Սայաթ-Նովան [իսկական անունը՝ Արութին (Հարություն)] գրաճանաչ է դարձել հոր՝ մահտեսի Կարապետի օգնությամբ, այնուհետև ուսանել է Թիֆլիսի հայոց դպրատներից մեկում, հետագայում գիտելիքները խորացրել է ինքնակրթությամբ: 12 տարեկանից սովորել է ջուլհակություն, միաժամանակ տարվել է երգ-երաժշտությամբ, սովորել է նվագել սազ, թամբուր, հատկապես՝ քամանչա, որը դարձել է նրա ստեղծագործական կյանքի ուղեկիցը: Տիրապետել է առնվազն 4 լեզվի՝ հայերենին, վրացերենին, թուրքերենին և պարսկերենին: Ենթադրվում է, որ 15 տարեկանում նրան գերեվարել են. շուրջ 4 տարի դեգերել է Արևելքի երկրներում, որպես երգիչ-նվագածու մասնակցել է Նադիր շահի Հնդկական արշավանքին (1738–39 թթ.), ապա նրան փրկագնել է վրաց արքայազն Հերակլը և դարձրել պալատական աշուղ: Այստեղ էլ նա սկսել է ստեղծագործել Սայաթ-Նովա (երգի որսորդ) աշուղական անունով: 30 տարեկանում, որպես վարպետ-աշուղ, մտել է մրցասպարեզ: Սայաթ-Նովան ծառայել է պալատում, բայց ողջ էությամբ նվիրված էր հասարակ ժողովրդին. իրեն անվանել է «խալխի նոքար» (ժողովրդի ծառա), աշխատել է թեթևացնել ժողովրդի ծանր վիճակը՝ արժանանալով հոգևոր և իշխանական (թավադական) դասի որոշ ներկայացուցիչների թշնամանքին: Հերակլ արքան 1752 և 1759 թթ-ին նրան վտարել է արքունիքից, բռնությամբ դարձրել է քահանա և աքսորել Վրաստանից: Քահանա Տեր-Ստեփանոս ձեռնադրված Սայաթ-Նովան ամուսնացել է լոռեցի Մարմարի հետ, ունեցել 4 զավակ: Նա հոգևոր հովիվ է եղել Պարսկաստանի Գիլան նահանգի Էնզելի քաղաքում, որտեղ 1761 թ-ին ընդօրինակել է Գրիգոր Նարեկացու «Մատյան ողբերգության» պոեմը: Այդ ձեռագիրը և նրա մեկ այլ գրչագիր աշխատանք (1766 թ., Կախի ավան, Զաքաթալա) պահվում են Մատենադարանում: 1768 թ-ին՝ կնոջ մահից հետո, Սայաթ-Նովան, որպես կուսակրոն քահանա, պարբերաբար ծառայել է Հաղպատի վանքում և Թիֆլիսի Սբ Գևորգ եկեղեցում. ըստ որոշ ավանդազրույցների՝ շարունակել է մասնակցել աշուղական մրցավեճերի: Ենթադրվում է, որ Սայաթ-Նովան նահատակվել է 1795 թ-ին, երբ Պարսից Աղա Մահմադ խանը ներխուժել է Թիֆլիս: Սայաթ-Նովայից պահպանվել են մոտ 70 հայերեն, 120 թուրքերեն և շուրջ 30 վրացերեն երգեր (խաղեր): Դեռևս արքունիքում նա կազմել է իր երգերի հիմնական ժողովածուն՝ դավթարը, որտեղ ամփոփված է դրանց մեծ մասը: Աշուղ-բանաստեղծը վրացերեն երգերում տուրք է տվել վրացական արքունիքում ընդունված ներբողային ոճին, թուրքերեն խաղերն առավելապես գրված են աշուղական բանարվեստի կաղապարներով և մեծ մասամբ աշուղական մրցավեճերի համար էին, մինչդեռ հայերեն խաղերը շենշող ու շլացուցիչ են, զգացմունքները՝ անմիջական, խոսքը՝ խրատական ու հակիրճ: Սայաթ-Նովան մեծ մարդասեր է ու մարդերգու («Արի համով ղուլլուղ արա...»). դա է նրա ստեղծագործության անմահության գաղտնիքը: Բանաստեղծի մարդասիրությունն առավել վառ արտահայտվել է սիրերգերում, որտեղ նա կատարելության է հասցրել կնոջ գովքը՝ «Մե խոսկ ունիմ իլթիմազով...», «Առանց քիզ ինչ կոնիմ...», «Պատկիրքտ ղալամով քաշած...», «Մեջլումի պես կորավ յարս», «Աշխարումս ախ չիմ քաշի...», «Դուն էն հուրին իս վուր...», «Թամամ աշխար պտուտ էկա...» և այլն.

Թամամ աշխար պտուտ եկա, չըթողի Հաբաշ, նազա՜նի, Չըտեսա քու դիդարի պես՝ դուն դիփունեն բաշ, նազա՜նի, Թե խամ հաքնիս, թե զար հաքնիս, կու շինիս ղումաշ, նազա՜նի, Էնդու համա քու տեսնողըն ասում է վա՛շ, վա՛շ, նազա՜նի...

Պալատում խորացել է բանաստեղծի սիրո տառապանքը. «Վունց վուր ղարիբ բլբուլն» երգում (1758 թ.) նա կարոտով գովերգում է անհասանելի սիրուհուն (Սայաթ-Նովան սիրահարված էր Հերակլ արքայի քրոջը՝ Աննային)՝ ստեղծելով գովքի ու ցավի կատարյալ համաձուլվածք.

Յիս էլ ուրիշ յար չիմ սիրի, աշխարումըս դո՛ւն իս իմըն.

Թե մե շափաթ քիզ չիմ տեսնի, 

կու կըտրիմ քամանչիս սիմըն...

Իր խոհախրատական երգերում Սայաթ-Նովան բարձր է գնահատել բարությունը, պատիվը, արդարությունը և բարեկրթությունը, թևավոր խոսք է դարձել նրա «Գի՜ր սիրե, ղա՜լամ սիրե, դա՜վթար սիրե» արտահայտությունը: Նա իր երգերում հաճախ է դատապարտել հասարակական չարիքներն ու արատները. «Ում հաքին հին շալ ին տեսնում, էլ չին ասում, թե էս ո՞վ ա»: Երգիչն առանց վարանելու դիմում է նաև Հերակլ արքային՝ հորդորելով արդարամիտ լինել, թեթևացնել ժողովրդի ծանր վիճակը («Դուն էն գլխեն իմաստուն իս...», «Թաքավուր իս, դիվանս արա...»): «Աշխարըս մե փանջարա է» երգում հանրագումարի է բերում անհատի և աշխարհի փոխհարաբերությունների մասին իր փիլիսոփայությունը.

Աշխարըս մե փանջարա է՝ թաղերումեն բեզարիլ իմ, Մըտիկ տըվողն կու խուցվի. դաղերումեն բեզարիլ իմ, Էրեգ լավ էր, կանց վուր էսօր. վաղերումեն բեզարիլ իմ, Մարթ համաշա մեկ չի ըլի. խաղերումեն բեզարիլ իմ...

Սայաթ-Նովան ստեղծագործել է աշուղական բազմաթիվ պարզ ու բարդ չափերով: Նա առաջնակարգ երաժիշտ-հորինող էր, երգիչ-կատարող և գիտեր իր ստեղծածի արժեքը. Ամեն մարդ չի կանա խըմի՝ իմ ջուրըն ո՜ւրիշ ջըրեն է, Ամեն մարդ չի կանա կարդա՝ իմ գիրըն ո՜ւրիշ գըրեն է, Բո՜ւնիաթս ավազ չիմանաք՝ քարափ է, քար ու կրեն է...

Շարունակելով Նաղաշ Հովնաթանից սկիզբ առած ավանդույթը՝ Սայաթ-Նովան իր խաղերի մեծագույն մասը հորինել է սեփական եղանակներով, երաժշտական տարբեր ոճերից ստեղծել է միասնական՝ սայաթնովյան ոճ, օգտագործել է նաև աշուղական ավանդական եղանակները: Նրա հայերեն խաղերի 27 եղանակ հավաքել և գրի են առել երաժշտագետ Մուշեղ Աղայանն ու երգիչ Շարա Տալյանը: 

Սայաթ-Նովան մեծապես նպաստել է Այսրկովկասի աշուղական արվեստի զարգացմանը, նկատելի ազդեցություն է ունեցել նաև կոմպոզիտորական արվեստի վրա: Բազմաթիվ հայ կոմպոզիտորներ նրա երգերը մշակել են դաշնամուրի, անսամբլի ու նվագախմբի նվագակցությամբ մեներգելու և երգչախմբի (առանց նվագակցության) համար: Կոմպոզիտոր Ալեքսանդր Հարությունյանը գրել է «Սայաթ-Նովա» օպերան՝ աշուղի երգերի մասնակի օգտագործումով: XIX դարի կեսից սկզբնավորվել է սայաթնովագիտությունը, որտեղ մեծ ավանդ ունեն Գևորգ Ախվերդյանը, Հովհաննես Թումանյանը, Գևորգ Ասատուրը, Գարեգին Լևոնյանը, Նիկոլ Աղբալյանը, Մորուս Հասրաթյանը, Պարույր Սևակը, Հենրիկ Բախչինյանը և ուրիշներ, օտարազգի գիտնականներից՝ Յակով Պոլոնսկին, Վալերի Բրյուսովը, Իոսեբ Գրիշաշվիլին: Հովհաննես Թումանյանի և նկարիչ Գևորգ Բաշինջաղյանի ջանքերով 1913 թ-ին տոնվել է աշուղի ծննդյան 200-ամյակը, 1914 թ-ին հրատարակվել է հայերեն խաղերի ամբողջական՝ «Սայաթ-Նովա» ժողովածուն, Հովհաննես Թումանյանի նախաձեռնությամբ 1914 թ-ի մայիսի 15-ին Թիֆլիսի Սբ Գևորգ եկեղեցու բակում բացվել է Սայաթ-Նովայի հուշաքարը, սահմանվել է սայաթնովյան Վարդատոնը (նշվում է մայիսի վերջին կիրակի օրը): Սայաթ-Նովայի երգերը թարգմանվել են մի շարք լեզուներով, նրա մասին գրվել են գրական, երաժշտական ստեղծագործություններ, գիտական աշխատություններ, կերպարին անդրադարձել են թատրոնում, կինոյում և կերպարվեստում: Սայաթ-Նովայի անունով ՀՀ տարբեր քաղաքներում կոչվել են փողոցներ, դպրոցներ, երաժշտական խմբեր, Արարատի մարզում՝ գյուղ:

Երևանում կանգնեցվել են «Սայաթ-Նովա» աղբյուր-հուշարձանը (1963 թ.) և կիսանդրին (2009 թ.):

1963 թ-ին Խաղաղության համաշխարհային խորհրդի որոշմամբ նշվել է Սայաթ-Նովայի ծննդյան 250-ամյակը: 1976 թ-ին նրա անունով կոչվել է խառնարան Փայլածու (Մերկուրի) մոլորակի վրա:

  «...Մեր վիթխարի Սայաթ-Նովան մի հոյակապ սիրահար է, բռնված ու բռնկված սիրո հրդեհով, նրա լույսի տակ էլ նկատում է աշխարհքն ու իրերը, զգում է, որ էրվում, վերջանում է ինքը, բայց մնում է արի ու բարի, անչար ու անաչառ, վեհ ու վսեմ, որպես աշխարհքի ու մարդու մեծ բարեկամը»:

Հովհաննես Թումանյան, բանաստեղծ

  «Այնպիսի բանաստեղծներով, ինչպիսին Սայաթ-Նովան է, պետք է պարծենա բովանդակ մարդկությունը. նրանք երկնքի վեհ ընծաներն են, որ ուղարկվում են ոչ ամենքին և ոչ հաճախակի. նրանք նախախնամության ընտրյալներն են, որոնք օրհնանք են դրոշմում իրենց դարին և իրենց հայրենիքին»:

Վալերի Բրյուսով, ռուս գրականագետ

  «Սայաթ-Նովան այնպես ստեղծագործեց, որ մտավ երեք ժողովրդի գրականության մեջ: Ո՜չ թե գրականության պատմության, այլ գրականության մեջ՝ կենդանի և ապրող, կարդացվող ու երգվող, միշտ ճարվող, բայց միշտ փնտրվող գրականության մեջ: Մտավ իբրև աղ: Այսքանով էլ Սայաթ-Նովան անհատ չէ, թեկուզ և մեծ անհատ, այլև ժամանակ լցնող շունչ է, տարածություն լցնող օդ, և այդպիսին մնում է մինչև հիմա՝ 200 տարի հետո էլ»:

Պարույր Սևակ,