Հաշվողական տեխնիկան և հավողական համակարգերը Հայաստանում

Հաշվողական տեխնիկա և հաշվողական համակարգեր։ Հայաստանում հաշվողական տեխնիկայի և հաշվողական համակարգերի բնագավառում գիտական հետազոտությունները և գիտատեխնիկական մշակումներն սկսվել են 1950-ական թվականների կեսերից, երբ Հայաստանի կառավարության և Գիտությունների Ակադեմիայի նախաձեռնությամբ հիմնադրվել է ԵՄՄԳՀԻ-ն, որի սկզբնական խնդիրը եղել է էլեկտրոնային հաշվող, տեխնիկայի միջոցների ստեղծումը։ Ինստիտուտը շուտով դարձել է ԽՍՀՄ-ում քաղաքացիական և պաշտպանողական նշանակության հաշվող, տեխնիկայի միջոցների ու կառավարման ավտոմատացված համակարգերի (ԿԱՀ) մշակման խոշորագույն կենտրոններից։ Հանրապետությունում ԵՄՄԳՀԻ-ն կատարել է համակարգող կենտրոնի դեր, որի կայացումն ու զարգացումը վճռականորեն անդրադարձել են նաև գիտության ու տեխնիկայի հարակից ուղղությունների զարգացման վրա՝ Գիտությունների Ակադեմիայի, բուհերի և ճյուղային գիտության ու արտադրության համակարգերում։ 1960-ական թվականների սկզբին ձևավորվել են ինստիտուտի աշխատանքների հիմնական ուղղությունները՝ փոքր ու միջին ԷՀՄ-ների, իսկ 1960-ական թվականների վերջին՝ հատուկ հաշվողական համալիրների ու հատուկ նշանակության կառավարման ավտոմատացված համակարգերի ստեղծումը։ Հիմնական ուղղություններին զուգահեռ զարգացել են էլեկտրոնային ու կոնստրուկտոր, նախագծման, ծրագրավորման ու թեստային ապահովման, նախագծման ավտոմատացման, էլեկտրասնուցման և հիշողության համակարգերի, տեխնոլոգիական ապահովման և այլ ստորաբաժանումներ։ ԵՄՄԳՀԻ-ի ստեղծմանն ու կայացմանը մեծապես նպաստել են Վիկտոր Համբարձումյանը, Անդրոնիկ Իոսիֆյանը, տնօրեններ Սերգեյ Մերգելյանը և Ֆադեյ Սարգսյանը։ ԷՀՄ-ների և սարքերի փորձն, խմբաքանակների մշակման համար ԵՄՄԳՀԻ-ին կից ստեղծվել է փորձարարական գործարան, որը մինչև սարքերի զանգվածային արտադրությունն ապահովել է փորձն, նմուշների պատրաստումը, փաստաթղթերի և տեխնիկաների լուծումների վերջնամշակումը։ Ինստիտուտը սերտորեն համագործակցել է Մոսկվայի էլեկտրոնային հաշվող, տեխնիկայի ԳՀ կենտրոնի, ճշգրիտ մեխանիկայի ու հաշվող, տեխնիկայի ինստիտուտի և Ավտոմատ սարքավորումների ԳՀ-ի հետ։ Ինստիտուտի նախագծած ԷՀՄ-ները պատրաստվել են Կազանի ԷՀՄ-ների, Վիննիցայի ռադիոտեխ., Երևանի «էլեկտրոն» գործարաններում և այլուր։