Սուրբ Ստեփանոս Նախավկա
բազիլիկ
ՏեղադրությունՇիկահող գյուղ
ԱշխարհՍյունիք
Պատմություն
Հիմնվել է17-րդ դար

Շիկահողի Սուրբ Ստեփանոս Նախավկա եկեղեցի ,17-րդ դարում կառուցված հայկական առաքելական եկեղեցի Հայաստանի Սյունիքի մարզի Շիկահող գյուղի կենտրոնում:

Շիկահող գյուղը և նրա հուշարձանները

խմբագրել

Շիկահողը պատմական Հայաստանի Սյունիք նահանգի հնագույն գյուղերից է, Շիկահողք տարբերակով հիշատակվում է պատմիչ Ստեփանոս Օրբելյանի «Պատմություն նահանգին Սիսական» մեծարժեք աշխատությունում Կովսական գավառի Տաթևի վանքին հարկատու գյուղերի ցուցակում (Օրբելյան 1861, 377): Նշանավոր հայագետ Ղևոնդ Ալիշանը հաղորդում է նաև Վերին Շիկահող գյուղի գոյության վերաբերյալ (Ալիշան 1893, 101, 243, 287 – 288): Շիկահողը և նրա շրջակայքը հարուստ են հնագիտական և պատմաճարտարապետական հուշարձաններով: Հնագիտական ուսումնասիրությունները փաստում են, որ գյուղի տարածքում մարդն ապրել է վաղնջական ժամանակներից: Գյուղում հայտնաբերվել են մեծ թվով վաղ երկաթի դարի ժամանակաշրջանի դամբարանադաշտեր, որոնցից հայտնի են և պետական ցուցակում գրանցված են «Սպիտակ հողեր», «Կապեն արտ», «Թթու ջուր», «Կարմիր հողեր», «Քարաղբյուր», «Քարկտոր» կոչվող հնավայրերը, (Խնկիկյան 1973, 234): Այնուամենայնիվ գյուղում գերակշռողը միջնադարյան հուշարձաններն են, որոնք սփռված լինելով գյուղի վարչական սահմանների ողջ տարածքում՝ վկայում են, որ այստեղ միջնադարի բոլոր փուլերում գործել է բավականին խոշոր համայնք: Միջնադարյան բնակավայրերից են «Ղշլաղը», «Գեղցհանդը», «Վերին Գեղցհանդը» և «Աքլորի քարը»: Տեղացիները այն անվանում են «Որցակքար»: Շիկահողը հարուստ է նաև եկեղեցիներով ու միջնադարյան գերեզմանոցներով, ինչպես նաև, անտառի զանազան վայրերում ծվարած «մենավոր» խաչքարերով: Միջնադարյան հուշարձաններից են «Կոնասար» ամրոցը, «Տերտերանց» ջրաղացը, «Ձորի» եկեղեցին («Ծերիգղեցի»)1: Մի եկեղեցի էլ եղել է «Խրավանդ» կոչվող վայրում, իսկ կամարակապ միաթռիչք կամուրջը տարածաշրջանի 5 նմանատիպ միջնադարյան կամուրջներից մեկն է: Ցավոք, վերոնշյալ հուշարձանների մեծ մասը հիմնականում մեզ հասել են ավերված վիճակում, երբեմն միայն հիմքերն են նշմարվում:

Ս. Ստեփանոս Նախավկա եկեղեցին

խմբագրել

Եկեղեցին բարձունքի վրա կառուցված լինելու շնորհիվ իշխող դիրք է գրավում մյուս բոլոր կառույցների նկատմամբ և տեսանելի է գրեթե բոլոր կողմերից: Եկեղեցուց հարավ պահպանվել է փոքր գերեզմանաբակ: Ցավոք, եկեղեցին չունի շինարարական արձանագրություն, որտեղ նշված կլիներ կառուցման թվականը, սակայն ճարտարապետական առանձնահատկությունների հիման վրա կարելի է թվագրել 17-րդ դդ.: Ամբողջությամբ շարված է ճեղքված գետաքարերով և կրաշաղախով: Թաղածածկ սրահի հորինվածքով միանավ կառույց է: Այս տիպը, ճարտարապետական լուծումները և քարատեսակը բնորոշ են ուշմիջնադարյան Սյունիքի եկեղեցական ճարտարապետությանը, երբ սյունեցիները, օգտվելով համեմատաբար խաղաղ իրավիճակից, սկսեցին մոխրի միջից վեր հանել հոգևոր կյանքը ու գրեթե բոլոր գյուղերում կառուցվեցին եկեղեցիներ՝ գլխավորապես բազիլիկատիպ կառույցներ: Պատերն ունեն խոշոր ճեղքվածքներ: Իր ամբողջ երկայնքով ճեղքվածք ունի նաև եկեղեցու թաղը: Այդ երևույթը բնորոշ է նմանատիպ եկեղեցիներին, երբ որմնամույթերով ամուր կանգնած պատերը ծանրությունից ճկվում են դեպի դուրս՝ ճեղքվածք առաջացնելով տանիքին: Միակ մուտքը բացվում է հարավային ճակատի մեջ: Ունի հինգ պատուհան, որոնցից երեքը բացվում են արևելյան ճակատին, մեկը՝ հարավային և մեկը՝ արևմտյան ճակատներին: Պատուհանները նեքուստ անհամեմատ ավելի լայն են, քան արտաքուստ: Եկեղեցին ունի ընդարձակ թաղակապ սրահ, որի թաղը հենված է մեկ զույգ որմնամույթերից սկսվող կամարի վրա: Որմնամույթերը կամարաձև թռիչքներով կապված են նաև արևմտյան պատին և ավանդատներին: Խորանի երկու կողմերում փոքր մուտքերով ավանդատներն են: Ավանդատների առաստաղները բավականին ցածր են և չի բացառվում, որ դրանց վերևում լինեն դատարկ տարածություններ, որոնք ճարտարապետական տեսանկյունից կարևոր են ոչ միայն պատերին թեթևություն հաղորդելու առումով, այլև հաճախ օգտագործվել են որպես գաղտնարաններ կամ թաքստոցներ: Պայտաձև խորանն ունի 90 սմ բարձրությամբ բեմ, որի վրա տեղադրված է վեմքարը: Խորանի պատին առկա են 5 կամարաձև որմնախորշեր: Հյուսիսային պատին է որմնափոր մկրտարանը: Այն նույնպես ունի կամարաձև վերնամաս: Մկրտարանն ունի քառախորան եկեղեցու հատակագիծ հիշեցնող ավազանափոս: Մկրտարանի դիմաց՝ հարավային պատին, կա ևս մի նմանատիպ որմնախորշ: Եկեղեցու ներսում ողջ հատակը ծածկված էր հողի 5 – 20 սմ շերտով, սակայն տեղ-տեղ երևում են հատակ հիշեցնող քարեր: Սրահում կատարված աշխատանքների արդյունքում, ի վերջո ամբողջությամբ բացվեց գլաքարե հատակը, որը պահպանվել է գրեթե ամբողջական: Խորանը և ավանդատները նույնպես ունեն այդպիսի հատակ:

Հարդարանքներ

խմբագրել

Հարդարման տեսանկյունից եկեղեցին բավականին աղքատիկ է: Նրա պատերը զարդարում են երկրորդական օգտագործման ենթարկված մի քանի կոթողներ՝ հիմնականում ոչ ճիշտ դիրքերով ագուցված: Հարավային ճակատի արևմտյան եզրին, պատի մեջ առկա է խաչաքանդակ անմշակ բազալտ (լայն.՝ 30 սմ, երկ.՝ 110 սմ), որի մակերեսին փորագրված են երկու տարբեր չափերի խաչեր: Նմանատիպ քար (37x107 սմ) կա նաև արևմտյան ճակատին: Դրա վրա նույնպես երկու միանման, սակայն չափերով տարբեր խաչեր են: Հարթաքանդակված քարեր եկեղեցու ներսում չափազանց քիչ են՝ համաժամանակյա այլ եկեղեցիների համեմատ: Առանձնանում են խորանի բեմառէջքին ագուցված երկու նույնատիպ և նույնաչափ խաչքարերը: Դրանցից ձախակողմյանն ունի 60 սմ բարձրություն և 24 – 26 սմ լայնք: Դրա ավագ խաչի թևերն ավարտվում են զույգ ակնագնդերով: Խաչաթևերի կազմած չորս անկյուններում պատկերված են սեպաձև թևերով պարզ խաչեր: Խաչի տակ քանդակված է խաչաբարձ ձողը: Հորինվածքի վերին և ստորին հատվածներում առկա է արձանագրություն: Մյուս խաչքարի ավագ խաչն իր ձևով կրկնում է նախորդին: Ստորին թևի երկու կողմերում սեպաձև թևերով մեկական պարզ խաչ է պատկերված, իսկ վերին թևի երկու կողմերում վերադիր խաչաքանդակներ են: Խաչքարն ունի 60 սմ բարձրություն և 20 – 25 սմ լայնություն: Սա նույնպես ունի արձանագրություն: Երկու խաչքարերի արձանագրություններն էլ դժվարընթեռնելի են, սակայն դրանցից մեկի վրա հստակ ընթերցվում է թվագրությունը. «ՌԿԴ» (1615): Խաչքարի մի բեկոր (28x19) ագուցված է բեմառէջքի վերևում՝ քանդակազարդ երեսը դեպի վեր: Գլխավոր խաչից պահպանված միակ թևը ունի երկճյուղվող եզրեր, պատված է գծազարդերով: Նրա երկու կողմերում պատկերված են հավասարաթև խաչեր: Գերեզմանակոթողները Ս. Ստեփանոս Նախավկա եկեղեցու շուրջ ժամանակին գոյություն է ունեցել ընդարձակ գերեզմանոց, որից այսօր, ցավոք, պահպանվել է մի փոքր հատված՝ եկեղեցու հարավային կողմում: Այն, որ թաղումները արվել են ոչ միայն հարավային կողմում, այլ նաև՝ հյուսիսային ու արևելյան կողմերում, փաստվեցին պեղումների ընթացքում բացված թաղումներով, որոնց տապանաքարերը ժամանակի ընթացքում անհետացել են: Պահպանված տապանաքարերից առանձնանում են հետևյալները. 1) Ուղղանկյուն-զուգահեռանիստ տապանաքարը տարածքի ամենից ակնառու հուշակոթողն է՝ ոչ միայն իր աչքի ընկնող սպիտակ գույնի, այլև քարի հղկվածության ու գեղարվեստորեն բարձրարժեք զարդաքանդակների նուրբ մշակման շնորհիվ: Այն նշանավոր Մելիք-Նուբարյանց տոհմի ներկայացուցիչներից մեկի գերեզմանաքարն է: Գտնվում է եկեղեցու հարավային պատից 2 մ հեռավորության վրա: Ունի 124 սմ երկարություն, 64 սմ բարձրություն և 23 սմ լայնություն: Քարի հարավային նիստին քառատող արձանագրությունն է, որն առնված է քարը աջ, վերին ու ձախ կողմերից եզերող զարդագոտու մեջ: Տապանաքարի հյուսիսային նիստին՝ կամարաձև փորվածքի կենտրոնում, պատկերված է պարզ խաչ: Արևելյան կողերեսին երեք ուղղահայաց շարքով պատկերված վեցաթև ծաղիկներ են, իսկ արևմտյան կողերեսին բուրվառի պատկեր է: Տապանաքարի գագաթային մակերեսին պատկերված է գավազան՝ գնդաձև բռնակով: Արձանագրությունը հետևյալն է.

  ԱՅՍ Է ՏԱՊԱՆ ՇԻԿԱՀՈՂՑԻ Տ[Է]Ր ՄՈՎՍԷՍ Ք[Ա]Հ[Ա]Ն[ԱՅ]Ի ՍԻՐՈՒՆԱ[Զ]ԱՐԴ2 ՄԷԼԻՔ ՆՈՒԲԱՐԵԱՆՑԻ 13ԻՆ ՕՔ[ՈՍՏ]ՈՍԻ ՎԱԽՃԱՆԻ 18(7 ?)1 ԱՄԻ ԱՅՍ ՏԱՊԱՆԷՔԱՐՆ ՇԻՆԵՑԱՒ ՎԱՐԹԱՆ Տ[Է]Ր ՄՈՎՍԷՍԵԱՆ  

«ԱՅՍ Է ՏԱՊԱՆ ՇԻԿԱՀՈՂՑԻ Տ[Է]Ր ՄՈՎՍԷՍ Ք[Ա]Հ[Ա]Ն[ԱՅ]Ի ՍԻՐՈՒՆԱ[Զ]ԱՐԴ2 ՄԷԼԻՔ ՆՈՒԲԱՐԵԱՆՑԻ 13ԻՆ ՕՔ[ՈՍՏ]ՈՍԻ ՎԱԽՃԱՆԻ 18(7 ?)1 ԱՄԻ ԱՅՍ ՏԱՊԱՆԷՔԱՐՆ ՇԻՆԵՑԱՒ ՎԱՐԹԱՆ Տ[Է]Ր ՄՈՎՍԷՍԵԱՆ»: Մովսես քահանայի հիշատակը հավերժացնող այս արձանագրությունը փաստացի գրավոր աղբյուր է ոչ միայն Շիկահող գյուղի մասին, այլև՝ Մելիք-Նուբարյանց նշանավոր տոհմի: Արձանագրության մեջ նշված տարեթիվը պետական ցուցակում ֆիքսված է, որպես 1841, իսկ վկայագրի մեջ՝ 1971 (տապանաքարի վկայագիրը կազմվել է 1996 թ)3: Ուշագրավ է, որ նշվում է տապանաքարը պատրաստող վարպետի անունը՝ Վարթան Տեր-Մովսեսեան: Բացառիկ է, որ տապանը արձանագրության մեջ կոչվում է տապանէքար- տապանաքար ձևով: 2) Գտնվում է գերեզմանոցի արևմտյան եզրին: Այն 35x65 սմ չափեր ունեցող, թերմշակ սալ է: Ստորին սրացող մասը խոսում է այն մասին, որ այն ժամանակին կանգնած է եղել ուղղահայաց դիրքով, խրված հողի մեջ: Ուստի այն ավելի շուտ ոչ թե սալատապան է, այլ ուղղաձիգ գերեզմանաքար կամ գլխաքար, ինչպիսիք սովորաբար կանգնեցվում են տապանաքարերի վերնամասում: Սրա հարթեցված մակերեսին կա պատկերված փորագիր պարզ խաչ, որի թևերը եզրերում եռաճյուղվում են՝ նմանվելով եռաժանիների: 3) Գտնվում է նախորդի կողքին: Ունի գրեթե ուղղանկյուն կառուցվածք և նման է սալատապանի: Սակայն այն հանգամանքը, որ քարի ստորին կեսը զուրկ է որևէ պատկերից, ստիպում է ենթադրել, որ սա նույնպես ի սկզբանե կանգնած է եղել ուղղահայաց դիրքով՝ կիսով չափ խրված լինելով հողի մեջ: Քարի մակերեսին պատկերված են 6 միանման, հավասարաթև, պարզ խաչեր: Քարն ունի 43x75 սմ չափսեր: 4) Տձև եզրերով սալատապան է: Մակերեսի վերին աջ հատվածում խաչ է պատկերված, որի թևերը ավարտվում են զույգ ակնագնդերով: Ստորին թևի երկու կողմերում աստղեր են, իսկ վերին անկյուններում՝ 5 փոսիկներից կազմված նախշ: Խաչի տակ կա արձանագրություն՝ 5 տող, անընթեռնելի ձեռագրով: Դժվարությամբ կարելի է ընթերցել. «այս է տապան » բառերը և էլի մի քանի տառ: Քարի չափսերն են՝ 55 – 110 սմ: 5) Նույնպես անձև եզրերով, թերմշակ սալատապան է՝ ստորին հատվածը ունի 30 սմ լայնք, իսկ վերինը՝ 56 սմ, երկարությունը՝ 140 սմ: Քարի հարթ մակերեսին, գրեթե ողջ ծավալով փորագրված է խաչ, որից ներքև շրջան, խաչաբարձ ձող, երկաստիճան պատվանդան: Թևերի եզրերին և կազմած անկյուններին կան կորեր: Աջ խաչաթևի տակ կա հազիվ նշմարվող քառատող արձանագրություն, որից ընթերցվում է առաջին տողը. «ԳԻՐԳՈՐ»: Եկեղեցու մուտքի երկու կողմերում դրված են խաչքարերի մեկական բեկորներ: Դրանցից մեկը 15 – 16-րդ դդ. խաչքար է, որի ստորին մասը չկա: Ստորին թևը կոտրվածքի պատճառով բացակայում է, մյուս երեք թևերը ավարտվում են երկուական խոշոր ակնագնդերով: Աջ և ձախ թևերից ցած մեկական փոքր պարզ խաչեր են, իսկ վերևում մեծ խաչի կրկնողությամբ փոքր խաչեր: Խաչքարի քիվին կա երկտող արձանագրություն. ԽՏՐԻՇԱՅ: ԱՐԶ ՈԴ: Խաչքարի պահպանված առավելագույն բարձրությունը 48 սմ է, վերին մասի լայնությունը՝ 39 սմ, ստորին մասինը՝ 34 սմ, հաստությունը՝ 10 սմ: Մյուս քարը, թերմշակ գրանիտ է, կոտրված: Այն պարզ գերեզմանաքար է, ինչպիսիք մեծ տարածում են ունեցել ուշ միջնադարում: Պահպանվել են միայն ակոսագիծ պարզ խաչի ստորին թևը և աջ ու ձախ թևերի բոլորակները: Խաչի տակ կա եռատող արձանագրություն՝ հողմահարված և անընթեռնելի: Հստակ կարդացվում են առաջին երկու տառերը. «ես»4:

Կատարված աշխատանքները

խմբագրել

2012 թ. «Երկիր և մշակույթ » կազմակերպությունը (նախագահ՝ Գ. Գևոնյան) հանդես եկավ ծրագրով, ըստ որի նախատեսվում էր վերականգնել Շիկահողի Ս. Ստեփանոս Նախավկա եկեղեցին, բարեկարգել հարակից տարածքը: Նույն տարում ճարտարապետներ Ս. Նալբանդյանի և Ա. Բադիշյանի կողմից ամբողջությամբ չափագրվեց եկեղեցին, քարտեզագրվեց եկեղեցու շրջակա տարածքը, որից հետո կազմվել է եկեղեցու տեխնիկական վիճակի նկարագիրը և սեյսմիկ եզրակացությունը: Նախաձեռնող կողմի՝ ՀՀ Մշակույթի նախարարության Պատմամշակութային ժառանգության գիտահետազոտական կենտրոնին (այդ ժամանակ տնօրեն՝ Հ. Սիմոնյան) ուղղված նամակ- դիմումի հիման վրա կազմվում է արշավախումբ (ղեկավար՝ Ա. Նալբանդյան), ինչով և սկիզբ է դրվում Շիկահողի եկեղեցու ուսումնասիրման աշխատանքների նոր և հանգամանալից փուլին5: Մինչ պեղումներին անցնելը կատարվեցին տարածքի բուսածածկույթից մաքրման և, միաժամանակ, հետազոտման աշխատանքներ, որոնք տվեցին նշանակալի արդյունքներ: Մասնավորապես տանիքում կատարված աշխատանքների ժամանակ հայտնաբերվեցին խաչքարերի բեկորներ: Սև տուֆի մի բեկորի վրա (30x30 սմ) շրջանի մեջ առնված սեպաձև թևերով հավասարաթև խաչ է: Խաչապատկեր քար հայտնաբերվեց նաև խորանին: Պեղումներ իրականացվեցին ինչպես եկեղեցու ներսում՝ սրահի, խորանի և երկու ավանդատների տարածքում, այլև եկեղեցու շուրջ, հարավային տապանաբակի տարածքում և այն պատնեշող հենապատի հիմքերի մոտ:

Գտածոներ

խմբագրել

Պեղումների ընթացքում գտնված ամենազանգվածային նյութը, իհարկե, խեցեղենն էր, որը կարելի է բաժանել երկու մեծ խմբի՝ շինարարական և կենցաղային: Շինարարական խեցեղենը արտահայտվում էր մեծ մասամբ կիսափողրակաձև կղմինդրների, և խիստ սակավ՝ հարթ կղմինդրների տեսքով: Տանիքից հայտնաբերվեցին կիսափողրակաձև տիպի կարմրավուն մակերեսով հազարավոր կղմինդրներ՝ մեծ մասամբ բեկորային վիճակում: Քիչ չէին նաև ամբողջական կամ թերի պահպանված կղմինդրները: Դրանք ունեն 40 սմ երկարություն և մեծ մասամբ 12 – 16 սմ լայնություն, սակայն կան նաև 17 – 18 սմ լայնություն ունեցողները: Լայն եզրերում պատերը հաստ են՝ 2.5 սմ, իսկ նեղ եզրերում պատերի հաստությունը 1 սմ է: Յուրաքանչյուր կղմինդր եզրում ունի աննշան ներճկվածություն՝ կղմինդրաշարի հաջորդող կղմինդրին ամրանալու համար: Լայն եզրում դրանք ունեն մատնեքված երկար գծեր: Բացի կղմինդրից տանիքում գտնվեց 13.2 սմ երկարությամբ և լայն գլխիկով երկաթե խոշոր գամ, ինչպիսիք օգտագործվել են կղմինդրե ծածկը ամրացնելու նպատակով: Մեծ թիվ են կազմում տնտեսական խեցանոթների տարբեր տիպերի բեկորները, որոնց մեջ առկա են նաև սակավաթիվ 14 – 15-րդ դդ. ջնարակված բեկորներ: Բեկորների մի մասը կրում է պարզ զարդանախշեր, որոնք կարելի է առանձնացնել երկու խմբի. ա/ վերադիր զարդագոտի, որն իր հերթին պատված է փոսիկների կամ գծիկների շարքերով, բ/ սանրատամ գործիքով արված ալիքաձև կամ ուղիղ (կամ երկուսը միասին) նախշազարդեր: Ուշագրավ է նրբիրան, բարակ պատերով անոթի բեկորը, որն իր մակերեսին ունի կոճականման, շրջանաձև ելուստ: Գտնված կանթերը հիմնականում միջնադարին բնորոշ աղեղնաձև տիպի կանթեր են: Դրանց մեջ առանձնանում է ուղղաձիգ կառուցվածքով և դեպի դուրս լայնացող կանթը (երկարությունը՝ 9 սմ): Գտնվեց նաև շրջանաձև կտրվածքով, կորացող կառուցվածքով բռնակ: Այն, կարելի է ենթադրել ունեցել է հորիզոնական դիրք կամ եղել է խփի բռնակ: Երկարությունը՝ 9.3 սմ: Միջնադարյան այս կանթերին զուգահեռ հայտնաբերվեցին նաև մի քանի վաղբրոնզեդարյան գնդաձև կանթեր (Բադալյան 2015, 69 – 71, 85, 153 – 159): Դրանցից մեկը խոշոր տարայի պատկանող, մոխրագույն մակերեսով, լավ պահպանված կանթ է: Ունի 5.5 սմ բարձրություն և 2.8 սմ լայնություն: Երկրորդը շագանակագույն է, կոտրված և պատված այրվածքի հետքերով: Ունի 5.5 սմ բարձրություն և 2.7 սմ լայնություն: Երրորդ նմուշի մակերեսը կրեմագույն է, կոկափայլ, աստառը՝ գորշ, բարձրորակ թրծումով: Բեկորի չափսերն են 7x6 սմ, կանթի բարձրությունը՝ 4.5 սմ, լայնությունը՝ 2.5 սմ: Կուր-Արաքսյան մշակույթին բնորոշ կանթերի առկայությունը Շիկահողի եկեղեցու մոտ, 45 – 60 սմ խորությունում վկայում են, որ եկեղեցին կառուցվել է վաղագույն դամբարանադաշտի տարածքում, և դրանց հայտնվելը ուշմիջնադարյան գերեզմանների մակարդակում կարելի է բացատրել նրանով, որ թաղումները կատարելու ժամանակ շերտերը խաթարվել են և վաղ շերտերի հնագիտական իրերը հայտնվել են վերին շերտերում: Գտնվեցին սաջի մի քանի բավական փխրուն և քայքայվող բեկորներ, երեք տարբեր կարասների պատկանող բեկորներ: Դրանցից մեկը հաստ պատերով (2.3 սմ) խոշոր կարաս է, որի բեկորներից մեկի վրա կա միջանցիկ գայլիկոնված անցք: Մյուսը համեմատաբար նուրբ պատերով (պատերի հաստությունը 2սմ) լայնաբերան կարասի բեկորներ են: Թրծումը միջին որակի է, ավազախառն, մակերեսը բաց դարչնագույն է, տեղ-տեղ մրի հետքերով, աստառը՝ քայքայված: Երրորդ անոթից պահպանված է միայն մեկ բեկոր:Այն ուղիղ դրված, գագաթը հարթ կտրած շրթի հատված է, պատի հաստությունը՝ 2.5 սմ: Մակերեսը բաց դարչնագույն, թրծումը՝ միջին որակի, ավազախառն, դուրգի հետքերով: Ջնարակված բեկորները թեև քիչ են, սակայն կան մի քանի ուշագրավ նմուշներ և կարելի է ենթադրել, որ դրանք հիմնականում պատկանել են օղակաձև կարճ նստուկով թասիկների: Դրանցից մեկը հատակի հատված է, որի աստառը ամբողջությամբ պատված է սպիտակ ջնարակով: Աստառի կողմից ունի հորիզոնական և ուղղահայաց իրար հատվող ներճկված գծեր: Եվս մի բեկոր թե՛ իրանի և թե՛ աստառի կողմից պատված է բաց կապույտ ջնարակով: Աստառի կապույտ ֆոնի վրա սևով արված են կոր գծազարդեր: Բացի կենցաղային նշանակության կավե անոթների բեկորներից գտնվեցին կավե այլ իրեր ևս: Հատկապես աչքի է ընկնում կոկիկ մշակված, անիվանման, գորշադարչնագույն մակերեսով իլիկի գլխիկը, որի եզրերը կոր են, կողերը՝ ուռուցիկ: Ունի 5.2 սմ տրամագիծ, իսկ կենտրոնում գտնվող միջանցիկ անցքի տրամագիծը 0.8 սմ է (Բադալյան 2015, 226 – 227, 231): Եկեղեցու սրահում գտնված խեցեղեն իրերից առանձնանում է մուտքից աջ, մոտ 10 սմ խորությունում գտնված կավե ձիթաճրագը: Այն ունի մոտ 3.5 սմ բարձրություն, ուռուցիկ հատակ, կարճ պատեր և դեպի ներս ճկված շուրթ: Շրթի միհատվածում առկա է ծորակ, որը պատված է մրի և այրված ձեթի հետքերով: Շիկահողի պեղումներից հայտնաբերված այս միակ ճրագը իր զուգահեռներն ունի Հայաստանի մի շարք հուշարձաններում (Միրիջանյան 2019, 108 – 121): Մասնավորապես՝ նմանատիպ ճրագներ գտնվեցին Սյունիքի վերջին տարիներին պեղված ուշմիջնադարյան հուշարձաններում, ինչպիսիք են՝ Տեղի Ս. Գևորգ, Հին Գորիսի և Սրաշենի Ս. Հռիփսիմե եկեղեցիները: Կավե իրերից բացի գտնվեցին չափազանց հետաքրքիր այլ իրեր ևս, որոնցից առաջին հերթին պետք է նշել տանիքի հողահեռացման և ուսումնասիրման աշխատանքների ժամանակ հայտնաբերված երկաթե դաշույնը: Այն լավ է պահպանված, երկշեղբ է, ծայրը՝ սուր: Մեջտեղով՝ բռնակից մինչև ծայրը առկաէ ակոսագիծ: Բռնակը նույպես երկաթից է, սակայն պահպանված փայտի մնացորդները վկայում են, որ այն ունեցել է նաև փայտե մակերես: Պահպանվել են գամեր՝ երկու փոքր, որոնցով բռնակն ամրացվել է շեղբին և մեկ մեծ՝ փայտե մակերեսը երկաթին ամրացնելու համար: Դաշույնի ընդհանուր երկարությունը 43 սմ է, իսկ միայն շեղբինը՝ 33 սմ: Այն գոտու մեջ պահվող, 18-րդ դ. բնորոշ սուր է, ինչը մեծ կիրառություն ուներ այդ դարասկզբին ծավալված ազատագրական պայքարի ժամանակ: Մետաղական գտածոներից են նաև օղակաձև գլխիկով և կարճ՝ հավանաբար կոտրված, պոչով երկաթե բանալին (երկ.՝ 4.2 սմ), գամերը և այլն: Եզակի հայտնագործություն կատարվեց եկեղեցու հարավային ավանդատան պեղումների ժամանակ. այստեղ նախ գտնվեց ազնվացեղ եղջերուի եղջյուրից մոտ 18 սմ երկարությամբ, սակայն կոտրված գործիք, որի մի եզրում հարթ կտրված և հղկված է, իսկ մյուս՝ սուր եզրին նկատելի է օգտագործման հետևանքով առաջացած մաշվածությունը: Նույն ավանդատան արևելյան եզրի մոտ, ընդամենը 6 սմ խորությունից հայտնաբերվեց բրոնզից թասանման առարկա՝ միատող արձանագրությամբ՝ ՈՍԿԱՆԻ ՈՐԴԻ ՂՈՆՃԱՅ (ըստ Աճառյանի այս իգական անունը գործածվել է 15 – 18-րդ դդ. և ծագել է պարսկերեն «կոկոն» բառից, Աճառյան 1942, 145): Այն եկեղեցական նվագարան է, ինչպիսիք գործածական են եղել հատկապես Նոր Ջուղայում և դրա շրջակայքում: Ջուղայում այն պարզապես կոչում են «Զանգ» և օգտագործում տնօրհնեքների և հարսանիքների ժամանակ: Ինչպես հին լուսանկարներում և գեղանկարներում է երևում այն սովորաբար եղել է թափորի առջևով գնացող երեխայի ձեռքում և կարելի է ասել, որ դրանք օգտագործվել են ժողովրդին կոչ անելու, հաղորդելու թափորի ժամանելու լուրը: Այս նվագարաններն ունեցել են նաև ձող, որոնք կարճ պարանի միջոցով ամրացել են նվագարանի կենտրոնի անցքին ու նվագարանին հարվածելիս զրնգուն ձայն արձակել6: Մեր գտած նմուշն ունի ճեղք, բերանի բացվածքը՝ 9 սմ, 4 սմ բարձրություն:


ՕԳՏԱԳՈՐԾՎԱԾ ՍԿԶԲՆԱՂԲՅՈՒՐՆԵՐ ԵՎ ԳՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

ՕՐԲԵԼԵԱՆ1861 – Ստեփաննոս եպիսկոպոս Սիւնեաց, Պատմութիւն տանն Սիսական, Մոսկվա, 1861:

ԱՃԱՌԵԱՆ1946 – Աճառեան Հ., Հայոց անձնանունների բառարան, Հ. 3, Երևան, 1946:

ԱԼԻՇԱՆ 1893 – Ալիշան Ղ, Սիսական, Վենետիկ,1893:

ԲԱԴԱԼՅԱՆ 2015 – Բադալյան Ռ., Շենգավիթ, Կատալոգ, Հայաստանի պատմության թանգարան, Երևան, 2015:

ԽՆԿԻԿՅԱՆ 1973 – Խնկիկյան Օ. Հետախուզական պեղումներ Ղափանի շրջանում (1970 – 1971), «Պատմաբանասիրական հանդես», Երևան, 1973, N 3, էջ 234 – 240:

ՄԻՐԻՋԱՆՅԱՆ 2019 – Միրիջանյան Դ., Նալբանդյան Ա., Լուսավորության միջոցները թաղման ծեսում, «Բանբեր Հայագիտության», Երևան, 2019, N 3, էջ 108 – 121:


1 Հուշարձանների անունները վերցված են ՀՀ պետական ցուցակից՝ հաստատված 2002 թ.: 2 Վերծանումը՝ վիմագրագետ Ա. Հարությունյանի: 3 Պատմամշակութային ժառանգության գիտահետազոտական կենտրոնի արխիվ 4 Այս երկու քարերը, ինչպես պարզեցի տեղացիների հետ զրույցներից, այստեղ են տեղափոխվել Խրավանդ կոչվող հնավայրից: 5 Արշավախմբում բացի տեղացիներից կազմված բանվորական ջոկատից, ներգրավվում են նաև Ֆրանսիայից, ԱՄՆ-ից, Կանադայից, Անգլիայից և Ռուսաստանից ժամանած 17 անդամ-կամավորականներ՝ Արեն Բասմաջյանի խմբապետությամբ: 6 Մեր խորին շնորհակալությունն ենք հայտնում երաժշտագետ Ռուբեն Կնիասեանին և Արմեն Տեր-Կիւրեղեանին արժեքավոր տեղեկությունների և լուսանկարների տրամադրման համար:

Հնագիտություն, գիտական արշավախումբ, պեղումներ, եկեղեցի, հնագիտական գտածո, խեցեղեն, «զանգ»