Հնոց, շոգեգեներատորի կամ վառարանի մաս՝ օրգանական վառելիքների այրման և բարձր ջերմաստիճանի ծխագազեր ստանալու համար։ Այրումից ստացված ջերմությունն այնուհետև փոխակերպվում է էլեկտրական կամ մեխանիկական էներգիայի կամ էլ օգտագործվում տեխնոլոգիական և այլ նպատակներով։ Շոգեգեներատորի հնոցում այրման արգասիքների ջերմությունը հաղորդվում է հնոցի պատերին տեղադրված էկրանային խողովակներին, որոնցով հոսում է բանող մարմինը (ջուր, գոլորշի), վառարանների հնոցում՝ ջերմային մշակման ենթարկվող նյութերին, կամ պարզապես օգտագործվում է ջեռուցման համար։ Ըստ վառելիքի այրմաև ձևի հնոցները բաժանվում են երկու հիմնական խմբի՝ շերտային և խցավոր։ Շերտային հնոցում, որը մատուցվում է տարբեր կառուցվածք ունեցող կրակավանդակի վրա, իսկ այրման համար անհրաժեշտ օդը՝ կրակավանդակի տակ։ Օդը վարից վեր անցնում է վառելիքի ամբողջ շերտով, որտեղ էլ կատարվում է հիմնական այրումը։ Շերտային հնոցի տարատեսակ է եռացող շերտով հնոց։ Շերտային հնոցով հանդերձվում են մինչև 10 կգ/վրկ արտադրողականության շոգեգեներատորները։ Վառելիքի այրման խցային եղանակի կիրառմամբ վերացվեցին շոգեգեներատորների միավոր հզորության վրա դրվող սահմանափակումները, և հնարավորություն ստեղծվեց օգտագործել նույնիսկ ցածրորակ վառելիք։ Ցցավոր հնոցում այրում են գազային, հեղուկ, ինչպես նաև փոշիացված պինդ վառելիք (քարածուխ, ֆրեզտորֆ), որը նախապես մաքրվում, չորացվում ու փոշիացվում է փոշեպատրաստման համակարգում։ Գազային վառելիքի այրումը նախապատրաստում չի պահանջում, իսկ հեղուկ վառելիքը հնոց է մատուցվում բոցամուղների միջոցով, փոշիացված վիճակում։ Ըստ հնոցային պրոցեսի աերոդինամիկայի, խցավոր հնոցները լինում են՝ ջահային և մրրկային։ Զահային հնոցային պրոցեսի ժամանակ ածխափոշին այրման համար
անհրաժեշտ օդի հետ միասին այրիչներով ներփչվում է այրման խուց, որտեղ վառելիքը կախված վիճակում այրվում է։ Այրման պրոցեսը սահմանափակվում է հնոցային տարածությամբ և վառելիքի մասնիկի՝ հնոցում մնալու տևողությամբ։ Մրրկային հնոցային պրոցեսի ժամանակ ածխափոշին կամ վառելիքի մանրուքը (4÷6 մմ չափերի) այրվում է օդագազային հոսքում և կանոնավոր շրջապտույտ կատարում շրջահոսելի ձև ունեցող հնոցում կամ նախահնոցում։ Շնորհիվ հնոցների կոնստրուկտիվ առանձնահատկությունների, վառելիքի այստեղ մնալու տևողությունը գրեթե չի սահմանափակվում։ Մրրկային հնոցում, օդագազային հոսքի կայուն շրջապտույտի շնորհիվ ապահովվում է մեծ տուրբուլենտություն, և մեծանում է հնոցային պրոցեսի ջերմազանգվածափոխանակությունը։ Ածխափոշով աշխատող հնոցում խարամերը հեռացվում են չոր կամ հեղուկ վիճակում՝ կախված մոխրի դյուրահալությունից, իսկ ծխագազերը՝ ծխաքարշի օգնությամբ։ Գազանթափանց էկրանների կիրառման դեպքում օդի մատուցումն ու ծխագազերի հեռացումը կատարվում են օդափոխիչի օգնությամբ։ Այս դեպքում հնոցային խուցը գտնվում է 3÷5 կն/մ² ճնշման տակ։ Շոգեգազատուրբինային տեղակայանքների շոգեգեներատորների հնոցում ճնշումը կարող է հասնել մինչև 0, 6÷2, 5 Մն/մ²։ Խցավոր հնոցով հանդերձվում են մինչև 7000 կգ/վրկ և ավելի արտադրողականությամբ շոգե գեներատորներ։ Հնոցի աշխատանքի բնութագրիչներից մեկը նրա ելքում ծխագազերի ջերմաստիճանն է որը, վառելիքի տեսակից կախված, տատանվում է 1000~1250 °C տիրույթում։ Հնոցային սարքերի աշխատանքի արդյունավետության և տնտեսավետության բնութագրերն են 1. հնոցային ծավալի ջերմային լարվածությունը՝ Q/V (Մվտ/մ³, Գկալ/մ³ ժամ), որտեղ Q-ն ջերմային հզորությունն է, V-ն՝ հնոցային խցի ծավալը, 2. հնոցային խցի կտրվածքի ջերմային լարվածությունը՝ Q/F (Մվտ/մ², Գկալ/մ² ժամ), որտեղ F-ը հնոցի կտրվածքի մակերեսն է, իսկ շերտային հնոցի դեպքում՝ այրման հայելու մակերեսը, 3. տաքացման մակերևույթի ջերմային լարվածությունը՝ Q/H (Մվտ/մ²), որը գնահատում է էկրանների օգտագործման արդյունավետությունը. Q-ն 1 կգ վառելիքի այրումից էկրանների կողմից ճառագայթմամբ ընկալված ջերմության քանակն է (Մջ/կգ), H-ը՝ ճառագայթումն ընկալող մակերեսը։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 6, էջ 494)։