Սուձուկիի փիլիսոփայություն

խմբագրել
  Եթե երեխան իր ծննդյան օրից հրաշալի երաժշտություն է լսում և սովորում նվագել, ապա նրա մեջ զարգանում է զգայունություն, կարգապահություն և դիմացկունություն։ Եվ նա ազնիվ հոգի կունենա։
- Ս․ Սուձուկի
 

Սուձուկին կարծում էր, որ յուրաքանչյուր երեխայի մեջ թաքնված է երաժշտական տաղանդ, և եթե նրա հետ ճիշտ աշխատանք կատարվի բավարար վաղ տարիքից, կարող է երաժշտության ասպարեզում մեծ հաջողությունների հասնել։ Այնուամենայնիվ, Սուձուկին հավատում և բազմիցս շեշտում էր, որ իր մեթոդը ուղղված չէ պրոֆեսիոնալ երաժիշտների և երաժշտական հրաշամանուկների ձևավորմանը։ Նա ծայրահեղ բացասաբար էր վերաբերում ծնողների՝ երեխային հրաշամանուկ դարձնելու, ամեն ինչ սովորեցնելու ցանկությանը։ Սուձուկին ասում էր, որ իր մեթոդը ստեղծվել է երեխայի կյանքը հարստացնելու, նրան ավելի երջանիկ դարձնելու և երաժշտության միջոցով նրա մեջ բարձր բարոյական արժեքներ և «ազնիվ հոգի» դաստիարակելու համար։

Համեմատություն երաժշտության ուսուցման ավանդական մեթոդի հետ

խմբագրել

Սուձուկիի մեթոդը ավանդական մեթոդից հիմնականում տարբերվում է նրանով, որ այս դեպքում նախքան նոտագրություն սովորեցնելը ուսուցանվում է երաժշտության վերարտադրությունը։ Ըստ Սուձուկիի՝ դա երեխային մեծ առավելություն է տալիս, քանի որ ավելի լավ է զարգանում երեխայի երաժշտական լսողությունն ու հիշողությունը։ Դա բացատրվում է նրանով, որ առանց նոտագրություն իմանալու երեխան ստիպված է լինում ամբողջը մտապահել։ Բացի այդ, երեխան կարող է նվագել ավելի բարդ ստեղծագործություններ՝ անկախ նոտաները հասկանալու իր սահմանափակ հնարավորությունների։ Սուձուկին կարծում էր, որ երեխային նախապես նոտաներ սովորեցնելը խոչընդոտում է նրա լսողության, հիշողության և տեխնիկայի զարգացումը՝ ստիպելով նրան տարիներով նվագել դանդաղ և ընդհատումներով, որպեսզի կարդա նոտաները։ Արդյունքում երեխայի ներուժը ամենակարևոր վաղ տարիներին առավելագույնս բացահայտելու փոխարեն մարում է հետաքրքրությունը երաժշտության նկատմամբ։

Միևնույն ժամանակ ավանդական մեթոդներ կիրառող մանկավարժները նշում են, որ այն երեխան, որն սկսել է լավ նվագել երաժշտությունը լսողությամբ և հիշել այն, հետո շատ բարդ կլինի ստիպել կարդալ նոտաները։ Ամենապարզ և անհետաքրքիր ստեղծագործություններին վերադառնալը կարող է բացասաբար անդրադառնալ երեխայի հետագա զարգացման վրա, երբ կարիք կլինի նոտաներով կարդալ լսողությամբ վատ ընկալվող բարդ պարտիտուրաները։

Ծանոթագրություններ

խմբագրել

Արտաքին հղումներ

խմբագրել