Մասրենի չինական

բույսերի տեսակ
Մասրենի չինական
Մասրենի չինական
Մասրենի չինական
Դասակարգում
Թագավորություն  Բույսեր (Plantae)
Տիպ/Բաժին Անոթավոր բույսեր (Tracheophyta)
Ենթատիպ Սերմնավոր բույսեր (Spermatophytes)
Կարգ Վարդածաղկավորներ (Rosales)
Ընտանիք Վարդազգիներ (Rosaceae)
Ենթաընտանիք Վարդայիններ (Rosoideae)
Ցեղ Վարդենի (Rosa)
Տեսակ Մասրենի չինական (R. chinensis)
Միջազգային անվանում
Rosa chinensis

Մասրենի չինական (լատին․՝ Rosa chinensis), վարդածաղկավորների ընտանիքի վարդազգիների ցեղի բույս։ Երբեմն անվանվում է նաև հնդկական կամ թեյի վարդ։

Նկարագրություն խմբագրել

Մինչև 1.5-2 մ բարձրությամբ (երբեմն՝ կիսամշտադալար) տերևաթափ թուփ է։ Կեղևը վառ կանաչ է, փայլուն, հարթ։ Փշերը հատ ու կենտ են, խոշոր, միայնակ, թեթևակի կեռված։ Տերևները կենտ փետրաձև են, կազմված 3—5 տերևիկներից, որոնք կաշվեկերպ են, լայն ձվաձև կամ երկարավուն 2,5-6 սմ երկարությամբ, սրածայր, վերևի կողմից մուգ կանաչ, փայլուն, ներքևի կողմից ավելի բաց գույնի, անփայլ, մերկ, մանր սղոցաեզր։ Տերևակոթունը և տերևի ներքևի մակերեսը ջղերի ուղղությամբ ծածկված են մանր փշերով։ Ծաղիկները միայնակ են, հազվադեպ 2—3 հատ միասին, մեծ մասամբ լիաթերթիկ, ունեն երկար, գեղձավոր ծաղկակոթեր։ Պսակաթերթիկները բաց վարդագույն են կամ մուգ ծիրանագույն, սպիտակավուն կամ բաց դեղնավուն։ Պտուղները տանձանման են, հասունանալիս կեղտադարչնագույն գունավորում են ստանում։ Ծաղկում է մայիս- սեպտեմբեր ամիսներին։

Տարածվածություն խմբագրել

Վայրի վիճակում չի հանդիպում։ Պատկանում է այն բույսերի թվին, որոնց վայրի նախնիները վաղուց անհետացել են և պահպանվել են միայն մշակության մեջ։ Տիպիկ արխեոֆիտ է։ Հայաստանի պայմաններում մշակվում է ամենուրեք։ Հատկապես լավ է աճում ցածրադիր գոտու պայմաններում։ Միջին և վերին գոտում երբեմն ցրտահարվում է, սակայն արագորեն վերականգնվում և առատորեն ծաղկում է։ Հայաստանի պայմաններում մշակվում են 140 — 150 բարձր դեկորատիվ սորտեր։

Կիրառություն խմբագրել

Ամենատարածված և մեծ մասսայականություն վայելող դեկորատիվ կուլտուրաներից մեկն է։ Հայաստանում մշակվում է անհիշելի վաղ ժամանակներից։ Դեռ հեթանոսական ժամանակներում տարածված էր ամենուրեք և պաշտամունքի առարկա էր հանդիսանում։ Վարդի մասսայական ծաղկման շրջանը համընկնում էր «Վարդավառ» տոնի հետ, որի ժամանակ մարդիկ մեկը մյուսի վրա ջրում նոսրացած վարդի հյութ էին շաղ տալիս։ Վարդը դեռ հազարամյակներ առաջ օգտագործվում էր հանդիսությունների և սգո արարողությունների ժամանակ։ Պատերազմից հաղթանակով վերադարձած հերոսներին օծում էին վարդի յուղով և վարդից հյուսած պսակով։ Դեռ հեթանոսական ժամանակներում կար հատուկ մեքենա, որի օգնությամբ վարդի թերթիկներից յուղ էին ստանում։

Այսօր էլ վարդը չի կորցրել իր նշանակությունը, որպես արժեքավոր դեկորատիվ բույս[1]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Հարությունյան Լ․ Վ․, Հարությունյան Ս․ Լ․, Հայաստանի դենդրոֆլորան, հ. 1, Երևան, «Լույս հրատարակչություն», 1985, էջ (196-197)։
 Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մասրենի չինական» հոդվածին։
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մասրենի չինական» հոդվածին։