Հույզերի ինֆորմացիոն տեսություն
Հույզերի ինֆորմացիոն տեսություն, հույզերի հոգեբանական տեսություն՝ մշակված Պավել Սիմոնովի կողմից։ Հիմնական գաղափարն այն է, որ հույզերի որակը անհրաժեշտ է դիտարկել վարքի արդյունավետության տեսանկյունից։ Հույզերի զգայական բազմազանությունը հանգում է ակտիվ գործելու հնարավորության կամ անհնարինության արագ գնահատման հմտությանը։ Այս տեսության տեսանկյունից «հույզը հանդիսանում է մարդու կամ կենդանիների որոշակի ակտուալ պահանջմունքի (նրա մեծության և որակի) և դրա բավարարման հավանականության (հնարավորության) արտացոլումը գլխուղեղում, որը գլխուղեղը գնահատում է գենետիկական և նախկինում ձեռք բերված փորձի հիման վրա»[1]։
Պայմանական ռեֆլեքսի և հույզի կապ
խմբագրելՍիմոնովը գրում է, որ պահանջմունքներըը, հակումները, հույզերի նյարդային ապարատի դրդումը, գործողություններն իրենցից ներկայացնում են ադապտիվ վարքի ինքնուրույն օղակներ։ Այս օղակներից յուրաքանչյուրը ունի իր իր հարաբերական ինքնուրույն անատոմիական ներկայացուցչությունը գլխուղեղում։ Հույզերը կարևոր դեր են խաղում հարմարողական վարքի կազմակերպման ժամանակ։ Կենդանիների և թռչունների մոտ հուզական արձագանքման նյարդային կենտրոնները կարող են ակտիվացվել ոչ պայմանական ռեֆլեքսի մեխանիզմով։ Սիմոնովն հուզական ռեակցիաների ուսումնասիրման ժամանակ ընդգծում է այն հարցի կարևորությունը, արդյո՞ք հետազոտողը գործ ունի բուն հույզերի հետ, թե՞ ռեֆլեկտոր ակտը սահմանափակվում է համապատասխան շարժողական ստերեոտիպի վերարտադրմամբ։ Նույնիսկ բնածին, հույզերի ոչ պայմանական ակտիվացիայի ժամանակ նկատելի է նրանց էական տարբերությունը մյուս ոչ պայմանական ռեֆլեքսներից։ Տարբերությունն այն է, որ հուզական ռեակցիաները չունեն միանշանակ և դրանց անպայմանորեն առաջացնող առիթ։ Հուզական ռեակցիաների մեծամասնությունն ունի մարելու կարողություն՝ հուզական գրգռիչների կրկնվելու զուգընթաց։ Պայմանական ռեֆլեքսի հուզական-վեգետատիվ բաղադրիչները էական փոփոխություն են կրում դրանց ձևավորման և կայունացմանը զուգընթաց։ Բարձրագույն նյարդային գործունեության ուսումնասիրությունների ժամանակ նկատվեց, որ ամբողջ պայմանառեֆլեքսային ակտի ձևավորման սկզբանական փուլը բնութագրվում է նրա աֆֆերենտ և էֆֆերենտ օղակների գեներալիզացիայով։ Պայմանական ռեֆլեքսի այս գեներալիզացիոն փուլը հանդիսանում է պրագմատիկ անորոշության հետևանք։ Օրինակ, սննդի հետ զանգի առաջին համադրումից հետո կենդանու մոտ ոչ մի երաշխիք չկա, որը սննունդը կհայտնվի ճիշտ նույնքան ժամանակ հետո, նույն տեղում, նույն որակով, որ սննդի ձեռքբերումը կպահանջի նույնքան ֆիզիկական ջանքեր և էներգետիկ ծախսեր։ Հիպոկամպը հոգեֆիզիոլոգների կողմից դիտարկվում է որպես «պրագմատիկ անորոշության դետեկտոր»։
Հույզերի պրոբլեմի վերաբերյալ Սիմոնովի մոտեցումը պատկանում Բարձրագույն նյարդային գործունեության ուսումնասիրման պավլովյան ուղղությանը։ Պավլովը սահմանել է դինամիկ ստերեոտիպ հասկացությունը որպես պատասխան ռեակցիաների կայուն համակարգ, որը ձևավորվում է ներքին և արտաքին ազդանշանների համակարգի կայուն պահպանվող ազդեցության տակ։ Սիմոնովը նշում է, որ Պավլովը կարողացել է գտնել հույզերի հիմնական հատկանիշը՝ նրա առաջացումը պրագմատիկ անորոշության պայմաններում և աստիճանական մարումը դինամիկ ստերեոտիպի առաջացմանը զուգընթաց։
Հույզերի առաջացման օրենք
խմբագրելՀույզը գլխուղեղում պահանջմունքի և դրա բավարարման հավանականության արտացոլումն է՝ հիմնված գենետիկական և նախկինում ձեռք բերված անհատական փորձի վրա։ Հույզերի առաջացման օրենքը կարելի է ներկայացնել հետևյալ ձևով՝
Հ = -Պ × (Իանհրաժեշտ — Իառկա), որտեղ՝
- Հ-ն հույզն է, նրա աստիճանը, որակը և նշանը,
- Պ-ն ակտուալ պահանջմունքն է, նրա ուժը և որակը,
- Իանհրաժեշտ-ը այն ինֆորմացիան է, որն անհրաժեշտ է տվյալ պահանաջմունքի բավարարման համար իրականացվող գործողությունների կազմակերպման համար,
- Իառկա-ն այն ինֆորմացիան է, որն առկա է և մարդը կարող է օգտագործել նպատակաուղղված գործունեության համար։
Բանաձևը ցույց է տալիս հույզի, պահանջմունքի և պրագմատիկ ինֆորմացիայի քանակական հարաբերակցումը, որն էլ պայմանավորում է նպատակի ձեռքբերման հավանականությունը։ Սակայն դժվարություններ են առաջանում այն ինֆորմացիայի քանակական գնահատման ժամանակ, որն անհրաժեշտ է տվյալ պահանջմունքի բավարարման համար։ Գոյություն չունի մի ապարատ, որը կգնահատի ինֆորմացիայի արժեքը։ Առավել հուսալի գնահատման չափանիշ կարող էլինել այն սխալների գումարային մեծությունը, որը սուբյեկտն արել է հարմարողական գործողությունների տվյալ փուլում։ Համակարգը, որը սխալներ թույլ չի տալիս, դիտարկվում է որպես միանգամայն ինֆորմացված։
Հույզը կախված է նաև մի շարք այլ գործոններից, որոնց թվին են դասվում՝
- սուբյեկտի անհատական առանձնահատկություններ,
- ժամանակային գործոն, որից կախված հուզական ռեակցիան կարող է ձեռք բերել զարգացող աֆֆեկտի բնույթ,
- պահանջմունքի որակական առանձնահատկություններ և այլն։
Հույզերի գործառույթներ
խմբագրելԱրտացոլող-գնահատող գործառույթ
խմբագրելԿենդանի համակարգերի վարքն ուղղված է այն ազդեցությունների մինիմալիզացմանը, որոնք կարող են առաջացնել բացասական հույզեր և առավելագույնին հասցնել դրական հուզական վիճակները։ Մինիմալիզացիան ունի սահման մինչև 0՝ հոմեոստազի վիճակ։ Մաքսիմալիզացիայի համար սահման չկա, քանի որ այն տեսականորեն իրենից ներկայացնում է անվերջություն։ Դրական հույզերի պահպանման ձգտումը թելադրում է Պ=0 վիճակում երկար չմնալ։ Պահանջմունքը կենդանի օրգանիզմների ընտրողական կախվածությունն է միջավայրային գործոններից, որոնք էական են ինքնապահպանման և ինքնազարգացման համար։ Դրանք հանդիսանում են կենդանի համակարգերի ակտիվության աղբյուր, շրջապատող աշխարհում նրանց վարքի դրդող գործոններ։ Այս տեսանկյունից վարքը կարելի է սահմանել որպես կենսագործունեության հատուկ ձև, որը կարող է փոփոխել արտաքին օբյեկտի հետ կոնտակտի հավանականությունը և տևականությունը՝ բերելով օրգանիզմի մոտ առկա պահանջմունքի բավարարմանը։
Տեղափոխող գործառույթ
խմբագրելՖիզիոլոգիական տեսանկյունից հույզն իրենից ներկայացնում է գլխուղեղի մասնագիտացված կառուցվածքների համակարգերի ակտիվ վիճակ, որը դրդում է վարքը փոխել այդ վիճակի մինիմալիզացիայի կամ մաքսիմալիզացիայի ուղղությամբ։ Տեղափոխող ֆունկցիան հատկապես վառ արտահայտվում է դրդապատճառների մրցակցման, դոմինանտող պահանջմունքի առանձնացման ժամանակ, որը դառնում է նպատակաուղղված վարքի վեկտոր։ Հույզերի կախվածությունը ոչ միայն պահանջմունքի մեծությունից, այլ նաև դրա բավարարման հավանականությունից, միանգամայն դժվարեցնում է դրդապատճառների միջև առկա մրցակցությունը, ինչի արդյունքում հաճախ վարքն ուղղվում է առավել քիչ կարևոր, սակայն հասանելի նպատակի ձեռքբերմանը։
Ամրապնդող գործառույթ
խմբագրելԱյս գործառույթի կարևորությունը հատկապես ընդգծվում է Բարձրագույն նյարդային գործունեության մասին հասկացությունների համակարգում, քանի որ հենց ամրապնդման փաստից են կախված ցանկացած պայմանական ռեֆլեքսի ձևավորումը, գոյությունը, մարումը և առանձնահատկությունները։ Ամրապնդում ասելով հասկանում են կենսաբանորեն նշանակալի գրգռիչի ազդեցությունը, որը ազդանշանային նշանակություն է տալիս այլ, նրա հետ համադրվող, սակայն կենսաբանական տեսանկյունից ոչ էական գրգռիչին։ Հույզերի գլխուղեղային մեխանիզմների ներառումը պայմանական ռեֆլեքսների մշակման գործընթացին ակնհայտ է դառնում գործիքային պայմանական ռեֆլեքսների պարագայում, որտեղ ամրապնդումը կախված է պայմանական ազդանշանին սուբյեկտի ռեակցիայից։ Ենթադրվում է, որ այս դեպքում անմիջական ամրապնդումը հանդիսանում է ոչ թե պահանջմունքի բավարարումը, այլ ցանկալի գրգռիչների ձեռքբերումը կամ անցանկալի գրգռիչներից ազատումը։
Կոմպենսատորային գործառույթ
խմբագրելՀույզերը, որոնք բնորոշվում են գլխուղեղային հատուկ կառուցվածքային համակարգերի ակտիվ վիճակով, ազդում են այլ համակարգերի վրա, որոնք կարգավորում են վարքը, արտաքին ազդանշանների ընկալման գործընթացները, օրգանիզմի վեգետատիվ ֆունկցիաները։ Հուզական լարվածության առաջացումը ուղակեցում է վարքի այլ ձևերին, ազդում արտաքին աշխարհի գնահատման և արձագանքնման սկզբունքների վրա։ Այս երևույթի էությունը կարելի է բացատրել Ալեքսեյ Ուխտոմսկու դոմինանտի մասին ուսմունքով։ Դոմինանտի կարևոր հատկությունը, որն ընդգծվում է կոմպենսատորային գործառույթի շրջանակներում, հուզական լարված իրավիճակներում արտաքին գրգռիչների մեծ բազմազանությանը միևնույն ռեակցիայով պատասխանելու ընդունակությունն է։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ Симонов П. В. Эмоциональный мозг. — М.: Наука, 1981. — С. 20.
Գրականություն
խմբագրել- Анохин П. К. Эмоции. — БМЭ, т. 35. М., 1964. Асратян Э. А. К физиологии подкрепления условного рефлекса.—Журн. высш.
- Симонов П. В. Эмоциональный мозг. — М.: Наука, 1981. — С. 20.
- Психология эмоций. Тексты / Под ред. В. К. Вилюнаса, Ю. Б. Гиппенрейтер. — М.: Изд-во Моск. ун-та, 1984. —288 с.