Մազուխ, կաթնամսաբրդատու կոպտաբուրդ ոչխարների հնագույն ցեղ։

Ստեղծվել է Հայաստանում ժողովրդական սելեկցիայի միջոցով։ Տեղական ոչխարներից ամենախոշորն է. մաքիների կենդանի միջին զանգվածը մոտ 53 կգ, իսկ խոյերինը 85-90 կգ է։ Տարեկան միջին բրդատվությունը 1,3 - 1,5 կգ է։ Բուրդը գունավոր է և ցածրորակ, ունի քստամազի ու մեռած մազի բարձր տոկոս։ Պտղատվությունը ցածր է, զույգ ծնող մաքիների թիվը՝ 3-5%։

Տարածված է գերազանցապես Հայաստանում՝ Գեղարքունիքի, Կոտայքի, Արագածոտնի և Շիրակի մարզերում։ Մաքուր վիճակում չի բուծվում։ Բրդատվությունն ու բրդի որակը բարելավելու նպատակով 1937 թ.-ից տրամախաչվում է նրբագեղմ տարբեր ցեղերով։

Խորհրդային շրջանում, Երևանի անասնաբուծական-անասնաբուժական ինստիտուտի մանր եղջերավոր անասնապահության ամբիոնի աշխատակիցներն Աբովյանի շրջանում Մազուխի նրբագեղմ խառնացեղերի և կիսանրբագեղմ ցեղերի տրամախաչումից ստացել էին «Հայկական կորիդել» տիպը, որն ունի մսատվության լավագույն հատկանիշներ և բարձր բրդատվություն (մաքիների միջին բրդատվությունը մոտ 4,5 կգ է)։


Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 7, էջ 132