Սխալի էֆեկտ (նաև՝ «ջրափոսում իջնելու» էֆեկտ), երևույթ սոցիալական հոգեբանության մեջ, որի դեպքում սխալ թույլ տված մարդու գրավչությունը մեծանում կամ փոքրանում է՝ կախված նրա կոմպետենտությունից ու պահվածքից։ Այսպես, կոմպետենտ մարդը, որը սխալ է գործել, ավելի գրավիչ է թվում, քան միջին գիտելիքներով ու կարողություններով օժտված մարդը, որը նույնպես սխալ է գործել:

Պատմություն խմբագրել

Էֆեկտն առաջին անգամ նկարագրվել է ամերիկացի սոցիալական հոգեբան Էլիոթ Արոնսոնի կողմից 1966 թվականին: Այդ ժամանակվանից բազմաթիվ ուսումնասիրություններ են անցկացվել, որպեսզի հերքվի սեռի, ինքնագնահատականի մակարդակի ու սխալի լրջության ազդեցությունը գրավչության վրա: Սխալի էֆեկտը հաստատվել է զանգվածային մշակույթում: ԱՄՆ-ում նրա դրսևորումը, մասնավորապես, համարվում է նախագահ Ջոն Քենեդիի հանրաճանաչության պահպանումը Խոզերի ծովածոցի օպերացիայից հետո, ինչպես նաև Apple Maps-ի քարտեզագրական սերվիսի սխալները, որոնք շատ չէին ազդել Apple-ի ապրանքի վաճառքի վրա:

Հետազոտություններ խմբագրել

1966 թվականին Էլիոթ Արոնսոնը, համագործակցելով Բեն Ուիլերմանի և Ջոաննա Ֆլոյդի հետ, իրականացրեց հետևյալ գիտափորձը․ Մինեսոտայի համալսարանի ուսանողներին առաջարկվում էր լսել «Քոլեջների գավաթ» հանրաճանաչ հեռուստավիկտորինային մասնակից թեկնածուի հետ հարցազրույցի ձայնագրությունը: Այնուհետև փորձարկվողներին առաջարկվում էր հարցազրույցի չորս տարբերակներից մեկը.

  • «կատարելությանը մոտ» մարդու հետ,
  • «կատարելությանը մոտ», բայց կոպիտ սխալ գործած մարդու հետ,
  • միջակ մարդու հետ,
  • կոպիտ սխալ կատարած միջակ մարդու հետ:

Թեկնածուի՝ «ջրափոսում հայտնվելը» կազմակերպվել է հետևյալ կերպ. ձայնագրության մեջ լսվում էր աղմուկ, աթոռի տեղաշարժման ձայն և, վերջապես, լսվում էր երիտասարդ մարդու ձայն. «Օ, Տե՛ր Աստված, ես սուրճը թափեցի նոր կոստյումի վրա»:

Արդյունքում ավելի համակրելի համարվեց հրաշալի ունակություններով, բայց սխալ գործած մարդը: Ամենաքիչ համակրելի ընտրվեց «միջակ», նույն սխալը գործած մարդը: «Անսխալական կատարելությունը» և «անսխալական միջակությունը» գրավեցին համապատասխանաբար երկրորդ և երրորդ տեղերը[1]:

Սեռ խմբագրել

Քեյ Դոյի (Kay Deaux) կատարած գիտափորձերը ցույց են տվել, որ սխալ գործած մարդու հանդեպ համակրանքը ավելի արտահայտված է տղամարդկանց մոտ, իսկ կանայք հաճախ նախընտրում են «անսխալական կատարելությունը»: Դրա հետ մեկտեղ ինչպես տղամարդիկ, այնպես էլ կանայք համակրանք չեն զգում սխալ թույլ տված միջակ մարդու հանդեպ[1]:

Սխալի լրջություն խմբագրել

Դ. Միթթիի և Պ. Վիկինսի (D.R.Mettee & P.C.Wikins) հետազոտությունները ցույց են տվել, որ սխալի լրջությունը մեծ դեր է խաղում համակրանքի առաջացման գործում: Նրանց կողմից դիտարկվում էր երեք պայման.

  • ստուգող խումբ՝ առանց սխալների,
  • ոչ լուրջ սխալ՝ ձայնագրության մեջ լսվում է բաժակի կոտրվելու ձայնը և դրա հետ կապված՝ դերասանի ափսոսանքը,
  • լուրջ սխալ՝ բաժակը կոտրվում է, և հարցազրուցավարը թշնամաբար դիմում է դերասանին, որն անդադար ներողություն է խնդրում։

Ոչ լուրջ սխալ թույլ տված կոմպետենտ մարդու հանդեպ համակրանքն ու հարգանքը աննշան կերպով նվազում է, այն դեպքում, երբ լուրջ սխալ գործած կոմպետենտ մարդը ավելացնում է իր համակրելիությունը և աննշան նվազեցնում հարգանքի մակարդակը: Ոչ կոմպետենտ մարդու համակրելիությունը ընկնում է՝ անկախ սխալի լրջությունից: Ինչ վերաբերում է հարգանքին, ապա ոչ կոմպետենտ մարդը կորցնում է այն միայն ոչ լուրջ սխալից հետո[2]:

Ինքնագնահատականի մակարդակ խմբագրել

Բացահայտվել է, որ ինքնագնահատականի միջին մակարդակ ունեցող տղամարդիկ մեծ հավանականությամբ կնախընտրեն կոպիտ սխալ թույլ տված բարձր կոմպետենտությամբ մարդուն, այն դեպքում, երբ ինքնագնահատականի ցածր մակարդակով տղամարդիկ, որոնք, ակնհայտորեն, թույլ մրցակցային զգացմունքներ ունեն նման անձի նկատմամբ, նախընտրում են բարձր կոմպետենտությամբ չսխալվող մարդուն[1]:

Կիրառություն խմբագրել

Քաղաքականության մեջ խմբագրել

Իր «Հասարակական կենդանի․ Սոցիալական հոգեբանության ներածություն» գրքում Էլիոթ Արոնսոնը սխալի էֆեկտի առաջացման երկու օրինակ է բերում[1]: Ջոն Քենեդիի նախագահական ժամանակաշրջանում նրա անձնական հանրաճանաչությունը իսկապես մեծացավ 1961 թվականին՝ նրա՝ Խոզերի ծովածոցով Կուբա ներխուժելու անհաջող փորձից անմիջապես հետո: Տվյալ ակցիան ֆենոմենալ կոպիտ սխալ էր և անհապաղ ստացավ մինչև այսօր պահպանվող «ֆիասկո Խոզերի ծովածոցում» անվանումը: Միևնույն ժամանակ այդ գործողությունը ցույց տվեց, որ նախագահը, լինելով հաջողակ երիտասարդ քաղաքագետ և կատարյալ ընտանիքի մարդ, սխալ գործելով, կարծես դարձավ ավելի մարդկային, հետևաբար՝ ավելի համակրելի:

Սխալի էֆեկտի երկրորդ օրինակը կապված է մեկ այլ ամերիկացի նախագահի՝ Ռիչարդ Նիքսոնի անվան հետ: Ինչպես պարզ է դարձել Արոնսոնի հետազոտություններից, մարդկանց հատուկ չէ «միջիններին» համակրելը: Չկասկածելով այդ մասին՝ 70-ականների վերջին նախագահ Նիքսոնը, լինելով իր հանրաճանաչության գագաթին, փորձեց, չնայած անհաջող, ԱՄՆ Գերագույն դատարան անցկացնել երկու նոր, իրենց արժանիքներով միջակ դատավորի: Պաշտպանելով նրանց թեկնածությունը՝ ԱՄՆ սենատոր Ռոման Հրուսկան ապացուցում էր, որ այդ մարդիկ մտնում են «միջակների» մեջ, սակայն քաղաքացի-«միջակները» նաև ուզում են, որ ինչ-որ մեկը ներկայացնի իրեն Գերագույն դատարանում:

Մարքեթինգում խմբագրել

Մարքեթինգի բնագավառում մթերքների ուսումնասիրությունների ընթացքում պարզվել է, որ կարելի է վաճառել մթերքը, անգամ երբ վաճառողը զգուշացրել է մթերքի թերության մասին: Դրա հետ մեկտեղ պետք է հաշվի առնել, որ գնորդի կենտրոնացումը պետք է ցածր լինի, քանի որ հակառակ դեպքում մթերքի ցանկալիությունը և գնումների քանակը նվազում է: Նման պահվածքը բացատրվում է խարսխի էֆեկտով. գնորդը ընկալում է իրեն առաջինը ներկայացված դրական ինֆորմացիան, իսկ բացասականը ծառայում է միայն որպես լրացում:

Այդպիսի պահվածքը ցուցադրվել է գիտափորձի ժամանակ: Ուսանողների երկու խմբին առաջարկվել է շոկոլադի կոտրված սալիկ: Առաջին խումբը պիտի շուտով քննություն հանձներ, այնպես որ ուսանողների ուշադրությունը ցրված էր: Երկու խմբին էլ տեղեկացրել էին շոկոլադի հրաշալի համի և տրամադրված զեղչի մասին: Շոկոլադը փաթաթեթավորված էր թափանցիկ փաթեթում, այնպես որ ուսանողները տեսնում էին արատը: Այնուամենայնիվ, ուսանողները, որոնք զբաղված էին առաջիկա քննության մասին մտքերով, գնել էին երկու անգամ ավելի շատ շոկոլադի սալիկ, քան նրանց կոլեգաները ստուգողական խմբում[3]:

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 Аронсон Э. Общественное животное. Введение в социальную психологию. / изд. 7.; пер. с англ. М.: Аспект Пресс, 1998.
  2. Mettee, D. R., & Wilkins, P. C. (1972). When similarity" hurts": Effects of perceived ability and a humorous blunder on interpersonal attractiveness. Journal of Personality and Social Psychology, 22(2), 246.
  3. Ein-Gar, D., Shiv, B., & Tormala, Z. L. (2012). When blemishing leads to blossoming: The positive effect of negative information. Journal of Consumer Research, 38(5), 846—859.