Մարիա Կոնսեպսիոն Լոպերենա
Մարիա Կոնսեպսիոն Լոպերենա դե Ֆերնանդես դե Կաստրո (անգլ.՝ María Concepción Loperena de Fernández de Castro, մականունը՝ «Լա Լոպերենա» կամ «Հերոսուհի», 1750 կամ փետրվարի 12, 1775[1], Valledupar, Կոլումբիա - դեկտեմբերի 21, 1835[1])[2], կոլումբիացի անկախության ակտիվիստ և հայրենասեր, որը Վալեդուպարի անկախության հարցում աջակցել է Սիմոն Բոլիվարի բանակին։ Եղել է նաև աբոլիցիոնիստ և Բեսերիլի ու Լա Հագուա դե Իբիրիկոյի իր կալվածքներից ազատ է արձակել հարյուրավոր ստրուկների։
Մարիա Կոնսեպսիոն Լոպերենա | |
---|---|
Ծնվել է | 1750 կամ փետրվարի 12, 1775[1] |
Ծննդավայր | Valledupar, Կոլումբիա |
Մահացել է | դեկտեմբերի 21, 1835[1] |
Քաղաքացիություն | Կոլումբիա |
María Concepción Loperena Վիքիպահեստում |
Ընտանիք
խմբագրելՄարիա Կոնսեպսիոն Լոպերենան ծնվել է Նոր Գրանադայի փոխարքայության (այժմ՝ Կոլումբիա) Վալեդուպար քաղաքում 1775 թվականի փետրվարի 12-ին։ Եղել է իսպանացի Պելայո Լոպերենայի ու վալեդուպարցի Մարիա Ժոզեֆա Ուստարիսի դուստրը։
1785 թվականին ամուսնացել է Սանտա Մարթայում ծնված հողատեր նահանգապետ Խոսե Մանուել Ֆերնանդես դե Կաստրո Պերես Ռուիս Կալդերոնի հետ, որը Վալեդուպար է ուղարկվել Սանտա Մարթայի նահանգապետ Խոսե դե Աստիգարրագայի հրամանով[3]՝ էնկոմիենդաներ կազմակերպելու և հարկերի համար։ Նա անասնաֆերմաներ է հիմնել Բեցերիլում և Լա Յագուա դե Իբիրիկոյում, որոնց ղեկավարությունն ստանձնել է Մարիա Կոնսեպսիոնը՝ այրիանալուց հետո։
1812 թվականի հեղափոխություն
խմբագրել1812 թվականին Մարիա Կոնսեպսիոն Լոպերենան Վալեդուպարում հեղափոխական միջավայր ձևավորած առաջին կինն էր։ Իր որդուն՝ Պեդրո Նորբերտո Ֆերնանդես դե Կաստրո Լոպերենային ուղարկել է Կարտախենայի այն ժամանակվա նախագահ Մանուել Ռոդրիգես Տորիկեսի մոտ՝ անկախության շարժման վերաբերյալ Իսպանիայից հրահանգներ ստանալու։ Մարիան Չիրիգուանա քաղաքում հանդիպել է «Ազատագրող» Սիմոն Բոլիվարի հետ՝ Վալեդուպարում և շրջակայքում անկախության ծրագրեր իրականացնելու նպատակով։ Վերջինիս հրամանով կազմակերպել և հռչակել է Վալեդուպար քաղաքի անկախության ակտը 1813 թվականի փետրվարի 4-ին, առավոտյան ժամը 10:00։ Հենց նույն օրը ազատություն է շնորհել Բեսերիլի ու Լա Հագուա դե Իբիրիկոյի իր կալվածքների հարյուրավոր ստրուկների[2]։
Անկախության ապստամբության պատճառով փախուստի մեջ գտնվող Վալեդուպարի այն ժամանակվա քաղաքապետ Մարկես Վալդե-Հոյոսի աջակիցները Մարիային հետապնդելու հրաման են տվել։ 1818 թվականին Սանտա Մարթայի այն ժամանակվա նահանգապետ Պեդրո Ռուիս դե Պորրասը հրամայել է իր ենթականեր Խուան Սալվադոր Անսելմո Դազային և Բուենավենտուրա դե լա Սիերային ձերբակալել Մարիա Կոնսեպսիոն Լոպերենային և ուղարկել նրան Սանտա Մարթա։ Նրան չգտնելով՝ բռնագրավել են վերջինիս ունեցվածքը, սակայն Կուկուտայի Վիլլա դել Ռոսարիո քաղաքում 1821 թվականի հոկտեմբերի 19-ին ստորագրված հրամանագրով Մարիա Կոնսեպսիոն Լոպերենայի ունեցվածքը վերադարձվել է նրան։
Կրթության նախակարապետ Վալեդուպարում
խմբագրելՄարիա Կոնսեպսիոն Լոպերենան Վալեդուպարում կրթության առաջամարտիկ էր։ 1820 թվականի հոկտեմբերի 6-ի գործադիր հրամանագրով Գրան Կոլումբիայի գործող նախագահ Ֆրանցիսկո դե Պաուլա Սանտանդերը 1821 թվականի օգոստոսի 6-ի օրենքի համաձայն հրաման է արձակել[2]։ Մարիա Կոնսեպսիոն Լոպերենան աշխատել է Սանտանդերի հետ Վալեդուպարում ազգային քոլեջ ստեղծելու ուղղությամբ։ Այս նպատակով նրա խնդրանքով ստեղծվել է լանկաստերյան մեթոդով գործող առաջին դպրոցը, որը հրամանագրվել է 1824 թվականի մայիսի 17-ին։ Դպրոցը գործել է Դոմինիկյան հայրերի մենաստանում, որն այսօր Վալեդուպարի խորհրդի շենքի մաս է կազմում[2]։
Մահ և ժառանգություն
խմբագրելԵնթադրվում է, որ Մարիա Կոնսեպսիոն Լոպերենան մահացել է 1835 թվականի դեկտեմբերի 21-ին։ Նրա մարմինը փաթաթվել է Նոր Գրանադայի Հանրապետության դրոշով, հրամանագրեր են ընդունվել Մագդալենա Ինքնիշխան Պետության Օրենսդիր ժողովի և Կոլումբիայի Կոնգրեսի կողմից։
Նրա մահը սգացել են Վալեդուպարում բազմաթիվ տոնակատարությունների դադարեցմամբ, ինչպիսիք են՝ Սուրբ Ծնունդն ու Զատիկը։ Սգո արարողություններ են տեղի ունեցել դե լա Կոնսեպսիոն եկեղեցում։ Հուղարկավորվել է քաղաքային գերեզմանատանը։ Հետագայում նրա մասունքները որդին տեղափոխել է ծխական եկեղեցի, որից հետո իր դուստրը՝ Մարիա Կոնսեպսիոն Ֆերնանդես Դե Կաստրո դե Դիաս Գրանադոսը գողացել է դրանք ու տարել իր տուն։ 1850 թվականին այդ մասունքները կրկին վերահուղարկավորվել են Սանտո Դոմինգո եկեղեցում։
1940 թվականին ընդունված 95-րդ օրենքի ուժով Մարիա Կոնսեպսիոն Լոպերենան ճանաչվել է հերոսուհի։
2004 թվականի փետրվարի 14-ի 002 համաձայնագիրը հաստատվել է Վալեդուպարի խորհրդի կողմից, որով փետրվարի 4-ը Վալեդուպարում հայտարարվել է պատմական օր և Քաղաքապետարանի դրոշը կարգադրվում է բարձրացնել հասարակական հաստատություններում, հատկապես դպրոցներում[4]։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 https://books.google.com/books?id=KZhODwAAQBAJ&pg=PT129
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 López, Ana Belén García (2016 թ․ օգոստոսի 18). Las heroínas silenciadas en las independencias hispanoamericanas (իսպաներեն). Penguin Random House Grupo Editorial España. էջեր 129, 203, 205, 206, 212, 215. ISBN 978-84-9112-679-9. Վերցված է 2021 թ․ օգոստոսի 28-ին.
- ↑ Helg, Aline (2004). Liberty and Equality in Caribbean Colombia, 1770-1835 (անգլերեն). University of North Carolina Press. ISBN 978-0-8078-2876-2. Վերցված է 2021 թ․ օգոստոսի 28-ին.
- ↑ El Pilon: Por fin, Valledupar va a celebrar su Independencia
Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Մարիա Կոնսեպսիոն Լոպերենա կատեգորիայում։ |