Հեղուկ խառնուրդներ

Հեղուկ խառնուրդներ, հեղուկ համակարգեր, ֆիզքիմիական համակարգեր, որոնք ջերմաստիճանային որոշակի տիրույթում և բաղադրիչների ցանկացած հարաբերության դեպքում պահպանում են հեղուկ վիճակը։ Առավել լավ ուսումնասիրված են երկբաղադրիչ հեղուկ խառնուրդներ (կրկնակի կամ բինար)։ Տվյալ ջերմաստիճանում և ճնշման տակ երկու հեղուկների փոխադարձ լուծելիությունը կարող է լինել՝ անսահմանափակ (օրինակ, ջուր-էթիլսպիրտ, բենզոլ-տոլուոլ), սահմանափակ (օրինակ, 20 °C-ում ջրում ըստ զանգվածի 6, 48% դիէթիլեթեր է լուծվում, իսկ դիէթիլեթերում՝ 1, 2% ջուր), գործնականորեն բացակայում է (օրինակ, ջուր-սնդիկ)։ Ջերմաստիճանի բարձրացման (իջեցման) հետ երկու հեղուկների փոխադարձ լուծելիությունը կարող է մեծանալ և, հասնելով լուծելիության վերին (համապատասխանաբար ստորին) կրիտիկական ջերմաստիճանին, լուծելիությունը դառնում է անսահմանափակ։ Կրկնակի հեղուկ համակարգերի մածուցիկության իզոթերմերը մոտավորապես ուղիղ են, եթե բաղադրիչներն ասոցված ու դիսոցված չեն, հակառակ դեպքում բաղադրության առանցքի նկատմամբ գոգավոր են կամ՝ ուռուցիկ։ Չդիսոցվող միացության առաջացման դեպքում մածուցիկության իզոթերմը կազմված է երկու ճյուղից, որոնք հատվում են սինգուլյար կետում, քիմիական միացության բաղադրությանը համապատասխանող աբսցիսով։

հեղուկ խառնուրդ
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 6, էջ 348 CC-BY-SA-icon-80x15.png