Ձիերի հեծկան ցեղեր

Ձիերի հեծկան ցեղեր, Մարդու կողմից ստեղծված ցեղեր, որոնք նախատեսված են հեծնելու համար։ Հեծկան ցեղերը իրարից տարբերվում են համակազմվածքով, արտակազմվածքով և կենդանի զանգվածով։

Արաբական ցեղԽմբագրել

Այս ցեղի ծագումը ստույգ հայտնի չէ, հետազոտողների մեծամասնության կարծիքով արաբական ձին հարավ-պարսկական, նեսիական և հյուսիսաֆրիկյան ձիերի տրամախաչման արդյունքն է։ Ընդ որում, այս ցեզերը Արաբական թերակղզի մուտք են գործել արաբների արշավանքների (դեռ 7-րդ դարում) հետևանքով։ Մինչև անգլիական հեծկան զտարյուն ցեղի հանդես գալը՝ արաբական ցեղի նժույգներն իրենց տոհմային արժեքով աշխարհում համարվում էին առաջինները։ Արաբական ցեղի ձիերը երկարակյաց են, ունեն բարձր պտղատվություն, դիմացկուն են շոգ, չոր կլիմայի պայմաններին և երկարատև արշավանքներին։ Արաբական ձիերի համակազմվածքը նուրբ է և խիտ։ Արտակազմվածքը բնութագրում է ոչ մեծ, գեղեցիկ գլխով, արտահայտված շարժուն, խոշոր աչքերով, միջին բարձրության և երկար մնդավով, կարճ, ամուր մեջքով ու գոտկատեղով, լայն և խոր կրծքով, լայն, երկար հորիզոնական դրվածքի պոչով, բավականաչափ երկար, չոր լավ զարգացած հոդերով և ջլերով, ճիշտ դրվածքի ամուր սմբակներով և ոտքերով։ Արաբական ձիու մաշկը բարակ է, նուրբ մազածածկով արտահայտված արյունատար անոթներով, գերակշռող թուրը՝ աշխետ, շառատ և մոխրագույն։ Արաբական ցեզի ձիերի չափումների միջին ցուցանիշներն են բարձրությունը մնդավում՝152սմ, իրանի թեք երկարությունը՝ 150սմ, կրծքի փաթը՝ 177 և նախադաստակի փաթը՝ 18,7սմ։ Արաբական ձիերն աչքի են ընկնում իրենց արագավազությամբ։ Այս ցեղի մարզված լավագույն ձիերը 1600 մ անցնում են 1 րոպե 45,5 վայրկյանում։ Այս ցեղի ձիերն իրենց լավագույն հակությունները ժառանգաբար կայուն փոխանցում են սերունդներին։ Դրանով է պայմանավորվում այս ցեղի լայն օգտագործումը տարբեր ցեղերի ստացման և կատարելագործման համար։ Ռուսաստանում արաբական ցեղի ձիերին բուծում են Թերեքի ձիաբուծարանում։

Զտարյուն հեծկան ցեղԽմբագրել

Այս ցեղը ստացվել է Անգլիայում՝ վերարտադրական տրամախաչման եղանակով։ Անգլիական տեղական ձիերին տրամախաչել են Արևելքից ներմուծած արաբական, թուրքմենական, պարսկական, թուրքական և հյուսիսաֆրիկյան՝ բերբերական կամ վարվարական ցեղերի ձիերի հետ։ Տոհմասելեկցիոն աշխատանքների ընթացքում ստեղծել են կերակրման, պահվածքի լավագույն պայմանները և ընտրութունը տարել հատկապես ըստ սրընթացության։ Զտարյուն հեծկան ցեղի ձիերի համակազմվածքը նուրբ է չոր ունեն ներդաշնակ արագավազ ցեղերին բնորոշ արտակազմվածք, գլուխը համաչափ զարգացած, բավական չոր պարանոց՝ ուղիղ, բարակ, երկար, համաչափ զարգացած մկաններով, մնդավը բարձր է և թիակը երկար թեք դրվածքի մեջքն ու գոտկատեղը կարճ, ուղիղ, կուրծքը խոր, բավարար լայն, գավակը՝ երկար, հաճախ ուղիղ կամ թեթևակի թեք դրվածի, մկանոտ, ոտքերը ճիշտ դրվածքի, երկար լավ զարգացած հոդերով և ջլակապանային ապարներով։ Սմբակները միջին մեծության, ամուր, գերակշռող թույրը աշխետ, շառատ, սևադարչնագույն, սևաթույր։ Զտարյուն հեծկան ցեղի ձիերը բավականչափ խոշոր են, զամբիկների չափումների միջին ցուցանիշներն են. բարձրությունը մնդավում՝ 159 սմ, իրանի թեք երկարությունը՝ 159 սմ, կրծքի փաթը՝ 183 և նախադաստակի փաթը՝ 19,4 սմ։ Զտարյուն հեծկան ցեղի ձիերն ունեն մեծ արագավազություն և տոհմային արժեք։ 1000մ տարածությունն այս ցեղի ռեկորդակիրներն անցնում են 53,8 վայրկյանում, 1600 մետր՝ 1 րոպե 31,8 վայրկյանում, իսկ 3200 մետրը՝ 3 րոպե 18,2 վայրկյանում։ Զտարյուն հեծկան ցեղը, շնորհիվ իր բարձր աշխատունակության և տոհմային հատկությունների, լայնորեն օգտագործվում է ձիերի տեղական ցեղերի բարելավման, ինչպես նաև նոր ցեղերի ստացման համար։

Ախալթեքինյան ցեղԽմբագրել

Ախալթոքինյան ցեղը պատկանում է հեծկան ցեղերին։ Այս ցեղի ծագման մասին հավաստի տեղեկություններ չկան, հնէաբանների տվյալներով ախալթեքինյան ձիերի ստեղծման աշխատանքներով Միջին Ասիական կանրապետությունների ժողովուրդները մասնավորապես թուրքմենները սկսել են զբաղվել դեռ մեր թվարկությունից առաջ (4-3-րդ դարերում)։ Ցեղի ստեղծման հիմնական օջախը եղել է Թուրքմենիայում գտնվող Ախալթեքինյան օազիսը, որտեղից էլ ստացել է իր անունը։ Ենթադրվում է, որ այս ցեղի ստեղծմանը մասնակցել են ասորական հին պարսկական և արևելյան ծագման այլ ցեղեր։ Երկարատև ընտրությունը արագավազության ուղղությամբ, շոգ, չոր կլիմային և արոտների բացակայությունը նպաստել են ախալթեքինյան ցեղի ձևավորմանը, որը պահանջկոտ է կկերակրման և պահվածքի նկատմամբ։ Արոտների բացակայության պատճառով այս ցեղի ձիերին պահում են կապած վիճակում և կերակրում առվույտի խոտով, հատիկային կերերով և նույնիսկ հացով։ Ախալթեքինյան ձիերն ունեն չոր-նուրբ համակազմվածք, կայտառ վառվռուն խառնվածք, ոչ մեծ, քիչ ուռուցիկ ճակատով գլուխ, խոշոր, արտահայտիչ աչքեր. բարակ երկար հաճախ «եղջերուի պարանոցաձևի» վիզ, բարձր մնդավ, երկար երբեմն փափուկ մեջք, ոչ լայն կուրծք, հավաք փոր, երկար չոր զարգացած ջլակապանային ապարատով ոտքեր։ Այս ցեղի ձիերի մոտ նկատվում են մարմնակազմվածքի թերություններ, երկար մեջք, նեղ կուրծք, հետևի ոտքերի թրաձևություն, իքսաքձևություն և այլն։ Զամբիկների միջին չափումներն են. բարձրությունը մնդավում՝ 154 սմ, իրանի թեք երկարությունը՝ 156, կրծքի փաթը՝ 172 և նախադաստակի փաթը 18,7 սմ։ Այս ձիերի սրընթաց են ունեն ազատ, սահում վազք, աշխատունակությունը բարձր է։ 1000 մետրն արշավով անցնում են 1 րոպե 0,7 վայրկյանում և 3200 մետրը՝ 4 րոպե 42 վայրկյանում։

Ղարաբաղյան ցեղԽմբագրել

Հնդարյան հեծկան ցեղերից է։ Ստեղծվել է Լեռնային Ղարաբաղի սարահարթում տարածված տեղական ձիերի և պարսկական ու թուրքական, իսկ հեսագայում էլ արաբական ցեղերի ձիերի երկարատև տրամախաչման շներհիվ։ Ղարաբաղի շոգ, չոր կլիման լավագույն լեռնային արոտավայրերը ստեղծել են հիանալի պայմաններ ձիաբուծության համար։ Այս ցեղի առավել արժեքավոր ձիերը գտնվել են խաների և ազնվատոհմ հարուստ ընտանիքների ձիաբուծարաններում, որտեղից էլ տարածվել են Անդրկովկաս, Իրան, Լեհաստան, Ֆրանսիա և Եվրոպական այլ երկրներ։ Այս ցեղի լավագույն հովատակները գտնվել են նաև ռուսական կայսերի ձիանոցներում։ 1956 թ. խորհոդային կառավարությանը Անգլիայի թագավորական ընտանիքին նվիրել է Ղարաբաղյան ցեղի Զաման հովատակին, որից ստավել է բազմաթիվ բարձրարժեք սերունդ։ Ղարաբաղյան ձին արտակազմվածքով կտրուկ տարբերվում է Կովկասի այլ ցեղերի ձիերից։ Նա խոշոր չէ, բայց ունի շատ չոր և ներդաշնակ արտակազմվածք։ Գլուխը միջին մեծության է, բարձր դրվածքի, պարանոցը ոչ շատ երկար, լավ արտահայտված մնդավով, մաշկը բարակ, մուրբ, բարակ մազածածկույթով։ Թուրը հիմնականում աշխետ. շառատ, գորշ, հարդագույն է։ Այս ցեղի ձիերի պահվածքը կուլտուրական-երամակային է։ Տոհմային աշխատանքը նպատակամղված է նոր հիմնադրմանը, աշխատունակության բարձրացմանը և լավագույն կենդանիների ընդլայնված վերարտադրությունը[1]։

ԾանոթագրություններԽմբագրել

  1. Յու. Մարմարյան և ուրիշներ, Անասնաբուծության հիմունքներ, Ասողիկ հրատարակչություն, Երևան, 2001թ.