Ձկների գիրացում, ապրանքային (սեղանի) ձկների աճեցումը գիրացման լճերում։ Կարպային լճակային տնտեսություներում երկամյա շրջանառության դեպքում սովորաբար գիրացնում են 1 տարեկան մանրաձկներին, որոնք ունեն 25-30 գ միջին զանգված։ Ձմեռման լճերից վաղ գարնանը դրանց տեղափոխում են գիրացման լճեր։ Տեղափոխվող ձկների քանակը հաշվարկում են՝ ելնելով ջրամբարի բնական ձկնարտադրողականությունից, նախատեսվող քաշաճից, լրակերից և այլ գործոններից։ Կարպերը հիմնականում սնվում են կենդանական բենթոսով և պլանկտոնով։ Տնտեսության ինտենսիվ վարման դեպքում կիրառում են լրասնուցում։ Կարպի հիմնական կերերն են՝ հատիկը, ալյուրը, թեփը, քուսպը, խոտալյուրը, կենդանական և հանքային կերերը։ Ավելի լավ է պատրաստել հատիկավորված կերախառնուրդ։ Մանրած խառնուրդները թրջում են, լավ խառնում և խմորանման զանգվածի ձևով տալիս ձկներին։ Կարպերին կերակրում են օրը 1-2 անգամ, կերամաններով։ Կերը բաժանում են հարթահատակ նավակներով կամ կերաբաշխիչներով։


Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատված վերցված է «Գյուղատնտեսական հանրագիտարանից», որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում-Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։