Հայ հայրենասերների միություն

Հայ հայրենասերների միություն, ՀՀՄ, 1960 ականներին գործող այլխոհական խմբակ Խորհրդային Հայաստանում։ Կազմակերպության ընդհանուր ղեկավարումն իրականացնում էր Հակոբջան Թադևոսյանը[1]։

Միությունն ուներ կանոնադրություն, որը քննարկվել և ընդունվել էր կազմակերպության անդամների ժողովում։ Նոր անդամները պետք է ընդունեին այդ կանոնադրության դրույթները, ենթարկվեին դրա պահանջներին և անդամավճար մուծեին։ ՀՀՄ-ն մասնաճյուղեր ուներ Արարատում, Գյումրիում, Արտաշատում, Երևանի տարբեր բուհերում[1]։

Միությունը առաջնային էր համարում Հայոց Ցեղասպանության, Հայաստանի գրավված տարածքների (Արևմտյան Հայաստանի, Նախիջևանի և Արցախի) խնդիրները։ Նրանք համարում էին, որ ինչպես նշված է դատավճռում՝ Խորհրդային Միությունը «որոշ հարցերում արհամարհում և ոտնահարում է հայ ժողովրդի կենսական շահերը»։ Միաժամանակ խորհրդային կարգերի դեմ ոչինչ չունեին։ Այս առումով հատկանշական է այն իրողությունը, որ կազմակերպության անդամները՝ ծանոթանալով ազգային միացյալ կուսակցության արդեն հրատարակված «Փարոս» թերթին, խստորեն մերժել էին թերթի էջերում առաջ քաշված գաղափարները՝ հակախորհրդայնականության, անկախության անհրաժեշտության կապակցությամբ։ Նրանց համար հատկապես անընդունելի է եղել անկախության գաղափարը։ Ահա թե ինչպես է այդ դրվագը նկարագրված խմբի անդամների նկատմամբ կայացված դատավճռում. «1967 թվականի վերջին Թադևոսյանը ստացել է Էդիկ Ալեքսանյանից հակախորհրդային բովանդակություն ունեցող «Փարոս» անօրինական թերթը... Այդ թերթը պարունակում է թշնամական հարձակումներ խորհրդային պետության հասցեին և կոչ է անում անջատել Հայաստանը ԽՍՀՄ-ից ու ստեղծել «անկախ հայկական պետություն». գործով բոլոր ամբաստանյալները, ինչպես նաև խմբակի մյուս անդամները, քննադատության են ենթարկվել «Փարոս» թերթի հակախորհրդային բովանդակությունը և բացառել են ենթարկել «Փարոս» թերթի հակախորհրդային բովանդակությունը և բացառել են թերթի հայացքները, համարելով այն վնասակար ու անընդունելի իրենց խմբակների համար»[1]։

ՀՀՄ անդամների հաջողվում է ձեռք բերել տպագրական միջոցներ և բազմացնել ու տարածել իրենց թռուցիկները։ 1967 թվականի ապրիլի 24-ին ընդառաջ՝ տպագորւմ ու Երևանում, Գյումրիում, Արարատի և Արտաշատի շրջաններում տարածում են Հակոբջան Թադևոսյանի հեղինակա երեք թռուցիկները՝ «Կոչ հայ մտավորականության՝ Մեծ Եղեռնի 52-րդ տարեդարձի առթիվ», «Կոչ հայ ժողովրդին՝ Մեծ Եղեռնի 52-րդ տարեդարձի կապակցությամբ»և «Խոսք սրտի խորքից՝ հայոց ողբերգության 52-րդ տարեդարձի կապակցությամբ» վերնագրերով[1]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 Վարդան Հարությունյան, Այլախոհությունը Խորհրդային Հայաստանում (խմբ. Լիզա Ճաղարյան), Երևան, «Վան Արյան», 2014 — 63-77, էջեր 63-77. — 500 հատ։