Րաֆֆի


Րաֆֆին (իսկական անուն-ազգանունը՝ Հակոբ Մելիք-Հակոբյան) նախնական կրթությունն ստացել է ծննդավայրի ծխական վարժարանում, 1847 թ-ին մեկնել է Թիֆլիս, սովորել է Կարապետ Բելախյանցի մասնավոր դպրոցում, իսկ 1852 թ-ին ընդունվել է ռուսական գիմնազիայի 4-րդ դասարան: 1856 թ-ին վերադարձել է Փայաջուկ՝ տնօրինելու գերդաստանի տնտեսական գործերը: 1860-ական թվականների վերջերին, սակայն, ստիպված լինելով հոգալ սնանկացած ընտանիքի նյութական խնդիրները, Րաֆֆին կրկին մեկնել է Թիֆլիս: Գրիգոր Արծրունու հրավերով 1872 թ-ից դարձել է «Մշակ» թերթի գլխավոր աշխատակիցը, որտեղ էլ տպագրել է իր գեղարվեստական գործերի մի մասը, հրապարակախոսական հոդվածներն ու ուղեգրությունները: 1875– 1877 թթ-ին դասավանդել է Թավրիզի Արամյան, 1877–79 թթ-ին՝ Ագուլիսի հայկական դպրոցներում, ապա վերադարձել է Թիֆլիս և մինչև կյանքի վերջն զբաղվել բացառապես գրական գործունեությամբ: Րաֆֆին ճանապարհորդել է պարսկահայ և թուրքահայ գրեթե բոլոր գավառներում, գրի առել հարուստ տեղեկություններ Հայաստանի բնության, աշխարհագրական դիրքի, ժողովրդի բարքերի ու կենցաղի վերաբերյալ, որոնք հետագայում հսկայական նյութ են տվել նրա գրական մտահղացումներին: 1860–70-ական թվականներին գրած «Սալբի» (1866 թ.), «Խաչագողի հիշատակարանը» (1869–70 թթ.) վեպերում, «Հարեմ» (1874 թ.) վիպակում, «Գեղեցիկ Վարթիկը» (1872 թ.), «Անբախտ Հռիփսիմեն» (1872 թ.), «Մի օրավար հող» (1873 թ.) պատմվածքներում և այլ գործերում Րաֆֆին նկարագրել է պարսկահայության կյանքը, ազգային խտրականությունն ու սոցիալական անարդարությունները և հանգել այն մտքին, որ նմանատիպ հակասությունները կարելի է լուծել լուսավորության միջոցով, ինչպես նաև պայքարի, դիմադրության ու ազգային ինքնագիտակցության բարձրացման ճանապարհով: «Զահրումար» (1871 թ.), «Ոսկի աքաղաղ» (1879 թ.), «Մինն այսպես, մյուսն այնպես» (1890 թ.) և այլ վեպերում Րաֆֆին ցույց է տվել իշխող խավի իրական դեմքը, որ «խավարի մեջ կեղեքում է յուր զոհերին և անհագ վամպիրի նման ծծում նրանց արյունը»: 1877–78 թթ-ի ռուս-թուրքական պատերազմի տարիներին նկատելի աշխուժացել է հայ ազգային-ազատագրական շարժումը: Շատերը լիահույս էին, որ ռուսների հաղթանակով Արևմտյան Հայաստանը կազատագրվի թուրքական լծից: Րաֆֆին, սակայն, չի տարվել ընդհանուր ոգևորությամբ: Նա համոզված էր, որ ամեն ազգ իր ազատությունը պետք է նվաճի սեփական ուժերով: Գրողը հայոց ազգային-ազատագրության իրական ուղին համարել է զինված ապստամբությունը: Այս գաղափարները մարմնավորվել են «Ջալալեդդին» (1878 թ.), «Խենթը» (1881 թ.), «Կայծեր» (2 հատոր, 1883–87 թթ.) վեպերում: «Կայծերը» Րաֆֆու գաղափարական ու գեղարվեստական որոնումների ընդհանրացումն է: Այն վեպ-ժամանակագրություն է, հայոց ազգային մաքառման էպոսը: Վեպի հերոսները՝ Ասլանը, Կարոն, Սագոն, Ռաֆայելը, Ֆարհատը և մյուսները, յուրօրինակ գաղափարատիպեր են, որոնք «հայտնվելով իբրև փոքրիկ կայծեր հայկական մարած օջախից՝ աշխատում են փրկել ժողովուրդը ստրկության ծանր լծից»: Րաֆֆու ստեղծագործության մեջ բացառիկ տեղ ունեն «Դավիթ Բեկ» (1882 թ.), «Պարույր Հայկազն» (1884 թ.), «Սամվել» (1886 թ.) պատմավեպերը և «Խամսայի մելիքություններ» (1882 թ.) պատմական ուսումնասիրությունը: Վիպասանի կարծիքով՝ պատմությունը կրկնվում է, և պատմական անցյալի ու ժամանակակից դեպքերն ունեն բացահայտ նմանություններ: Հետևաբար՝ պատմությունը ոչ միայն անցյալի հայելին է, այլև ներկայի խորհրդատուն: Գրողի պատմափիլիսոփայության մեկնակետն ազգային միասնության գաղափարն է: «Դավիթ Բեկի» նյութը XVIII դարի սկզբի ազատագրական շարժումներն են Սյունիքում: «Պարույր Հայկազն» վեպում, պատմական զուգահեռի վրա դնելով Մովսես Խորենացուն և Պարույր Հայկազնին, հեղինակն աշխարհաքաղաքացիությունը (կոսմոպոլիտիզմ) հակադրում է հայրենասիրությանը, հաստատում, որ փառքի հավերժությունն ու անմահությունն անբաժանելի են հայրենիքի գաղափարից: «Սամվելը» հայ դասական պատմավեպի խոշոր նվաճում է: Վեպի հիմքում ազգապահպանության գաղափարն է: Րաֆֆին ապրել է բախտորոշ մի ժամանակաշրջանում, երբ Ռուսաստանը և Թուրքիան հայերի հանդեպ վարում էին բացահայտ ազգաձուլման քաղաքականություն: Ճակատագրի չար հեգնանքով նման իրադրություն էր Հայաստանում նաև IV դարում, երբ հայերի հանդեպ նույն քաղաքականությունն էին վարում Պարսկաստանն ու Բյուզանդիան: Այս իրողություններն էլ դարձել են վեպի պատմական հենքը, որոնց գեղարվեստական վերլուծության միջոցով Րաֆֆին փորձել է ժամանակի քաղաքական ծանր կացությունից դուրս գալու ելք գտնել: «Խամսայի մելիքությունները» XVII– XVIII դարերի Արցախ-Ղարաբաղի 5 մելիքությունների պատմությունն է, նրանց հերոսական մաքառումն անկախության համար: Իր քննադատական հոդվածներում, գրախոսություններում, երկերի առաջաբաններում Րաֆֆին արձագանքել է գրական շարժման կարևոր երևույթներին, XIX դարի հայ գրականության զարգացման օրինաչափություններին, ժամանակակից ու պատմական վեպի տեսության հարցերին և այլ խնդիրների: Երևանում և ՀՀ այլ վայրերում Րաֆֆու անունով կոչվել են փողոցներ, դպրոցներ: «Խաչագողի հիշատակարանը» վեպի հիման վրա նկարահանվել է համանուն կինոնկարը (2010 թ., «Երևան» ստուդիա):

  «Մի լավ գիրք կարող է փրկել մի ամբողջ ազգ»:
  «Ով չի ճանաչում իր հայրենիքը, չի կարող ճշմարիտ սիրել այն»:
  «Կա մի բան, որ աշխարհի զանազան ծայրերից կարող է միավորել հայերը հոգվով, մտքով և արյունով. այն է՝ ազգային սերը»:


  «Ներկայումս գիրքը և ժողովրդի մեջ ընթերցանություն տարածելը այն փրկարար միջոցներից մեկն է, որ կազատե նորան շատ մոլորություններից»:
  «Ես ոչ մի նշանակություն չեմ տալիս այն փառքին, այն հռչակին, որ հայն ստանում է օտարների ծառայության մեջ»: 
  Րաֆֆի
 
  «Անմահ հոգի, որ քո (Րաֆֆու) տաղանդի կախարդական ուժով դուրս կանչեցիր անցյալի մութից ու ապագայի անհայտությունից հրապուրիչ պատկերներ ու հերոսական դեմքեր և նրանցով վառեցիր, ոգևորեցիր վհատներին, որ տկարներին համարձակություն ներշնչեցիր ու ղրկեցիր հզորների դեմ նահատակության արյունով լվանալու և սրբելու ստրկության արտասուքը, որ անհանգստություն տվիր հայ ժողովրդի հոգուն և ուղղեցիր նրան դեպի ազատագրության ճանապարհը...»:
 Հովհաննես Թումանյան, 
 բանաստեղծ