Հիրոսիմայի ստվերներ, էֆեկտ, որն առաջացել է ատոմային ռումբի պայթյունի լուսային ճառագայթման արդյունքում։ Հիրոսիմայի ստվերները ուրվապատկերներ են ճառագայթված ֆոնին այն տեղերում, որտեղ ճառագայթմանը խանգարել են մարդկանց, կենդանիների մարմինները կամ այլ առարկաներ։ Էֆեկտն իր անվանումը ստացել է ճապոնական Հիրոսիմա քաղաքի անվանումից, որտեղ 1945 թվականի օգոստոսի 6-ին առաջին անգամ երևացել են այդպիսի գոյացություններ։

Երևույթը համանման է սովորական ստվերի առաջացմանը. ճառագայթման ճանապարհին հայտնվում է ինչ-որ առարկա, որը ճառագայթումից փակում է իր առջև գտնվող մակերևույթի հատվածը։ Ատոմային պայթյունի ժամանակ ճառագայթման ինտենսիվությունն այնքան մեծ է, որ շատ մակերևույթներ փոխում են իրենց գույնն ու հատկությունները։ Օրինակ, ասֆալտի ծածկույթը մգանում է և դառնում խորդուբորդ, իսկ ներկված մակերևույթը վառվում է[1]։ Հիրոսիմայում մարդիկ, որոնք անպաշտպան էին մնացել լուսային ճառագայթումից, խոր այրվածքներ են ստացել և շպրտվել հարվածային ալիքից` թողնելով ստվերային հետքեր։ Շատերը դրանից հետո կենդանի են մնացել, սակայն որոշ ժամանակ անց մահացել են այրվածքներից, ճառագայթումից ու ստացած վնասվածքներից։ Շատերն էլ վառվել են պայթյունի հետևանքով առաջացած հրդեհից ու կրակի պտտահողմից։ Հիրոսիմայում պայթյունի էպիկենտրոնը եղել է Այոյ կամուրջը, ուր մնացել են 9 մարդու ստվերներ։

Համանման երևույթներ կարող են դիտարկվել նաև քիմիական պայթյունների և ուժգին հրդեհների ժամանակ, երբ հրդեհից հետո հայտնաբերված ածխացած դիակները ծածկում են չվառված և պայթյունի նյութերով չծածկված հատակի ու պատերի մակերևույթը։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Действие ядерного оружия. М., Воениздат, 1963. С. 333—336