Հռիփսիմյան վարժարան (Կարին)

Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Հռիփսիմյան վարժարան (այլ կիրառումներ)

Հռիփսիմյան վարժարան, օրիորդաց դպրոց։ Հիմնվել է 1870-ին, Կարինում, Ս. Աստվածածին եկեղեցու տարածքում, Հարություն եպիսկոպոսի նախաձեռնությամբ։ Նախապես կոչվել է Թարգմանչաց վարժարան, այնուհետև՝ Հռիփսիմյան վարժարան։ Դպրոցը պահվել է ուսման վարձով, եկեղեցու, Հռիփսիմյան օրիորդաց միության և Կարնեցիներու ուսումնական միության նվիրատվություններով։ Սկզբում եղել է նախակրթարան, 1912-ից գործել է միջն. դպրոցի ծրագրով։ Ուներ 8 դասարան (աշակերտների թիվը տատանվել է 200-450-ի սահմանում)։ 1910-ին վարժարանին կից հաստատվել է վարժուհանոց՝ Գ. Աբուլյանի տնօրինությամբ, գործել է նաև արհեստանոց։ Դասավանդվել է հայոց լեզու, գրակ., պատմություն, կրոն, ֆրանս., երկրաչափություն, տիեզերագիտություն, բուսաբանություն, կենդանաբանություն, առողջապահություն, հոգեբանություն, մանկավարժություն, ֆիզիկա, քիմիա, ձեռագործ։ Իր գոյության ընթացքում Հռիփսիմյան վարժարան որոշակի դեր է խաղացել հայուհիների կրթական մակարդակի բարձրացման, արհեստների զարգացմանը նպաստելու, նախակրթարանի համար վարժուհիներ պատրաստելու գործում։ Վարժարանի ուսուցիչներ են եղել Տ. Աղամալյանը, Գ. Կարապետյանը, Հ. Լուսպարոնյանը, Ռոստոմը, Ռ. Քաջբերունին, Հ. Մկրտչյանը, Հ. Օդաբաշյանը։ Շրջանավարտներից են Վարսենիկ Շամլյանը, Երանուհի Մոմճյանը և ուրիշներ։ Գործել է մինչև 1914 թ.։

Այս հոդվածի նախնական տարբերակը կամ նրա մասը վերցված է Հայկական համառոտ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։

Գրականություն խմբագրել

  • Չարըգ Ղ., Հուշամատյան Բարձր Հայքի. Կարինապատում, Բեյրութ, 1957։