Հին կռիվը (Հովհաննես Թումանյան)

«Հին կռիվը», Հովհաննես Թումանյանի՝ հայրենասիրական-քաղաքական թեմայով գրված պոեմներից է, որն անավարտ է մնացել։

«Հին կռիվը»
ԺանրՊոեմ
ՀեղինակՀովհաննես Թումանյան
ԵրկիրՀայաստան
Բնագիր լեզուՀայերեն
Գրվել է1890 թվական
ՎիքիդարանՀին կռիվը

Պատմություն խմբագրել

Պոեմը սկսկել է գրել 1890 թվականին՝ «Մեհրի» պոեմի գրմանը զուգըթնաց[1]։ Ինչպես փաստերը ցույց են տալիս, պոեմի վրա բանաստեղծն աշխատել է երկար տարիներ, բայց այդպես էլ չի ամբողջացրել։ Բանասիրական մի շարք տվյալների համաձայն նյութի մտահաղացումը կար դեռևս 90-ական թվականներին։ Պոեմի մասին Թումանյանը հիշատակում Է 1902 թվականին Փ. Վարդազարյանին ուղղված իր մի նամակում[2]։ Պոեմի բոլոր 5 մասերը («Տանը», «Ճամփին», «Երկրում», «Հրդեհը», «Ժողովրդի մեջ») 1911թ. այլ ձեռագրերի ու թղթերի հետ վերցվել են ժանդարմական վարչության կողմից խուզարկության ժամանակ և այլևս ամբողջապես չեն վերադարձվել[2]։ Պոեմի հինգ մասերից պահպանվել են միայն երկուսը, իսկ մյուսները կորել են նշված խուզարկության ժամանակ գրողի բնակարանում[3]։

Պոեմի կառուցվածքը խմբագրել

Պոեմը կազմված է եղել հինգ մասից, իսկ 1911 թվականին գրողի տան խուզարկությունից հետո մնացել են միայն երկուսը («Տանը» և «Ճամփին»), որոնք կոչված են երգեր։ «Տանը» երգն իր հերթին կազմված է նախերգանքից և ութ մասերից, իսկ «Ճամփին» երգը կազմված էնախերգանքից և չորս մասերից, իսկ «Ճամփին» երգից պահպանվել է միայն նախերգանքը, որը «Հայոց լեռներում» բանաստեղծությունն է, որը գրվել է 1902 թվականի, իսկ առանձին լույս է տեսել 1906 թվականին[4]։

Դիպաշար խմբագրել

Առաջին երգի երկրորդ մասում երևում է մայրը, ով անհանգիստ որդու մասին էր մտածում, քանի որ տղան՝ Վահանը, հանգիստ չուներ, իրեն չէր գտնում։ Վահանը մորն ասում է, իբր սիրահարվել է, և իր սիրելին հեռվում է, դրա համար էլ ինքն անվերջ մտածմունքների մեջ է։ Կինն այդ մասին հայտնում է ամուսնուն, սակայն վերջինս արդեն հասկացել էր, որ տղային հայրենիքի ցավն է տանջում, իսկ իր մոտ եկող տղաների հետ ինչ-որ ծրագրեր են կազմում։ Եթե մայրը ամեն օր տանը սպասում էր տղային, մաշվում նրա ցավով, հայրն իր հոգսը գինետանն էր թողնում՝ ընկերների հետ խմելով տղայի ողջության համար։ Մի օր էլ տղան հեռանում է տնից՝ ծնողներին թողնելով միայն մի նամակ։

Երկրորդ երգը «Հայոց լեռներում» բանաստեղծությունն է, որն ըստ էության ներկայացնում է տղաների անցած ճանապարհը։

Երրորդ գլխում պատկերված է Մուսաբեկի կատարած ավերածությունները։ Նա հայտնվում է գյուղում, պահանջում գյուղի քահանայի աղջկան՝ Շողիկին, որին խոստանում են տալ երկու օր անց։ Քահանան հավաքում է ողջ գյուղին, խնդրում օգնել իրեն, բայց ապարդյուն։ Գիշերը հանկարծ սկսում են բախել տան դուռը, և նրանք ճարահատյալ բացում են։ Պարզվում է, որ եկողները հայեր են, որոնք եկել են Կովկասից՝ ցրելու մահվան երկյուղն ու մարդկանց ազատելու։ Այսքանով ավարտվում է երրորդ երգը։

Գաղափարական բովանդակությունը խմբագրել

Լինելով հայրենասիրական-քաղաքական բնույթի ստեղծագործություն՝ այս պոեմը յուրահատուկ տեղ ունի Թումանյանի երկերի մեջ։ Այստեղ ցույց է տրված հայ ազգային-ազատագրական պայքարի մի դրվագը։ Թումանյանը պատկերում է նաև իր ժամանակաի քաղաքը, որից էլ գլխավոր հերոսն իր ընկերների հետ պիտի գնար Արևմտյան Հայաստան։ Պատկերելով քաղաքը՝ Թումանյանը ցույց է տալիս, որ զուտ գեղագիտական առումով էլ բուրժուական մեծ քաղաքը խորթ է իրեն[5]։

Առաջին մասում՝ «Տանը», ներկայացված է գլխավոր հերոսի՝ Վահանի և իր ընկերների ամենօրյա հանդիպումները, երգելը, ծրագրեր կազմելը Երկրի մասին և մի օր էլ անհետանում են հայրենի գյուղից։ Գրականագետ Պ. Մակինցյանը բավական հաջողված ու կենդանի է համարում Վահանի մոր և հոր կերպարները, ինչը, սակայն, հակառակն է տղայի և ընկերների դեպքում. «Եթե Թումանյանի պես պոետը չի կարողանում մի կարգին երգ դնել դրանց բերնում, կնշանակի՝ ոսկեբերան տղերք չեն եղել նրանք…»: Երկրորդ մասում պատկերվում է «Երկիրը», որտեղ հայտնվում են Վահանը և իր ընկերները, սակայն հատվածը մնում է անավարտ[2]։

Վահանի կերպարը գաղափարական ընդհանրություններ ունի հեղինակի հետ։ Մի առիթով Թումանյան շնորհակալություն է հայտնել կնոջը՝ Օլգա Թումանյանին, իր կյանքը փրկելու համար, քանի որ եթե իրենց նշանդրեքը չլիներ, նա Ալեքսանդր Գոլոշյանի հետ Տաճկահայաստան պիտի գնար՝ հայրենիքն ազատելու[6]։ Թումանյանը մեծ հայրենասր էր ու մարդասեր։ Նա անսահման խորությամբ է զգացել արևմտահայերի ցավն ու դառնությունը, որոնել նրանց փրկության ուղիները։ Թումանյանը կերտել է լայն ընդգրկումների ստեղծագործություն, որում արտահայտված են հայ ժողովրդի ցավը, պառապանքը, պայքարը, ընդվզումն ու հույսը[3]։

Չնայած անավարտ լինելուն՝ Թումանյանի «Հին կռիվը» պոեմը հայ պոեզիայի պատմության մեջ արևմտահայերի կյանքին նվիրված լավագույն գեղարվեստական ստեղծագործությունն է[6]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Հովհաննես Թումանյան թանգարան. «Մեհրի». http://www.tumanyan.am/arm. Վերցված է 25.03.2024-ին. {{cite web}}: External link in |website= (օգնություն)
  2. 2,0 2,1 2,2 Մնացականյան, Եվա (2015 թվական). «ԺԶ» (PDF). Գրականագիտական հանդես. Հ. Թումանյանի «Հայրենիքիս հետ» ժողովածուի արձագանքները: էջ 88. {{cite journal}}: More than one of |pages= and |page= specified (օգնություն)
  3. 3,0 3,1 ԵՊՀ, Հայագիտական հետազոտությունների ինստիտուտ. ««Թումանյան Հովհաննես»». Վերցված է 25.03.2024-ին.
  4. Թումանյան, Հովհաննես (1987 թվական). https://tert.nla.am/archive/HAY%20GIRQ/Ardy/1951-1980/tumanyan_1978.pdf (PDF). «Ընտիր երկեր». Երևան: Սովետական գրող. էջեր էջ 38-39. {{cite book}}: |chapter-url= missing title (օգնություն)
  5. Եղիազարյան, Ազատ (1990). https://tert.nla.am/archive/HAY%20GIRQ/Ardy/1981-2000/tumanyanI_poetikan_1990.pdf (PDF). «Թումանյանի պոետիկան և նրա ժողովրդական ակունքները». Երևան: Խորհրդային գրող. էջ էջ 169. {{cite book}}: |chapter-url= missing title (օգնություն)
  6. 6,0 6,1 Մկրյան, Մկրտիչ (1981 թվական). https://tert.nla.am/archive/HAY%20GIRQ/Ardy/1981-2000/mkryan_tumanyani_1981.pdf (PDF). «Հովհաննես Թումանյանի ստեղծագործություները». Երևան: Սովետական գրող. էջեր էջեր 36-45. {{cite book}}: |chapter-url= missing title (օգնություն)