Ղազախական կերպարվեստ, Ղազախստանի տարածքում հայտնաբերված հնագույն հուշարձանները պալեոլիթի և նեոլիթի դարաշրջանին վերաբերող ժայռապատկերներն են։ Բրոնզի դարից պահպանվել են կենդանիների տոտեմական քանդակներ, որսի տեսարաններով ժայռապատկերներ, երկրաչափական զարդանախշերով կավե սափորներ։ Սկյութների մշակույթին կապված սակերի արվեստն առանձնանում է «կենդանական ոճին» բնորոշ իրական և ֆանտաստիկ կենդանիների պատկերումով։ Միջնադարյան (7-17-րդ դարերի) կերպարվեստը ներկայանում է տղամարդկանց, կանանց և կենդանիների քարե քանդակներով, կանանց բրոնզե արձանիկներով։ Այս շրջանից հայտնի են դեկորատիվ-կիրառական արվեստի նմուշներ (յուրդի ձևով կավե սափորներ, չջնարակված զարդանախշ և ջնարակված գունազարդ խեցեղեն, ինքնատիպ նախշազարդերով կաշվե, մետաղե իրեր և այլն)։ Յուրդի ինտերիերի հարդարանքում մեծ տեղ են գրավել նախշազարդ թաղիքե գորգերը (թեքեմենտներ, սրմակներ և այլն)։ Տարածված էր ասեղնագործությունը, փայտի փորագրությունը, կաշվի մշակումը, ոսկերչությունը և այլն։


Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 7, էջ 15