Հիվանդությունների բնական օջախայնություն

Հիվանդությունների բնական օջախայնություն, որոշ վարակիչ հիվանդություններ առանձնահատուկ են նրանով, որ դրանց հարուցիչները գոյություն ունեն բնության որոշակի տարածքում՝ մարդկանցից կամ ընտանի կենդանիներից անկախ, և մակաբուծում են վայրի կենդանիների օրգանիզմներում։ Նման հիվանդություններն ընդունված է անվանել բնական օջախային, իսկ տարածքը, որտեղ հանդիպում են դրանց հարուցիչները, բնական օջախներ։ Բնական օջախները սովորաբար պահպանվում են երկար ժամանակ։

Վարակում խմբագրել

Բնական օջախային հիվանդությունների հարուցիչները շղթայական են, անընդհատ շրջանառում են վայրի կենդանիների (հաճախ՝ կրծողների և թռչունների) միջև։ Կենդանիներից կենդանիներին և կենդանիներից մարդուն դրանք փոխանցվում են միջատների, հիմնականում տզերի, որոշ հիվանդությունների դեպքում, նաև ջրի, սննդի միջոցով։ Մարդը կամ ընտանի կենդանիները բնական օջախային հիվանդություններով կարող են վարակվել՝ պատահմամբ բնական օջախ ընկնելով։ Մարդկանց բնական օջախային հիվանդությունների շարքին են դասվում (ըստ Ե. Պավլովսկու, ով առաջինն է մշակել և առաջ քաշել (1938 թվական) բնական օջախայնության վերաբերյալ ուսմունքը) ժանտախտը, տուլարեմիան, տզային և մոծակային գլխուղեղի բորբոքումը, լեպտոսպիրոզը, արյունահոսական տենդը, մաշկային լեյշմանիոզը, տզային բծավոր տիֆը և այլն։ Գոյություն ունեն նաև ընտանի կենդանիների որոշ հիվանդությունների (կատաղություն, դաբաղ, տրիխինելոզ, էխինոկոկոզ և այլն) բնական օջախներ։

Կանխարգելում խմբագրել

Մարդու և ընտանի կենդանիների բնական օջախային հիվանդությունների կանխարգելման առավել արդյունավետ միջոց է վարակի աղբյուր հանդիսացող արյունածուծ փոխանցողների և կրծողների ոչնչացումը, ինչպես նաև ակտիվ իմունացումը, օրինակ՝ ժանտախտի, տուլարեմիայի, գլխուղեղի բորբոքման դեմ։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբանական տարբերակը վերցված է Հանրամատչելի բժշկական հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։  
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 6, էջ 426