Հորդորակ, աշխույժ, խանդավառ, արագ ընթացքով (տեմպով) կատարվող երգ։ Մոտավորապես համապատասխանել է եվրոպական Allegro-ին (նրա միջնադարյան ըմբռնմամբ)։ Ծագում է հայերեն «հորդոր» բառից։ Հորդորակի ժանրը զարգացել է հայկական հին գուսանական և քաղաքային երգ-երաժշտության մեջ՝ ներկայացնելով «ծանր» կամ «քաշ» երգերին հաջորդող ու ժիր կշռույթով և զվարթ տրամադրությամբ կերպարային հակադրություն ստեղծող կտոր։ Հորդորակը հայկական քաղաքային երաժշտության մեջ կենցաղավարում է նաև մեր օրերում (օրինակ՝ «Սիրուհիս, քեզ համար» ծորերգին հետևող «Աղջիկ դու սիրուն» կայտառ հատվածը)։ Հայ հոգևոր երգարվեստում հորդորակը կարող է ավարտել երկու, երեք, չորս, երբեմն էլ ավելի համարներից բաղկացած երգաշարը։ Հանդիպում է գանձարաններում՝ ամփոփելով գանձ-տաղ-մեղեդի շարքը։ Հայ եկեղեցական երաժշտության մեջ նշանավոր է ջրօրհնեքի կանոնի «Այսօր ձայնն հայրական» հորդորակը։

Այս հոդվածի նախնական տարբերակը կամ նրա մասը վերցված է Հայկական համառոտ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ CC-BY-SA-icon-80x15.png