Հռիփսիմյան օրիորդաց դպրոց (Շուշի)

Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Հռիփսիմյան օրիորդաց դպրոց (այլ կիրառումներ)

Շուշիի Հռիփսիմյան օրիորդաց միջնակարգ դպրոցը հիմնվել է 1876-ին՝ վարդապետ Արիստակես Սեդրակյանի ջանքերով։

Դպրոցը 1877-ին ունեցել է 4 ուսուցիչ և 70 աշակերտուհի։ 1881-ին աշակերտուհիների թիվը հասել է 120-ի։

Ըստ Լեոի, բացումից մեկ տարի անց Հռիփսիմյան դպրոցը իր ճակատագիրը կապել է թեմական դպրոցի հետ, լինելով նրան կից։

1884-ին այս դպրոցը եղել է բավականաչափ պատկառելի մի ուսումնական հաստատություն՝ իր 13 ուսուցիչ-ուսուցչուհիներով և 171 աշակերտուհիներով։ Ունեցել է միջնակարգի դասընթաց։ Հայ մյուս դպրոցների հետ միասին այն ևս 1885-ին փակվել է։ Վերաբացվել է 1886-ի հոկտեմբերին՝ որպես երկդասյան իգական դպրոց։ Տեսուչն է եղել Մովսես Սամվելյանը, ուսուցիչները՝ Գաբրիել Գյուլիքևխյանը, Եկատերինա Մելիք-Սարգսյանը, Զարուհի Արզումանյանը, Ելենա Առաքելյանը, Գալիլյա Հովակիմյանը և Նարիման Փիրումյանը։

1888-ին ունեցել է 199 աշակերտուհի։

1896-ին փակվել է, 1906-ի փետրվարին վերաբացվել։ 1908-09 ուստարում ունեցել է 5 բաժանմունք, որոնցում սովորել է 218 հոգի, դրանցից 29՝ տղաներ[1]։

Գրականություն խմբագրել

  • Լեո, «Ղարաբաղի թեմական դպրոցի պատմություն», էջ 385-386։
  • «Մեղու Հայաստանի», 1885, թիվ 63։
  • «Դպրոց», 1875-76, թիվ 4, էջ 133։
  • «Արարատ», 1878, ԺԲ, էջ 458։

Աղբյուրներ խմբագրել

  1. Ս. Կ. Խուդոյան (1987). Արևելահայ դպրոցները 1830-1920 թվականներին. Երևան: «Լույս». էջ էջ 377-378.