Հերի դարի կիկլոպյան ամրոց

Հերի դարի կիկլոպյան ամրոց, Նորատուս գյուղերից երկու կիլոմետր դեպի արևելք, Սևանա լճի (նախկին մակարդակի) ափամերձ հարթության վրա առկա է կոնաձև լանջերով, մեծ թեքության մի բարձունք։ Նրա լանջերը ծածկված են հրաբխային խարամով, որը և խիստ դժվարացնում է բարձունքի գագաթ բարձրանալը։ Նա շրջապատի հարթությունից բարձր է մոտ 120 մետր։ Տեղացիները լեռը «Հերի դար» են կոչում, որովհետև բարձունքի հարավարևելյան լանջում կան երկու բավական ընդարձակ քարայրներ, որոնք, ինչպես ցույց տվեց ուսումնասիրությունը, հավանորեն եղել են նախնադարյան մարդու կացարաններ։

Լեռան գագաթը ձագարաձև է, և բարձունքի բոլորակ եզրերով անցնում են կիկլոպյան ամրոցի պարիսպների մնացորդները՝ կրկնելով տեղի շրջաձևությունը։

Պարսպի ընդհանուր երկարությունը շուրջ 500 մետր է, իսկ ամրոցի բռնած մակերեսը մոտավորապես 4 հեկտար է։ Պարիսպներից ներս երևում են կացարանների ավերակները, որոնց մեջ իր լավ պահպանվածությամբ աչքի է ընկնում մի քաղանկյուն շենք, որի պատերը մնում են երկու-երեք շարք քարի բարձրությամբ։ Պատերի լայնությունը 2,5 մետր է, շինության 4 անյուններում դրված են խոշոր քարեր։ Այս շենքն ունի երկու բաժանմունք՝ երկու սենյակի ձևով։

Ամրոցի պարիսպների կառուցման տեխնիկան նման է մյուս ամրոցների պարիսպների կառուցման տեխնիկային։ Ամրոցն ունեցել է յոթ աշտարակ, որոնց հետքերը երևում են պարիսպների վրա։ Աշտարակներից երկուսը գտնվում են ամրոցի մուտքի աջ և ձախ կողմերում, երկուսը՝ ամրոցի հյուսիսարևելյան պարսպամասում, իսկ երեքը՝ հավասար հեռավորության վրա, մեկը մյուսից՝ 40-45 մետր, ուղղված հարավ-արևմուտք։ Աշտարակներն ունեն 6X6 մետր հարթակներ։

Ամրոցի մուտքը եղել է նրա հյուսիսարևելյան կողմից, այդ մասի լանջը համեմատաբար ավելի քիչ թեքություն ունի։ Մուտքից ճանապարհը դուրս է գալիս և իջնում դեպի ներքևի հարթության վրա եղած բնակատեղին, այնուհետև աստիճանաբար թեքվում դեպի հյուսիս։ Բնակավայրից արևելք փռված է դամբարանադաշտը։

Հերի դարի ամրոցը, հավանորեն, Վելիքուխի երկրի պաշտպանության գործում հատուկ տեղ է գրավել։ Կանգնած լինելով բարձր սարի վրա՝ այս ամրոցը մեծ տեսադաշտ է ունեցել։ Այնտեղից պարզ երևում են Գավառագետի հովտի ու նրա շրջապատի համարյա բոլոր կիկլոպյան ամրոցները՝ լճափի ամրոցները հյուսիսում, Կարմիր գյուղի Ձմեռանոցի ամրոցը՝ հարավում, Աղի բերդ ամրոցը՝ արևմուտքում և Սևանա լճի ամբողջ հայելին։

Աղբյուրներ

խմբագրել

«Սևանի ավազանի կիկլոպյան ամրոցները»։ Հեղինակ՝ Գ. Հ. Միքայելյան։