Միքայել Մանուկյան (բժիշկ)
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Միքայել Մանուկյան (այլ կիրառումներ)
Միքայել Վլադիմիրի Մանուկյան (ապրիլի 15, 1975, Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ ուրոլոգ։ «Էրեբունի» բժշկական կենտրոնի գործադիր տնօրեն (2015)։ Բժշկական գիտությունների դոկտոր (2010)[1]։
Ծնվել է | ապրիլի 15, 1975 (49 տարեկան) |
---|---|
Ծննդավայր | Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Քաղաքացիություն | ԽՍՀՄ և Հայաստան |
Ազգություն | հայ |
Կրթություն | Երևանի Մխիթար Հերացու անվան Պետական Բժշկական Համալսարան (1997) |
Մասնագիտություն | ուրոլոգ |
Կոչում | բժշկական գիտությունների դոկտոր |
Կենսագրություն
խմբագրելԾնվել է 1975 թվականի ապրիլի 15-ին, Երևան քաղաքում, բժիշկների ընտանիքում։ 1997 թվականին ավարտել է Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանը։ 1997-1999 թվականներին կլինիկական օրդինատուրա է անցել Մոսկվայի բժշկական ակադեմիայի Սեչենովի անվան ուրոլոգիայի ամբիոնում «Ուրոլոգիա» մասնագիտությամբ, որն ավարտել է գերազանցությամբ։
1999-2002 թվականներին եղել է ՀՀ ԱՆ Առողջապահության ազգային ինստիտուտի Ս. Խ. Ավդալբեկյանի անվան ուրոլոգիայի ամբիոնի ասպիրանտ։ 2002-2004 թվականներին աշխատել է ՀՀ ԱՆ Առողջապահության ազգային ինստիտուտի Ս. Խ. Ավդալբեկյանի անվան ուրոլոգիայի ամբիոնում որպես ավագ լաբորանտ, 2004 թվականից՝ ուրոլոգիայի ամբիոնի ասիստենտ։
2002 թվականին պաշտպանել է «Երիկամների քարերի բուժման դիստանցիոն լիտոտրիպսիան» թեմայով թեզը՝ բժշկական գիտությունների թեկնածուի գիտական աստիճանի համար։
2005 թվականից «Էրեբունի» բժշկական կենտրոնի ուրոլոգիական կլինիկայի ղեկավարն է, որը զբաղվում է ուրոլոգիայի արդիական խնդիրներով, ինչպես նաև կանանց ուրոլոգիայի պրոբլեմներով։ 2007 թվականին նշանակվել է «Էրեբունի» բժշկական կենտրոնի վիրաբուժության գծով փոխտնօրեն[2], 2012 թվականին՝ «Էրեբունի» բժշկական կենտրոնի փոխտնօրեն, 2015 թվականին՝ «Էրեբունի» բժշկական կենտրոնի գործադիր տնօրեն[3]։
2010 թվականին պաշտպանել է դոկտորական ատենախոսություն «Դիստանցիոն լիտոտրիպսիան և միզածորանային կոնտակտային լիտոտրիպսիան միզածորանի քարերի բուժման ժամանակ» թեմայով։ 2011 թվականից Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի ուրոլոգիայի ամբիոնի պրոֆեսոր է։
Հեղինակ է ավելի քան 20 հրատարակված աշխատանքների, որոնցից մի քանիսը արտասահմանյան ամսագրերում։
Ձեռքբերումներ
խմբագրել- Բժշկական գիտությունների դոկտոր (2010),
- Անդամակցություն գիտական ընկերություններում և կազմակերպություններում,
- Ուրոլոգիայի եվրոպական ասոցիացիայի անդամ,
- Էնդուրոլոգների միջազգային միության անդամ,
- Ուրոլոգների հայկական ասոցիացիայի անդամ։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ «Supreme Certifying Committee». bok.am. Վերցված է 2023 թ․ օգոստոսի 31-ին.
- ↑ «Միքայել Մանուկյան».
- ↑ «Միքայել Վլադիմիրի Մանուկյան». www.erebunimed.com (անգլերեն). Վերցված է 2023 թ․ օգոստոսի 31-ին.