Հյուսիս-սիբիրական դաշտավայր

Հյուսիս-սիբիրական (Թայմիրի) ցածրավայր (ռուս.՝ Се́веро-Сиби́рская (Таймы́рская) ни́зменность), ցածրադիր դաշտավայր Ենիսեյի և Օլենյոկի ստորին հոսանքների շրջանում։ Երկարությունը 1400 կմ է, լայնությունը՝ 600 կմ։ Ցածրադիր ճահճացած հարթավայր է 200-300 մ բարձրությամբ հարթակատար բլրաշարերով։ Կան ջերմակարստային լճեր։ Խոշոր լիճը Թայմիրն է։ Տարածված է հավերժական սառածությունը։ Կլիման մերձարկտիկական-ցամաքային է, հունվարի միջին ջերմաստիճանը -30°C-ից մինչև -37°C է, հուլիսինը՝ 6-10°C, տարեկան տեղումները՝ մինչև 300 մմ։ Հյուսիս-սիբիրական դաշտավայրով են հոսում Խատանգան սկզբնավորող վտակները և Անաբարը։ Բուսականությունը տունդրային և անտառատունդրային է։ Կան նավթի, գազի և քարածխի հանքավայրեր։

Դաշտավայրի ռելիեֆը


Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 6, էջ 452