Մարիետա Մելիք-Փաշայան
Մարիետա Ալբերտի Մելիք-Փաշայան (հունիսի 13, 1936, Լենինական, Հայկական ԽՍՀ, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ - մարտի 10, 2016, Երևան, Հայաստան[1]), հայ հոգեբույժ։ Բժշկագիտության դոկտոր, պրոֆեսոր։ Նյու Յորքի ԳԱ և ՀՀ ԲԳԱ ակադեմիկոս։
![]() | |
Ծնվել է | հունիսի 13, 1936 |
Ծննդավայր | Լենինական, Հայկական ԽՍՀ, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ |
Մահացել է | մարտի 10, 2016 (79 տարեկան) |
Մահվան վայր | Երևան, Հայաստան |
Քաղաքացիություն | ![]() ![]() |
Կրթություն | Երևանի Մխիթար Հերացու անվան Պետական Բժշկական Համալսարան |
Մասնագիտություն | բժիշկ և հոգեբույժ |
Գիտական աստիճան | բժշկական գիտությունների դոկտոր |
Կենսագրություն Խմբագրել
Մարիետա Մելիք-Փաշայանը ծնվել է 1936 թվականին Լենինականում (այժմ՝ Գյումրի), ծառայողների ընտանիքում։ 1954 թվականին ավարտել է Երևանի Նիկոլայ Գոգոլի անվան թիվ 35 ռուսական դպրոցը։ 1949-1955 թվականներին եղել է շախմատի Հայաստանի կանանց չեմպիոն, մասնակցել համամիութենական մրցումների։ 1960 թվականին ավարտել է Երևանի բժշկական ինստիտուտի բուժական-կանխարգելողական ֆակուլտետը։ 1960-1980 թվականներին աշխատել է Երևանի բժշկական ինստիտուտի հոգեբուժության ամբիոնում, 1960-1962 թվականներին եղել է լաբորանտ, 1965-1972 թվականներին՝ ասիստենտ, 1972-1980 թվականներին՝ դոցենտ։ 1962-1965 թվականներին նույն ամբիոնում անցել է ասպիրանտուրա։ 1966 թվականին պաշտպանել է թեկնածուական թեզ՝ «Գիտակցության մեկ էլեկրաուղեղագրական կորելյատի մասին» թեմայով և ստացել է բժկագիտության թեկնածուի գիտական աստիճան։ 1974 թվականին պաշտպանել է դոկտորական թեզ՝ «Շիզոֆրենիայի և աթերոսկլերոզի ժամանակ դեֆեկտի կառուցվածքը և կոմպենսացիայի մեխանիզմները» թեմայով՝ ստանալով բժշկական գիտությունների դոկտորի գիտական աստիճան։ 1980-1985 թվականներին եղել է Երևանի բժիշկների կատարելագործման ինստիտուտի հոգեբուժության ամբիոնի վարիչ։ 1981 թվականին Մելիք-Փաշայանին շնորհվել է պրոֆեսորի կոչում։ 1985-1991 և 1993-2008 թվականներին եղել է Երևանի բժշկական համալսարանի հոգեբուժության և բժշկական հոգեբանության ամբիոնի վարիչ, 1988-2001 թվականներին՝ նույն համալսարանի ուսումնական աշխատանքների գծով պրոռեկտոր։ 1996 թվականին ընտրվել է Հայաստանի բժշկական գիտությունների ակադեմիայի ակադեմիկոս և Նյու Յորքի գիտությունների ակադեմիայի անդամ։ 1983-1988 թվականներին եղել է ՀԽՍՀ առողջապահության նախարարության գլխավոր հոգեբույժ, 1991-2009 թվականներին՝ հայկական հոգեբույժների և թմրաբույժների ասոցիացիայի նախագահ։
1996-1999 թվականներին եղել է «Ժնևյան նախաձեռնություն» հոլանդական կազմակերպության անդամ և դրա «Menatl health reform» ամսագրի թղթակից։ Բազմիցս մասնակցել է մասնագիտական գիտաժողովների Հայաստանում, Ռուսաստանում, ԱՄՆ-ում, Ֆրանսիայում, Գերմանիայում և այլ երկրներում։
Գիտական հետազոտությունները վերաբերում են շիզոֆրենիայի, գլխուղեղի օրգանական հիվանդությունների, գիտակցության խանգարումների, դրանց կլինիկական, հոգեախտաբանական, էլեկտրաուղեղագրական ուսումնասիրություններին, կատեխոլամինների փոխանակության խանգարումների մոլեկուլային մեխանիզմների, Հայաստանում հոգեկան հիվանդությունների էպիդեմոլոգիայի խնդիրներին։
Մարիետա Մելիք-Փաշայանը հեղինակ է ավելի քան 200 գիտական աշխատությունների, այդ թվում՝ երկու մենագրության, երկու ուսումնական ձեռնարկի, մեկ դասագրքի[2][3]։
Աշխատություններ Խմբագրել
- Դեֆեկտն ու կոմպենսացիան շիզոֆրենիայի և աթերոսկլերոզի ժամանակ (ռուսերեն), Երևան, 1983։
- Անդրանիկ Մեհրաբյան (համահեղինակ), Երևան, 1988։
- Բժշկական հոգեբանություն (համահեղինակ), Երևան, 1993։
- Հոգեբուժություն։ Դասագիրք բժշկական ինստիտուտների ուսանողների համար (համահեղինակ), Երևան, 1994։
- Վիրգոգամիայի կլինիկան, ախտորոշումը, կորեկցիան և կանխարգելումը (համահեղինակ, ռուսերեն), Երևան, 1997։
- Մանկական տարիքի հոգեբուժության համառոտ ձեռնարկ (համահեղինակ), Երևան, 1998։
Պարգևներ Խմբագրել
- Մեսրոպ Մաշտոցի շքանշան, 2000
Տես նաև Խմբագրել
Ծանոթագրություններ Խմբագրել
- ↑ «Հայաստանի Շախմատային Ֆեդերացիա»։ chessfed.am։ Վերցված է 2016-11-28(չաշխատող հղում)
- ↑ «Մարիետա Ալբերտի Մելիք-Փաշայան»։ www.med-practic.com։ Վերցված է 2016-11-28
- ↑ ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի հիմնարար գիտական գրադարան
Աղբյուրներ Խմբագրել
- Հարություն Մինասյան, 100 հայ հոգեբույժներ, Գիրք Ա, Երևան, 2002։