Հարացույց

Վիքիմեդիայի նախագծի բազմիմաստության փարատման էջ

Հարացույց, հարացույցը (պարադիգման) մեթոդաբանության գաղափար է։ Հարացույցները կազմում են գիտելիքի ձեռքբերման, հիմնավորման և արժեքավորման այն եղանակներն ու չափանիշները, որոնք տիպարային են դառնում գիտության զարգացման այս կամ այն ժամանակաշրջանում, նրա այս կամ այն բնագավառի համար։ Անցումը մի հարացույցից մյուսին նշանավորում է գիտական հեղափոխություն։ Լեզվաբանության մեջ որևէ թեքվող խոսքի մասի կամ այդ խոսքի մասի մեջ մտնող որևէ քերականական կարգի թեքման ձևերի կամ բառաձևերի ամբողջական համակարգը, որը բերվում է որպես օրինակ։ Այսպես,

  • «ի» հոլովման հարացույցը սար բառի օրինակով ներկայանում է՝ սար-սարի-սարից-սարով-սարում ձևով,
  • «ու» հոլովման հարացույցը այգի բառի օրինակով՝ այգի-այգու-այգուց-այգով-այգում ձևով,
  • «Ե» խոնարհման բայերի հարացույցն այդ խոնարհման որևէ բայի դերբայական և դիմավոր ձևերի ամբողջ համակարգն է, ինչպես՝ գրել, գրում, գրած, գրում եմ, գրում էի, գրել եմ, գրել էի, գրեցի, գրեմ, գրես, գրի, կգրեմ, կգրես, կգրի և այլն։

«Հարացույց» ասելով հասկանում են նաև տվյալ բառի թեքման կամ քերականական ձևերի ամբողջ համակարգը։ Այսպես, քար բառի եզակի հոլովման հարացույցն է՝ քար-քարի-քարից-քարով-քարում. հոգնակի հոլովման հարացույցն է՝ քարեր-քարերի-֊քարերից-քարերով-քարերում, թվի հարացույցն է՝ քար-քարեր, որոշյալ և անորոշ առման հարացույցն է՝ քար-քարը։ Սրանք բոլորը միասին կազմում են քար բառի թեքման ձևերի ամբողջական հարացույցը։


Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 6, էջ 302