Մագնիսական դաշտի ինդուկցիայի գծեր

Մագնիսական դաշտի ինդուկցիայի գծեր, Էլեկտրական դաշտի նման մագնիսական դաշտը նույնպես կարելի է պատկերել գրաֆիկորեն կառուցելով մագնիսական ինդուկցիայի գծերը։ Մագնիսական ինդուկցիայի գծեր կոչվում են այն գծերը, որոնց յուրաքանչյուր կետում ինդուկցիայի վեկտորն ուղղված է այդ կետում տարված շոշափողով։ Ինդուկցիայի գծերին վերագրում են ուղղություն, որը ցույց է տալիս, թե շոշափողի երկայնքով դեպի որ կողմն է ուղղված ինդուկցիայի վեկտորը։ Ինդուկցիայի գծերը պատկերացում են տալիս ոչ միայն դաշտի տարբեր կետերում ինդուկցիայի վեկտորի ուղղության, այլ մոդուլի մասին։

Ուղղագիծ հոսանքակիր հաղորդչի մագնիսական դաշտի ինդուկցիայի գծերը
Հոսանքակիր կոճի ինդուկցիայի գծերը
Հաստատուն մագնիսի ինդուկցիայի գծերը

Տարածության այն տիրույթներում, որտեղ ինդուկցիայի գծերն ավելի խիտ են պատկերված, ինդուկցիայի մոդուլն ավելի մեծ է։ Ինդուկցիայի գծերի ակնառու պատկերը կարելի է ստանալ երկաթի մանր խարտուքի օգնությամբ։ Մագնիսական դաշտում խարտուքի յուրաքանչյուր հատիկ մագնիսանում է և իրեն պահում է որպես փոքրիկ մագնիսական սլաք, դասավորվելով ինդուկցիայի համապատասխան գծի երկայնքով։ Նկարներում պատկերված են ուղղագիծ հոսանքակիր հաղորդիչի և հաստատուն մագնիսի մագնիսական դաշտերի ինդուկցիայի գծերը։ Մագնիսական դաշտը կարելի է զգալիորեն ուժեղացնել, եթե հոսանքակիր հաղորդիչը փաթաթվի պարույրի տեսքով։ Այդպիսի հոսանքակիր կոճն անվանում են սոլենոիդ (հունարեն «սոլեն»՝ խողովակ բառից)։ Եթե կոճի երկարությունը շատ մեծ է նրա լայնական հատույթի տրամագծից, ապա կոճի ներսում դաշտը գործնականում կարելի է համարել համասեռ (ինդուկցիայի գծերը միմյանց զուգահեռ են և ունեն նույն խտությունը)։ Կոճից դուրս դաշտը շատ նման է հաստատուն մագնիսի դաշտին։ Քանի որ տարածության յուրաքանչյուր կետում ինդուկցիայի վեկտորն ունի որոշակի ուղղություն, ապա, էլեկտրական դաշտի ուժագծերի նման, մագնիսական ինդուկցիայի գծերը նույնպես չեն կարող հատվել (հակառակ դեպքում հատման կետում ինդուկցիայի վեկտորը կունենար մեկից ավելի ուղղություն)։

Մագնիսական ինդուկցիայի փակ գծեր խմբագրել

Ի տարբերություն էլեկտրաստատիկ դաշտի ուժագծերի՝ մագնիսական ինդուկցիայի գծերը փակ են։ Դրանք ոչ սկիզբ ունեն և ոչ էլ վերջ։ Մագնիսական ինդուկցիայի գծերը փակ են, որովհետև բնության մեջ մագնիսական լիցքեր գոյություն չունեն։ Մագնիսական դաշտն առաջանում է էլեկտրական լիցքերի շարժման հետևանքով։ Այն դաշտը, որի ուժագծերը փակ են, կոչվում է մրրկային։ Մագնիսական դաշտը մրրկային է։ [1] [2]

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Հայկական կրթական միջավայր». Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ հունիսի 29-ին. Վերցված է 2014 թ․ օգոստոսի 16-ին.
  2. «Ֆիզիկա-Է. Ղազարյան, Ա. Կիրակոսյան, «Էդիթ Պրինտ», 2010». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հուլիսի 9-ին. Վերցված է 2014 թ․ օգոստոսի 16-ին.