Մարդու իրավունքների վրա բիզնեսի ազդեցության մասին ՄԱԿ-ի առաջնորդող սկզբունքներ

Հաշի առնելով այն, որ տարեցտարի աճում է մասնավոր հատվածի (բիզնեսների, բանկերի և այլն) ազդեցությունը մարդկանց կյանքերի և բնության վրա, դեռևս 2005թ-ին ՄԱԿ-ի Մարդու իրավունքների հանձնաժողովն ընդունեց բանաձև, որի համաձայն պետք է նշանակվեր Գլխավոր քարտուղարի Հատուկ ներկայացուցիչ` մարդու իրավունքների ոլորտում մասնավոր հատվածի պատասխանատվության և հաշվետվողականության մասին չափանիշները հստակեցնելու նպատակով։    

2008թ-ին Գլխավոր քարտուղարի Հատուկ ներկայացուցիչ, Հարվարդի պրոֆեսոր Ջոն Րագին Մարդու իրավունքների հանձնաժողովին ներկայացրեց նախագիծ, որի հիման վրա ստեղծվեց Բիզնեսի և մարդու իրավունքների ՄԱԿ-ի առաջնորդող սկզբունքները։ Մարդու իրավունքների հանձնաժողովն այն միաձայն հաստատեց 2011թ-ին։

31 կետից բաղկացած այս սկզբունքները միջազգային առաջին չափանիշներն են, որ ուղղված են մարդու իրավունքները բիզնես գործունեության հնարավոր բացասական ազդեցություններից պաշտպանելուն։ Դրանք մեծ աջակցություն են ստացել պետությունների, քաղաքացիական հասարակության և անգամ մասնավոր հատվածի որոշ ներկայացուցիչների կողմից, ինչն էլ ավելի է ամրապնդել այս սկզբունքների միջազգային կարգավիճակը։ Այս սկզբունքներն այլ կերպ կոչվում են նաև Րագիի սկզբունքներ՝ ի պատիվ դրանք մշակած պրոֆեսոր Ջոն Րագիի[1]։

Սկզբունքների երեք սյուները խմբագրել

Սկզբունքները պետությունների և մասնավոր հատվածի գործողությունների համար երեք սյուներ են առանձնացնում՝ պետությունների՝ մարդու իրավունքները պաշտպանելու պարտավորությունը, մասնավոր հատվածի՝ մարդու իրավունքները հարգելու պատասխանատվությունը և մասնավոր հատվածի հետ առնչվող իրավունքների խախտման պարագայում արդարադատության հասանելիությունը[2]։

Պետությունների՝ մարդու իրավունքները պաշտպանելու պարտավորություն խմբագրել

Առաջնորդող սկզբունքների առաջին սյունը մարդու իրավունքները պաշտպանելու պետությունների պարտավորության մասին է, որով սահմանվում է միջազգային նորմերի հիման վրա իրավունքների պաշտպանություն, այդ թվում նաև երրորդ կողմի՝ մասնավոր հատվածի (արտասահմանյան, տեղական կամ պետության ենթակայության տակ գտնվող բիզնեսների) թույլ տված իրավախախտումներից։ Այս նպատակով պետությունները համապատասխան քայլեր են ձեռնարկում կանխելու, հետաքննելու, պատժելու և փոխհատուցելու նման իրավախախտումները համապատասխան օրենքների, կանոնակարգերի, քաղաքականությունների մշակման միջոցով։ Առաջին սյունում կա նաև հակամարտության գոտիներում պետությունների պարտավորությունների մասին դրույթ։ Օրինակ նշվում է, որ պետությունները պետք է տեղյակ պահեն բիզնեսներին իրավունքների խախտման այն ռիսկերի մասին, որոնք առկա են հակամարտության գոտիներում գործունեություն ծավալելու պարագայում։ Ինչն էլ մասնավոր հատվածին կամ պետք է զերծ պահի այդ գոտիներում գործունեություն ծավալելուց, կամ էլ գործունեություն ծավալելու պարագայում պետք է զերծ պահի ինչպես իրավախախտումներից, այնպես էլ հակամարտության որևէ կողմին աջակցելուց[2]։

Իրավունքները հարգելու կորպորատիվ պատասխանատվություն խմբագրել

Առաջնորդող սկզբունքների երկրորդ սյունը վերաբերում է իրավունքները հարգելու կորպորատիվ պատասխանատվությանը։ Քանի որ մասնավոր հատվածն ազդեցություն ունի գրեթե բոլոր իրավունքների վրա, ուստի բացի պետությունից մասնավոր հատվածը ևս պետք է գիտակցի և ընդունի իր դերը և պատասխանատվությունը մարդու իրավունքների պաշտպանության գործում։ Ուստի մասնավոր հատվածը պետք է նախևառաջ հարգի մարդու իրավունքները։ Սա նշանակում է, որ այս սեկտորը պետք է խուսափի իր գործունեության ընթացքում կամ հետևանքով իրավախախտումներից, իսկ խախտումների պարագայում պետք է շտկի դրանք։ Մարդու իրավունքները հարգելու նպատակով մասնավոր սեկտորը պետք է հետևի մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում միջազգայնորեն ճանաչված դաշնագրերին և հռչակագրերին։ Եթե մասնավոր հատվածը բացահայտում է իր գործունեության ընթացքում կամ հետևանքով տեղի ունեցած իրավախախտումներ, այն պետք է օրինական գործընթացներով ապահովի համապատասխան հատուցում։ Դե իսկ սեփական գործունեության ընթացքում մարդու իրավունքների վիճակը գնահատելու համար մասնավոր հատվածը պետք է պարբերաբար իրականացնի Մարդու իրավունքների վրա ազդեցության գնահատում[2]։

Իրավախախտումների պարագայում արդարադատության հասանելիություն և հատուցում խմբագրել

Առաջնորդող սկզբունքների երրորդ սյունը վերաբերում է ինչպես պետության՝ իրավական, վարչական, օրենսդրական միջոցներով արդարադատության ապահովման պարտավորությանն, այնպես էլ բիզնեսի՝ իր գործունեության ոլորտում կատարված իրավախատումների կանխման և հատուցման պատասխանատվությանը։ Այս նպատակով թե՛ պետությունը, թե՛ մասնավոր սեկտորը պետք է ունենան բողոքարկման արդյունավետ մեխանիզմներ։ Միևնույն ժամանակ արտադատարանական մեխանիզմներն էլ պետք է լինեն օրինական, հասանելի, կանխատեսելի, իրավունքահեն, արդար և թափանցիկ։ Մասնավոր հատվածում գործող մեխանիզմներն իրենց հերթին պետք է լինեն մասնակցային և իրագործվեն երկխոսության մթնոլորտում՝ բացառելով ընկերության դերը՝ որպես սեփական գործողությունների դատավոր[2]։

Սկզբունքների պարտադիր իրավական բնույթ կրելը խմբագրել

Չնայած հանրային և մասնավոր ոլորտների աջակցությանը՝ կան առաջարկներ, որ իրավունքների պաշտպանության հանդեպ մասնավոր սեկտորը շատ ավելի մեծ պարտավորություններ պետք է կրի, քան պարզապես իրավունքները հարգելու պատասխանատվությունը։ Կան նաև այս սկբունքները պարտադիր դարձնելու առաջարկներ[3]։ Այնուամենայնիվ, կա ընդհանուր համաձայնություն, որ այս սկզբունքները երբևէ ամենամեծ աջակցություն ստացած սկզբունքներն են բիզնես ոլորտում մարդու իրավունքների պաշտպանության հարցը կարգավորելու առումով[4]։

Այնուամենայինվ, դեռ շարունակվում են այս սկզբունքները կամավորից պարտադիր իրավական ուժ ունեցող գործիք դարձնելու քայլերը։ Օրինակ, 2013թ-ին 84 պետությունների աջակցությամբ Էկվադորն առաջարկեց պարտադիր իրավական ուժ ունեցող գործիք ստեղծել անդրազգային (տրանսնացիոնալ) կորպորացիաների և այլ բիզնեսների գործունեության ընթացքում մարդու իրավունքների պաշտպանության և իրավախախտումների պարագայում հատուցման նպատակով[5]։ Այս առաջարկը նաև մոտ 530 քաղաքացիական կազմակերպության աջակցությունը ստացավ[6], իսկ 2014թ-ի հունիսին ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդի մեծ մասի աջակցությամբ համաձայնություն տրվեց ստեղծել միջկառավարական աշխատանքային խումբ, որը կաշխատի տրանսնացիոնալ կորպորացիաների և այլ բիզնեսների գործունեության ընթացքում մարդու իրավունքների պաշտպանությունը կարգավորող պարտավորեցնող գործիք ստեղծելու ուղղությամբ[7]։ Ներկայումս պատրաստ է նման գործիքի նախագիծը, որի շուրջ էլ ընթանում են քննարկումներ։

Սկզբունքների կիրառումը խմբագրել

Մեկ այլ հարց էլ վերաբերում է նրան, թե ինչպես են կիրառվելու այս սկզբունքները՝ դրանց պարտադիր դառնալու պարագայում։ Մտորելով այն հարցի շուրջ, թե նման դաշնագրի իրագործումը պետք է թողնվի պետությունների վրա, թե պետք է ստեղծվի կորպորացիաների և բիզնեսների հարցերով միջազգային դատարան՝ պրոֆեսոր Րագին առաջարկում է առաջինը՝ նշելով, որ երբ պետությունը վավերացնում է որևէ դաշնագիր, արդեն իսկ պարտավորվում է պաշտպանելու մարդու իրավունքներն իր երկրի սահմաններում այդ թվում նաև երրորդ կողմից՝ մասնավոր հատվածից։ Սակայն այս դաշնագրի նորությունը կարող է լինել այն, որ պետությունները իրենց երկրներում ստեղծված, բայց (նաև) այլ երկրներում գործող բիզնեսներին ու կորպորացիաներին ևս կարող են պարտադրել հարգել մարդու իրավունքները՝ որպես դաշնագրով այդ պետությունների պարտավորության մի մաս։ Այնուամենայնիվ, Րագին ընդունում է, որ այս առաջարկի շուրջ այնքան էլ մեծ համաձայնություն չկա, դե իսկ այն երկրների պարագայում, որոնք չեն ստորագրել ՄԱԿ-ի կամ Աշխատանքի միջազգային կազմակերպության որևէ դաշնագիր, արտասահմանում գործող «իրենց համերկրացիների» բիզնեսների հանդեպ նման պարտավորություն հնարավոր էլ չէ ակնկալել[8]։ Թեմայի շուրջ քննարկումները շարունակվում են։   

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Business and Human Rights». OHCHR.
  2. 2,0 2,1 2,2 2,3 «Guiding Principles on Business and Human Rights» (PDF). OHCHR.
  3. «The U.N. Guiding Principles on Business and Human Rights: Analysis and Implementation» (PDF). The Kenan Institute for Ethics. January 2012.
  4. Hoessle, Ulrike (2013). «The UN Guiding Principles on Business And Human Rights. Context, Content, Implementation and Prioritizing».
  5. «Statement on behalf of a Group of Countries at the 24rd Session of the Human Rights Council» (PDF). September 2013.
  6. «TreatyMovement.com».
  7. «Open-ended intergovernmental working group on transnational corporations and other business enterprises with respect to human rights». OHCHR. 2014.
  8. Ruggie, John (2014). «A UN Business and Human Rights Treaty? An Issues Brief by John G. Ruggie» (PDF). business-humanrights.org. Harvard Kennedy School.