ՄՌ-155 (ռուս.՝ МР-155), «Բայկալ» ապրանքանիշի կիսավտոմատ (ինքնալիցքավորվող) հրացան է՝ արտադրված Իժևսկի մեխանիկական գործարանում[1]։ Նախատեսված է որսորդության, ինչպես նաև ստենդային և պրակտիկ հրաձգության համար։ Իր նախորդի՝ ՄՌ-153֊ի զարգացումն է։

Կառուցվածք խմբագրել

ՄՌ-155 հրացանի հիմնական մասերն են. կոթը, փողատուփը, փողը, զարկաձգանային մեխանիզմը, գլանաձև պահեստատուփը, փակաղակը, փակաղակի շրջանակը, գազամխոցը (գազային շարժիչ), հետադարձի զսպանակը, փողակալը։

ՄՌ-155֊ը թողարկվում է 12 տրամաչափի 76 մմ և 89 մմ փամփշտանոցներով (փողը և փամփշտանոցը քրոմապատ են և նախատեսված են նաև «մագնում» տիպի փամփուշտների օգտագործման համար)։ Փողը պատրաստված է բարձրորակ զինագործական պողպատից, և իր վրա կրում է նշանոցային ձողիկ։ Հրացանը թողարկվում է 610, 660, 710 և 750 միլիմետր փողերով։ Պահեստատուփի տարողությունը 4 փամփուշտ է (հնարավորություն կա ընդլայնելու մինչև 8)։

ՄՌ-155֊ը ինքնալիցքավորվող հրացան է, որի փամփուշտները մատակաարվում են ենթափողային գլանաձև պահեստատուփից։ Վերալիցքավորումն իրականացվում է վառոդի այրման արդյունքում առաջացած գազերի հոսքի միջոցով։ Կրակոցից հետո փողին ամրացված գազախցիկով գազերը դուրս են գալիս և շարժման մեջ են դնում գազային շարժիչը, որն էլ իր հերթին հետ է շարժում փակաղակը՝ դուրս նետելով պարկուճը։ Զսպանակի օգնությամբ հետ վերադառնալով՝ փակաղակը փողի մեջ է հրում պահեստատուփից տրված փամփուշը և փակում է փողը։ Կրակոցից հետո նույնը կրկնվում է։ Վերջին կրակոցից հետո փակաղակը մնում է ետին դիրքում։

Փողատուփի ձախ կողմում տեղադրված լծակը հնարավորություն է տալիս անջատել փամփուշտների՝ պահեստատուփից մատակարարվելը, դրանով իսկ կրակողին թույլ տալով փոխարինել արդեն փողում գտնվող փամփուշտը։

Ոչ լրիվ քանդելը խմբագրել

  1. Քանդվում է պահեստատուփի պնդօղակը, և անջատվում է փողակալը։
  2. Փակաղակը հետ տանելով մոտ 2 սմ՝ անջատվում է փողը։
  3. Դուրս է քաշվում փակաղակի բռնակը, որից հետո դուրս է բերվում փակաղակի շրջանակը, գազային շարժիչը և փակաղակը։

Աղբյուրներ խմբագրել

  1. «Ինքնալիցքավորվող հրացան МР-155». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հոկտեմբերի 22-ին. Վերցված է 2016 թ․ հոկտեմբերի 18-ին.

Արտաքին հղումներ խմբագրել

  • МР-155 ― նկարագրությունը «Կալաշնիկով կոնցեռն»֊ի կայքում։