Մելքիսեդեկ (ծննդյան և մահվան թվականներն անհայտ են), հայ գրիչ և մանրանկարիչ։ 14-րդ դարի 1-ին կեսի Վասպուրականի մանրանկարչության դպրոցի ներկայացուցիչ։

Հայտնի է մեկ ձեռագրով, որն ընդօրինակվել է 1338 թվականին։ Ավետարանի «Ծնունդ», «Տյառնընդառաջ», «Հարություն» և «Չորս ավետարանիչ»-ի ինքնատիպ հորինվածքներն ունեն հստակ կառուցվածք, կերպավորված են համարձակ, արտահայտիչ գծանկարով և մաքուր գույների (հիմնականում կապույտ, կանաչ, կարմիր) հնչեղ հարաբերումներով։ Նման գունամտածողությունը եզակի է հայ միջնադարյան արվեստում և նորովի ի հայտ է եկել ինչպես 20-րդ դարի հայկական, այնպես էլ արևմտաեվրոպական գեղանկարչությունում։ Մելքիսեդեկի ընդգծված անհատականությամբ բնորոշվող ձևաստեղծման և գեղանկարչական սկզբունքները նրա երկերին հաղորդում են հուզական խորը լիցք[1]։

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. Հ․ Հակոբյան, Հայկական մանրանկարչություն․ Վասպուրական, [ալբոմ], Ե․, 1978։ Հ․ Հակոբյան