Մարբլ (անգլ.՝ marble, նաև նշանակում է «մարմար»), փոքրիկ գնդաձև խաղալիք, սովորաբար գույնզգույն գնդիկ` պատրաստված ապակուց, կավից, մետաղից կամ ագաթից։ Այս գնդերը տարբերվում են իրենց չափերով։ Սովորաբար դրանք ունենում են 1/2-1 դյույմ (1,25-2,5 սմ) տրամագիծ, բայց չափսերը կարող են տատանվել 1/30 դյույմից (0,111 սմ) մինչև 3 դյույմից ավելի (7,75 սմ), իսկ գեղարվեստական ապակուց պատրաստված որոշ մարբլներ կարող են ունենալ ավելի քան 12 դյույմ (30 սմ) տրամագիծ։ Մարբլներն օգտագործվում են տարբեր խաղերում, որոնք կրում են «մարբլս» (marbles) ընդհանուր անվանումը։ Դրանցից հաճախ հավաքածուներ են ստեղծում։

Մարբլներ

Անգլիայի հյուսիսում այդ գնդիկները և դրանցով խաղերը հայտնի են «taws» անվամբ, իսկ մեծ «taws»-երը կոչվում են «շշի տափօղակ»։ Նմանատիպ մարբլներն օգտագործվում էին գազավորված ըմպելիքների շշերում։

Պատմություն խմբագրել

Մարբլները ենթադրաբար առաջին անգամ ի հայտ են եկել Հարապպայի քաղաքակրթության ժամանակ ժամանակակից Պակիստանի տարածքում՝ Ինդ գետից ոչ հեռու։ Մոհենջո Դարոյի մոտակայքում պեղումներ կատարելիս քարից պատրաստված զանազան մարբլներ են հայտնաբերվել[1]։ Մարբլները հաճախ հիշատակվում են նաև հռոմեական գրականությունում, բազմաթիվ օրինակներ կան նաև Հին Եգիպտոսից։ Դրանք, որպես կանոն պատրաստված էին կավից, քարից կամ ապակուց։ Հռոմում քարե մարբլները հիմնականում պատրաստվում էին մարմարից, որտեղից էլ առաջացել է անգլիական անվանումը («մարբլ» անգլերենից թարգմանաբար նշանակում է «մարմար»)։

1846 թվականին գերմանական ապակի փլող մի բանվոր հնարեց մարբլներ պատրաստելու սարքավորում[2]։ Խաղալիք գնդիկների (կավից պատրաստված) առաջին զանգվածային արտադրությունը մեկնարկել է 1890-ականների սկզբին ԱՄՆ-ում՝ Օհայո նահանգի Ակրոն քաղաքում, Ս․ Դեյկի կողմից։ ԱՄՆ-ում ստեղծված ապակյա առաջին մարբլներից որոշները ևս պատրաստվել են Ակրոնում Ջեյմս Հարվի Լեյթոնի կողմից։ 1903 թվականին Մարտին Ֆրիդրիխ-Քրիստենսենը (նույնպես Օհայո նահանգի Ակրոն քաղաքից) պատրաստեց առաջին ապակյա գնդիկները՝ արտադրված մեքենայական եղանակով՝ իր արտոնագրված մեքենայով։ Նրա ընկերությունը՝ «The MF Christensen & Son Co»-ն, նախքան 1917 թվականին գործունեությունը դադարեցնելը արտադրեց միլիոնավոր խաղալիք և արդյունաբերական ապակե մարբլներ։

Ապակե մարբլների արտադրությամբ զբաղվող ամերիկյան հաջորդ ընկերությունը «Akro Agate»-ն էր։ Այս ընկերությունը հիմնադրվել է 1911 թվականին ակրոնցիների կողմից, բայց գտնվում էր Քլարքսբուրգում՝ Արևմտյան Վիրջինիայում։

Խաղեր խմբագրել

Տարբեր երկրներում կան մարբլ խաղալու բազմաթիվ տարբերակներ։ Օրինակ «ringer» խաղը խաղում են հետևյալ կերպ․ ավազի վրա գծվում է շրջան, այնտեղ տեղադրվում է մի քանի մարբլ, և տարբեր խաղացողներ փորձում են իրենց մարբլներով հարվածել շրջանում գտնվող մյուս մարբլներին։ Խաղի մեկ այլ տարբերակ է «ռոլլին», որի դեպքում գետնի վրա փոքրիկ անցքեր են արվում, որտեղ տեղադրվում են մարբլները, ինչից հետո խաղացողները իրենց մարբլներով աշխատում են վայր գցել դրանք այդտեղից։

Արվեստում խմբագրել

  • Մարբլները պարբերաբար հիշատակվում են «Թոմ Սոյերի արկածները» վեպում՝ որպես մանկական «փոխարժեքի» տարատեսակ։
  • Անգլալեզու գրականության մեջ լայն տարածված է «կորցնել սեփական մարբլները» իդիոմատիկ արտահայտությունը[3], որն արտացոլում է մարդու կողմից սեփական անձի նկատմամբ վերահսկողության կորուստը՝ զայրույթի պոռթկումներից մինչև լուրջ հոգեկան հիվանդություններ։ Լայն իմաստով այն նշանակում է «բանականության կարճաժամկետ կամ երկարաժամկետ կորուստ»։

Տես նաև խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Marbles in Mohenjo Daro
  2. Johnny Acton, Tania Adams, Matt Packer, 2006, Origin of Everyday Things Barnes and Noble, p. 148
  3. to lose one's marbles