Հղիության թեստ
Հղիության թեստ, ընթացակարգ, որը թույլ է տալիս վաղ փուլում որոշել կնոջ հղիության նշանները։ Հղիության հետազոտությունը կատարվում է ինչպես մարմնի հեղուկների (մեզի, արյան), այնպես էլ ուլտրաձայնային մեթոդով։
Պատմություն
խմբագրելԳիտականորեն հիմնավորված հղիության առաջին թեստերից մեկը նապաստակի թեստն է, որի դեպքում սեռահասուն նապաստակին ներարկել են հետազոտվող կնոջ մեզը, ինչից հետո կատարվել է կենդանու դիահերձում, և արձանագրվել են ձվարանների փոփոխություններ[1]։ Մինչև 1960-ական թվականները հղիության թեստը իրականացվում էր միայն լաբորատորիաներում։
1967 թվականին Մարգարետ Քրեյնը՝ «Organon» դեղագործական ընկերության ամերիկյան բաժանմունքի 26-ամյա գրաֆիկական դիզայները, ստեղծել է շարժական և հեշտ օգտագործվող «Predictor» թեստային հավաքածուն (անգլ.՝ Predictor), որը նախատեսված էր մանրածախ վաճառքի համար։ Նրա ղեկավարները հավանություն չեն տվել գյուտին, բայց հայտնել են Հոլանդիայում գտնվող «Akzo»-ի գլխավոր կազմակերպությանը, որտեղ գյուտի նկատմամբ հետաքրքրություն են ցուցաբերել։ 1968 թվականին նա անձամբ է ներկայացրել գյուտը՝ առանց հրավերի ներկայանալով «Organon»-ի խորհրդակցությանը, որը նվիրված էր հղիության տնային թեստին։ Տարբեր մարդկանց ներկայացրած տարբերակներից ընտրվել է Քրեյնի տարբերակը։
1969 թվականին «Organon»-ը Մարգարեթ Քրեյն անունով արտոնագիր է գրանցել «գյուտարար» սյունակում, ընդ որում՝ Մարգարեթը գյուտի համար ստացել է 1 դոլար, իսկ գյուտարարի մասին տեղեկատվությունը ոչ մի տեղ չի հրապարակվել։ Ավելի ուշ՝ 2012 թվականին, Մարգարեթը աճուրդում ներկայացրել է թեստային հավաքածուի առաջին օրինակը, որը պահել էր իր տանը, և այն գնել է Ամերիկայի պատմության ազգային թանգարանը։ Դրանից հետո Մարգարեթը հայտնի է դարձել հանրությանը[2]։
«Կանխատեսող» թեստը Կանադայում վաճառքի է հանվել 1971 թվականին, իսկ ԱՄՆ-ում համաձայնությունները ձգձգվել են 5 տարի։ ԱՄՆ-ում թեստի վաճառքից ստացված եկամուտն առաջին չորս տարում կազմել է 40 միլիոն դոլար, իսկ գյուտարարը ոչինչ չի ստացել[2]։
Գործողության սկզբունք
խմբագրելՀղիության որոշման համար չափվում է կնոջ ՄԽԳ (մարդու խորիոնային գոնադոտրոպին) հորմոնի մակարդակը[3][4], որը ստուգվում է մեզի կամ արյան միջոցով։ Ձվաբջջի բեղմնավորումից և խորիոնի (ապագա ընկերք) ձևավորումից հետո արյան մեջ ՄԽԳ-ի կոնցենտրացիան օրական կրկնապատկվում է՝ ամենաբարձր մակարդակին հասնելով 20-րդ շաբաթում, այնուհետև աստիճանաբար նվազում է։ Արյան մեջ ՄԽԳ-ի մակարդակի արագ աճը նկատվում է բեղմնավորումից 7-8 օր հետո։ Հղիության դեպքում մեզի մեջ ՄԽԳ-ի մակարդակը դաշտանի ուշացման առաջին օրը կազմում է 25-100 mIU/mL, մինչդեռ ոչ հղի կանանց մոտ 5 mIU/mL է[3]։
Տնային թեստերը որակական են, այլ ոչ թե քանակական։ ՄԽԳ-ի մակարդակը որոշվում է թեստի շատ կամ քիչ զգայունակությամբ, այնպես որ հնարավոր են սխալներ[3]։
Հղիության առկայության և դրա ենթադրվող ժամկետների վերաբերյալ առավել ճշգրիտ տվյալներ ստացվում են արյան մեջ ՄԽԳ-ի մակարդակի լաբորատոր հետազոտությամբ։ Երակային արյան ֆերմենտային իմունային անալիզը որոշում է հորմոնի ճշգրիտ մակարդակը (արյան նմուշառման պահին)[3]։
Հետաձգված դաշտանի երկրորդ շաբաթից սկսած՝ պտուղը կարելի է ճանաչել ուլտրաձայնային հետազոտության միջոցով, երբ բեղմնավորված ձվաբջջի չափը կես սանտիմետրից ավելի է[3]։
Ճշգրտություն
խմբագրելԽանութներում վաճառվող հղիության թեստերը, որոնք կատարվում են տանը փորձառու կանանց կողմից, միջին հաշվով 91% ճշգրտություն են ապահովում, ինչը քիչ է տարբերվում լաբորատոր հետազոտության ճշգրտության աստիճանից (97,4%)։ Եթե թեստը օգտագործվում է ոչ փորձառու սպառողի կողմից, ճշգրտության մակարդակը նվազում է մինչև 75%։ 1998 թվականին հրատարակված հետազոտության հեղինակները նշել են, որ թեստն օգտագործող կանանց մեծ մասը չի հասկացել կամ չի հետևել թեստերի հրահանգներին։ Սխալ օգտագործումը կարող է հանգեցնել ինչպես կեղծ-բացասական, այնպես էլ կեղծ դրական արդյունքի[5]։
Կեղծ դրական արդյունքի հնարավոր պատճառները (թեստը ցույց է տալիս դրական արդյունք հղիության բացակայության դեպքում)[3].
- ՄԽԳ պարունակող դեղերի ընդունում,
- կանանց վերարտադրողական օրգանների ուռուցքների և այլ պաթոլոգիաների առկայություն,
- հղիության ինքնաբուխ ընդհատում,
- աբորտից հետո մի քանի օր։
Կեղծ բացասական արդյունքի հնարավոր պատճառները (հղիության առկայության դեպքում թեստը ցույց է տալիս բացասական արդյունք)[3].
- ժամանակից շուտ անցկացված թեստ, անկանոն դաշտանային ցիկլ,
- ոչ շաքարային դիաբետ, երիկամների պաթոլոգիա և այլ հիվանդություններ, որոնց դեպքում ՄԽԳ-ն ավելի վատ է արտազատվում մեզի հետ,
- թեստավորումից առաջ հեղուկների կամ միզամուղների ընդունում,
- ժամկետանց թեստ կամ հրահանգներին չհետևել։
Թեստի տարածում
խմբագրելԱմենատարածված թեստը շերտավոր թեստն է, որի վրա հղիությունը նշվում է երկու գծով, իսկ բացակայությունը՝ մեկ։ Թեստի անգույն երկրորդ շերտի վրա տեղակայված են ՄԽԳ-ի նկատմամբ հատուկ հակամարմիններ։ Եթե թեստի անցկացման պահին կնոջ մեզի մեջ նրա խտությունը բավականին մեծ է, հակամարմիններով հատվածը գունավորվում է, և ի հայտ է գալիս երկրորդ գծիկը[3]։
Թեստերի մեծ մասը նախատեսված է մեզի մեջ ՄԽԳ-ի 2 mIU/mL-ից բարձր կոնցենտրացիայի համար։ Դա բավարար է ուշացման առաջին օրը հղիության մասին իմանալու համար։ Որպես կանոն՝ ուշացման հինգերորդ օրվանից սկսած՝ հղիության նորմալ ընթացքի պարագայում թեստն անմիջապես ցույց է տալիս «դրական արդյունքը»[3]։
Կան ավելի զգայուն թեստեր, որոնք արձագանքում են հորմոնի 10 mIU/mL-ին և ցույց են տալիս հղիությունը ակնկալվող դաշտանի օրվանից 3-4 օր առաջ[3]։
Տնային Էքսպրես թեստի փորձարկումը ցանկալի է իրականացնել առավոտյան, երբ ՄԽԳ խտությունը առավելագույնն է։ Թեստից առաջ պետք է խուսափել մեծ քանակությամբ հեղուկների և միզամուղ միջոցների օգտագործումից։ Թեստը կարող է սխալ ցույց տալ անկանոն դաշտանային ցիկլի, շաքարային դիաբետի և օրգանիզմի այլ առանձնահատկությունների դեպքում։ Անհրաժեշտ է նաև խստորեն հետևել հրահանգներին և ստուգել թեստի պիտանելիության ժամկետը[3]։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ Теребнева Л. А. История тестов на беременность и современные способы определения беременности малого срока(ռուս.) // Gynecology : журнал. — 2015. — В. 2. — Т. 17. — С. 50—54.
- ↑ 2,0 2,1 Катерина Архарова (2019 թ․ մայիսի 18). ««Мужчины думали, что это аморально»». BBC (ռուսերեն). Վերցված է 2019 թ․ մայիսի 19-ին.
- ↑ 3,00 3,01 3,02 3,03 3,04 3,05 3,06 3,07 3,08 3,09 3,10 Мартиросова
- ↑ «Тесты для определения беременности на ранних сроках – надежные помощники современной женщины» (ռուսերեն). ИА УНИАН. 2017 թ․ մարտի 31. Վերցված է 2017 թ․ ապրիլի 3-ին.Կաղապար:Не АИ
- ↑ Bastian et al., 1998
Գրականություն
խմբագրել- Bastian, L.A. Diagnostic efficiency of home pregnancy test kits։ A meta-analysis։ [англ.]։ [арх. 6 декабря 2008] / L.A. Bastian, K. Nanda, V. Hasselblad … [et al.] // Archives of Family Medicine։ j. — 1998. — Vol. 7, no. 5. — P. 465–469. — doi։10.1001/archfami.7.5.465. — PMID 9755740.
Արտաքին հղումներ
խմբագրել- Մարինա Սոլովյովա (2013 թ․ մարտի 2). «Հղիության թեստեր». Կանանց ակումբ. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ օգոստոսի 29-ին. Վերցված է 2009 թ․ նոյեմբերի 30-ին.
- julia727 (2015 թ․ հունվարի 19). «Հղիության թեստեր». Sibmama. Սիբիրյան ընտանեկան կայք.
{{cite web}}
: CS1 սպաս․ թվային անուններ: authors list (link) - «Ինչպիսի՞ն են լինում հղիության թեստերը». Մայրիկին՝ երեխայի մասին.
- Մարտիրոսովա, Իրինա (2019 թ․ ապրիլի 22). «Արդյոք կարող է հղիության թեստը սխալ ցույց տալ». Լիզա (ռուսերեն). Վերցված է 2019 թ․ օգոստոսի 1-ին.
{{cite web}}
: CS1 սպաս․ url-status (link) - «How do pregnancy tests work?». Compound iNTEREST (անգլերեն). Association of British Science Writers. 2018 թ․ նոյեմբերի 9. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 1-ին.
{{cite web}}
: CS1 սպաս․ url-status (link)