Մեծ Բրիտանիայում ցայսօր տպագրվել են շուրջ 20 անուն հայկական պարբերականներ։ Առաջինը քաղաքական, գրական, գիտական, կրոնական, առևտրական «Երկրագունդ» (1863-1864 թթ.) լրագիրն է։ Տեղի անդրանիկ հրատներից են Հայկական հայրենասիրաց ընկերության «Հայաստան» (1888-1892 թթ.) հանդեսը (հայերեն, ֆրանսերեն), քաղաքական, գրական «Լարմենի» (1889-1898, 1898-1906 թվականներին՝ Փարիզում, խմբ.՝ Մինաս Չերազ), հնչակյանների կենտրոնական պաշտոնաթերթ «Հնչակ» (1894-1904 թթ., 1887 թվականից՝ Ժնև, Աթենք, Փարիզ), երգիծ-քաղաքական «Ապտակ» (1895-1897 թթ., 1894 թվականին՝ Աթենք), Վերակազմյալ հնչակյան կուսակցության «Մարտ» (1897-1901 թթ.), ազգային, գրական «Վաղվան ձայնը» (1898) ամսաթերթերը, «Պատանի» (1902-1907 թթ.) պատկերազարդ հանդեսը (բոլորն էլ՝ Լոնդոն) և այլն։

Մեծ Բրիտանիայի հայկական մամուլը որոշ զարթոնք է ապրել 1960-ական թվականներին. լույս են տեսել հասարակական, գրական «Արեգակ» (1964-1968 թթ., Լոնդոն) ամսաթերթը, Լոնդոնի հայ երիտասարդ, միության «Սարտարապատ» (1971-1973 թթ., հայերեն, անգլերեն) ամսագիրը, «Արեգակի» շարունակությունը համարվող «Լոնդոն» (1974-1976 թթ.) ամսաթերթը, ազգային, հասարակական, մշակութային «երերունի» (1979-1994 թթ., Լոնդոն) երկշաբաթաթերթը և այլն։ Ներկայումս լույս է տեսնում հասարակական, քաղաքական «Նոր սերունղի ձայն» (1998 թ.-ից, Լոնդոն) ամսաթերթը։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբանական տարբերակը վերցված է «Հայկական հարց» հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։