր կյանքի մնացած մասը իր ուսերին գլխի փոխարեն գանգ է կրելիս եղել[1]։

  Նրանք նստած էին տան սրահում։ Այդ մարդը գլուխը ծածկած սպիտակ սփածանելիքով՝ խոզի կաշվից տրեխ էր գործում, դեմքը միանգամայն քողարկված էր ու խոսելիս թավ ձայնը լսվում էր ոնց որ խոր քարանձավից։ Երբ մենք մոտեցանք նրան, Կարապետյանը հարցրեց.

— Բա ինչի՞ է դեմքը պինդ քողարկել այդ մարդը և ոնց է առանց տեսողության աշխատում,— չիմանալով, իհարկե, եղելությունը, իսկ ես լսել էի նրա պատմությունը ու գիտեի, թե ինչու է քողարկում դեմքը։

Այդ հարցին որպես պատասխան նա վայր դրեց ձեռքի գործը և արձակեց դեմքի սփածանելիքը։

Բոլորս մնացինք ապշած, մեր աչքերի առաջ պատկերացավ մի չոր գանգ կենդանի մարմնի վրա, որը ամեն ոք կարող է միշտ տեսնել քաղաքի մասնագիտական խանութի ցուցափեղկում որպես պլաստմասսայից պատրաստված արտադրանք։ Նրա վրա չկան ոչ աչքուհոնք, ոչ քիթ ու շրթունք, դեղնավուն ատամների շարն է միայն միշտ ծիծաղում ոսկրապատ խորշի միջին։ Բակունցն ու Կարապետյանը զարհուրանքով դիտում էին այդ կենդանի կմախքը»։
- Արտաշես Ծատուրյանի հուշեր[1],
 

Ռաֆայել Իշխանյանի ուսումնասիրություններ խմբագրել

Հայ գրականագետ Ռաֆայել Իշխանյանը, որը 1962 թվականին պաշտպանել է թեկնածուական ատենախոսություն՝ «Ակսել Բակունց» թեմայով, և որը նաև հանդիսանում է Ակսել Բակունցի Երկերի ժողովածուի 1-ին հատորի բնագրերի և ծանոթագրությունների հեղինակը, շիկահողցիներից հետաքրքրվել և պարզել է, որ մաշկազերծ գլխով մարդը եղել է Գաբրիել Մարտիրոսի Հարությունյանը, որը մահացել է 1944 թվականին։

Ռաֆայել Իշխանյանը իմացել է, որ Գաբրիել Հարությունյանի երկու որդիներից (Արտեմ և Շամխար) մեկը՝ Արտեմը, բնակվում է Շիկահող գյուղում, 1961 թվականին դիմել է նրան՝ խնդրելով հնարավորին ճշգրիտ տեղեկություններ տալ հոր՝ Գաբրիելի մասին։ Արտեմը մանրամասը տեղյակ էր հոր գլխին եկածը։ Հետագայում Արտեմի պատմածը մասամբ լրացվել ու հաստատվել են մի քանի ուրիշ շիկահողցիների կողմից[2]։

  1911 թվականի փետրվարի 18-ի օրը շատ ձյուն էր եկել։ Գաբրիելը մի քանի ուրիշ համագյուղացիների հետ աշխատելիս է եղել Շիկահողի Ղշլաղ կոչվող բինայում։ Իրիկնադեմին լուր է տարածվում, թե հարևան գյուղի ադրբեջանցիները մի հսկա արջ են վիրավորել, որը գազազել է և մտել մոտակա Կհոլ կոչվող անտառը։ Գաբրիելը հրացանն առնում է և ընկերոջ՝ Ղազարի հետ գնում անտառ՝ արջին սպանելու։ Անտառի խորքում՝ քայլող մարդկանց հետևից դուրս է գալիս հսկա գազանը և թիկունքից բռնում Ղազարին։ Գաբրիելը անմիջապես կրակում է արջի վրա։ Ոմանց պատմելով կրակում է, ապա հրացանով հարվածում արջին, որից հրացանը ջարդվում է։ Ավելի գազազած արջը Ղազարին թողնում, հարձակվում է Գաբրիելի վրա։ Սկսվում է ծանր գոտեմարտը։ Ղազարը սարսափած թողնում է ընկերոջը մենակ ու թաքնվում։ Գաբրիելի և վիրավոր գազանի մենամարտը բավական երկար է տևում։ Գյուղացին հաջողեցնում է ձեռքը արջի բերանը տանել, բայց անօգուտ։ Գաբրիելը մի քանի անգամ օգնության է կանչում ընկերոջը, սա վախից ոչ մի շարժում չի անում։ Արջը կրծում է մարդու թևի փափուկը, ապա թաթով հարվածում նրա գլխին։ Դրանից Գաբրիելի աչքերը արյունով են լցվում ու խավարում։ Գազանը մի պահ դադար է տալիս, գյուղացին փորձում է մաքրել աչքերը արյունից, բայց հենց այդ պահին արջը թաթով հարվածում է Գաբրիելի ծոծրակին, ճանկերը խրում մաշկի մեջ և քաշելով պոկում մարդու գլխի ու դեմքի ամբողջ մաշկը մինչև ծնոտը։ Դրանից հետո արջը հեռանում է, իսկ Ղազարը գնում և օգնության է կանչում մարդկանց։ Ղշլաղից գալիս են Գաբրիելի եղբայրը՝ Պապինը և ուրիշ գյուղացիներ, «Պապինը տեսնելով հորս ծնոտից կախված դեմքի կաշին,— պատմում է Արտեմը,— դանակով կտրում է ու շպրտում»։ Գաբրիելին տանում են Բաքու բուժման։ Վերքերը բուժում են, բայց գլուխը մնում Է մաշկազերծ է առանց մազերի, աչքերի, քթի ու շրթունքների, այսինքն՝ որպես գանգ։ «Հորս դեմքը միշտ կապած էր, — հիշում Է Արտեմը, — ճանաչում էր մարդկանց միայն ձայնից, զբաղվում էր չարուխ գործելով երբեմն էլ թզբեհներ էր պատրաստում։ Դեպքից հետո ունեցել է երկու տղա և մի աղջիկ»։
- Արտեմ Հարությունյան՝ Գաբրիել Հարությունյանի որդի[3]
 

Ըստ Ռաֆայել Իշխանյանի այս իրողությունը շատ բանով է համընկնում Բակունցի «Մթնաձոր» պատվածքում նկարագրվածին․ արջի և մարդու նույն պայքարը, մարդու գլխի նույն ձևով կատարված գանգամաշկումը։ Հաշմված մարդու արտաքինի ու ձայնի նկարագրությունը Բակունցի պատմվածքում տրված է տառացիորեն այնպես, ինչպես եղել է իրականում, ինչպես պատմել են Գաբրիելի հարազատներն ու ծանոթները։ Նույնիսկ նրա տրեխ կարելու զբաղմունքն է Բակունցը թողել անփոփոխ[3]։

Ակսել Բակունցի Երկերի ժողովածուի 1-ին հատորի ծանոթագրություններ բաժնում Ռաֆայել Իշխանյանը նշել է պատմվածքում փոխված մանրամասների մասին․ Գաբրիելը դարձել է որսորդ Ավի, Բակունցը փոխել է նաև Կհոլ անտառի անունը՝ դարձնելով այն Մթնաձոր, ավելի ճիշտ, տեղափոխել է դեպքի վայրը Կհոլից՝ Մթնաձոր։ Կատարված դեպքի և պատմվածքի տարբերությունից է նաև այն, որ իրականում անտառ գնացողները եղել են երկու հոգի՝ Գաբրիելն ու Ղազարը, իսկ պատմվածքում որսորդ Ավին մենակ է գնում անտառ։ Կա ևս մի կարևոր փոփոխություն՝ անտառապահ Պանինի ավելացումը պատմվածքում։

Ըստ Իշխանյանի Արտաշես Ծատուրյանի պատմածում կան նաև փաստական մի շարք անճշտություններ. Արտաշես Ծատրյանը սխալմամբ գրում է, թե դեպքը Մթնաձոր անտառում է եղել, և իբր այդ անտառը Շիկահող գյուղի մոտ է։ Իրականում Մթնաձոր կոչվող անտառը Շիկահողից հեռու է, իսկ դեպքը տեղի է ունեցել Կհոլ անտառում։ Դեպքը տեղի է ունեցել 1911 թվականին, իսկ Ծատրյանը սխալմամբ նշում է 1912։ Ծատրյանը նշել է նաև, որ իբր հաշմված Գաբրիելին մասնագիտական բուժօգնություն բնավ ցույց չի տրվել, սակայն Գաբրիելն իրականում բուժվել է Բաքվում։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Պահվում է Եղիշե Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանում
  2. Ակսել Բակունց, Երկերի ժողովածու, հատոր 1-ին, էջ 618, ծանոթագրությունը՝ Ռաֆայել Իշխանյանի
  3. 3,0 3,1 Ակսել Բակունց, Երկերի ժողովածու, հատոր 1-ին, էջ 619, ծանոթագրությունը՝ Ռաֆայել Իշխանյանի
 Վիքիքաղվածքն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մթնաձոր (պատմվածք)» հոդվածին։