Մանկական էքսկուրսիոն-տուրիստական կայան

Մանկական էքսկուրսիոն-տուրիստական կայան ռուս.՝ Детская экскурсионно-туристическая станция , խորհրդային շրջանի արտադպրոցական հիմնարկ սովորողների հետ տարվող էքսկուրսիոն-տուրիստական և հայրենագիտական աշխատանքի կազմակերպման ու հրահանգչա-մեթոդական կենտրոն։ Աշխատել է ժողկրթության մարմինների ղեկավարությամբ, սերտ հարաբերության մեջ եղել կոմերիտական կոմիտեների, պիոներական կազմակերպության խորհուրդների, տուրիզմի գծով խորհուրդների հետ։

Երեխաների հետ տարվող էքսկուրսիոն-տուրիստական աշխատանքի խորհրդային առաջին հիմնարկը՝ ՌԽՖՍՀ լուսժողկոմատին կից դպրոցական էքսկուրսիաների բյուրոն, ստեղծվել է Մոսկվայում, 1918 թվականին։ Հետագայում վերափոխվել է լուսժողկոմատի Կենտրոնական փորձացուցադրական էքսկուրսիոն բազայի, որի հիմքի վրա 1936 թվականին բացվել է առաջին կենտրոնական մանկական էքսկուրսիոն-տուրիստական կայանը։

Խորհրդային իշխանության տարիներին Մանկական էքսկուրսիոն-տուրիստական կայաններ ստեղծվեցին բոլոր միութենական հանրապետություններում, մարզերում, երկրամասերում։ Մանկական էքսկուրսիոն-տուրիստական կայաններում ու դրանց օժանդակությամբ դպրոցներում կազմակերպվում են զբոսաշրջիկների, հայրենագետների, ճանապարհորդների խմբակներ, ակումբներ ու ընկերություններ, վարձութային բազաներ ու տուրիստական հանդերձանքի կետեր։

Մանկական էքսկուրսիոն-տուրիստական կայանի աշխատանքում կարևոր տեղ էին գրավում տարբեր կազմակերպությունների, հիմնարկների, ձեռնարկությունների հանձնարարությամբ կազմակերպվող արշավներն ու էքսպեդիցիաները։ Մանկական էքսկուրսիոն-տուրիստական կայանը մշակում էր էքսկուրսիոն-տուրիստական աշխատանքի բովանդակության, ձևերի, մեթոդների հարցերը։


Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 7, էջ 229