Հակոբջան Թադևոսյան

հայ պատմաբան, բանաստեղծ
Վիքիպեդիայում կան հոդվածներ Թադևոսյան ազգանունով այլ մարդկանց մասին։

Հակոբջան Թադևոսյան (մարտի 22, 1949 - օգոստոսի 7, 1998), հայ այլախոհ, Հայ հայրենասերների միության հիմնադիր[1]։

Հակոբջան Թադևոսյան
Դիմանկար
Ծնվել է22 մարտ, 1949
Ծննդավայրգ. Հովտաշեն, Արտաշատի շրջան
Մահացել է7 օգոստոս, 1998
Մասնագիտությունբանաստեղծ և պատմաբան

Կենսագրություն խմբագրել

Ծնողները մանկավարժներ էին։ Միջնակարգ կրթությունը ստացել է հայրենի գյուղի դպրոցում։ 1964 թ., սովորելով 9-րդ դասարանում, հիմնում է «Հայաստանի հայրենասերների միություն» (ՀՀՄ) կազմակերպությունը։ Համախոհների հետ միասին գրում է կազմակերպության կանոնադրությունն ու ծրագիրը։ ՀՀՄ-ի գլխավոր նպատակ է հռչակվում Հայաստանի անկախացումը։ Կազմակերպության մյուս խնդիրը Հայկական հարցի ճանաչումն էր և ազգային գաղափարախոսության տարածումը։

1966 թ. Թադևոսյանն ընդունվում է ԵՊՀ պատմության ֆակուլտետ։ Ուսանողական տարիներին զբաղվում է երկրի տարբեր մարզերում կազմակերպության մասնաճյուղեր ստեղծելով, ինչպես նաև ՀՀՄ ընդլայնմամբ՝ դրա շարքերում ընդգրկելով ուսանողների ԵՊՀ-ից և այլ բուհերից։

Կառուցվածքային առումով ՀՄՄ-ն նման էր ընդհատակյա մյուս կազմակերպություններին։ Այն բաղկացած էր «տասնյակներից», որոնց անդամները չէին ճանաչում մյուս խմբակների անդամներին։ ՀՀՄ ղեկավար կազմում Թադևոսյանից բացի ընդգրկված էին նաև Էդիկ Ալեքսանյանը, Ռաֆիկ Ղարագուլյանը, Ռուբեն Հովսեփյանը, Անդրանիկ Մխիթարյանը և այլք։ 1968 թ. կազմակերպության անդամների թիվը հասնում էր 150-ի։

1968 թ. սկզբին ՊԱԿ-ը բացահայտում է կազմակերպության մի մասին։ Թադևոսյանը և նրա 7 ընկերները ձերբակալվում են։ Նախաքննությունը տևում է 8 ամիս։ 1968 թ. վերջին Հակոբջանին ՀԽՍՀ Քր. օրենսգրքի 206-1 հոդվածի համաձայն (Խորհրդային համակարգի դեմ ուղղված գործողություններ) դատապարտում են 2 տարի 3 ամիս ազատազրկման։ Խմբի մյուս անդամներն ազատազրկվում են 1-ից 2 տարով։ Նրանք բոլորը պատիժը կրում են Աշտարակում։

1970 թ.՝ պատժի ժամկետի ավարտից հետո, հայ մեծ գրող Պարույր Սևակի միջամտությամբ վերականգնվում են Թադևոսյանի ուսանողական իրավունքները համալսարանում։

Վերադառնալուց անմիջապես հետո Թադևոսյանն ընդգրկվում է «Ազգային միացյալ կուսակցության» (ԱՄԿ) շարքերում, իսկ 1972 թ. դառնում է կուսակցության Խորհրդի անդամ։

Ուսումնառության ավարտից անմիջապես հետո ընդունվում է ասպիրանտուրա և աշխատանքի անցնում Երևանի մանկավարժական ինստիտուտում՝ որպես երիտասարդական մշակութային ակումբի տնօրեն։ 1975 թ. սկսում է հետազոտություններ կատարել թեկնածուական աշխատանքի համար՝ «ՀՅԴ պատմությունը և ֆիդայական շարժումը Արևմտյան Հայաստանում 1890 թ.» թեմայով։ Այդ նպատակով նա շրջագայում է երկրի տարածքում, ուսումնասիրում ֆիդայական մշակույթը, տասնյակ կտավներ նկարում այդ թեմայով։ Թեզի պաշտպանությունը մերժվում է կոմունիստ գիտնականների կողմից։

1975 թ. լիբանանյան պատերազմի ընթացքում հայկական սփյուռքին աջակցելու նպատակով Թադևոսյանը և իր քաղբանտարկյալ ընկերները՝ Ռուբեն Հովսեփյանն ու Ռաֆիկ Ղարագուլյանը, հավաքում են կամավորների շուրջ 150 ստորագրություն և դրանք ներկայացնում ՀԽՍՀ Գերագույն խորհուրդ, որտեղ հանդիպում են ԳԽ ներկայացուցիչ Սարգսյանին։ Թեև իշխանությունները մերժում են կամավորներին, բայց կազմակերպում են ինքնաթիռով մարդասիրական օգնության ուղարկումը Բեյրութ։

Մինչև «պերեստրոյկան» Թադևոսյանը շարունակում է ծավալել ակտիվ ընդհատակյա քաղաքական քարոզչություն։ Նա գրում է բազմաթիվ հոդվածներ ազգային թեմայով՝ դրանք տարածելով համախոհների շրջանում։

Ազգային վերելքին զուգահեռ Թադևոսյանի մոտ «երկրորդ շնչառություն» է բացվում։ 1989 թ. նա ընդունում է Պարույր Հայրիկյանի առաջարկը՝ դառնալ «Հայրենիք» ամսագրի «Հայ ազատագրական շարժում» բաժնի խմբագիրը, որը հրատարակվում էր «Ազգային Ինքնորոշում Միավորման» կողմից։

1990 թ. դեկտեմբերի 25-ին Թադևոսյանն արդարացվում է Գերագույն դատարանի կողմից՝ հանցակազմի բացակայության հիմքով։

1990 թ. սկզբին, երբ սկսվում է հայ-ադրբեջանական պատերազմը, դառնում է երկրապահ։ Նույն թվականին Թադևոսյանը դառնում է «Անկախության բանակի» (հրամանատար՝ Աշոտ Նավասարդյան) ռազմական խորհրդի անդամ և, միաժամանակ, Արտաշատի երկրապահների ջոկատի շտաբի պետ։ 1991 թ. սեպտեմբերին Թադևոսյանին կրկին ձերբակալում են, այս անգամ՝ Հայկական Խորհրդային Սոցիալիստական Հանրապետության Քրեական օրենսգրքի 90-րդ հոդվածով՝ Ադրբեջանի «սոցիալիստական գույքի կողոպուտ», և դատապարտում 3 տարվա ազատազրկման։ «Հայաստանի ազգային պահպանողական կուսակցությունը» Հակոբջան Թադևոսյանին առաջադրում է պատգամավորի թեկնածու Գերագույն խորհրդի թիվ 8 թափուր ընտրատարածքում, վարում նրա ընտրարշավը, կազմակերպում ստորագրահավաք Թադևոսյանին ազատ արձակելու պահանջով։ ՀՀ նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի հրամանով, միայն 1 տարի 2 ամիս անց նրան ազատ են արձակում Սովետաշենի թիվ 1 քննչական մեկուսարանի 50-րդ բանտախցից։

Բանտից Թադևոսյանը դուրս է գալիս հոգեպես և ֆիզիկապես քայքայված։ Երեք տարի փորձում է բուժվել տնային պայմաններում, իսկ 1994 թ-ից սկսած՝ Ավանի, Սովետաշենի և Սևանի հոգեբուժարաններում։ 1998 թ. օգոստոսի 7-ին՝ 49 տարեկան հասակում, Հակոբջան Թադևոսյանը մահանում է Սևանի հոգեբուժական հիվանդանոցում։

Թադևոսյանն ամուսնացած է, ունի 4 զավակ՝ երեք որդի և մեկ դուստր։ Հեղինակել է բազմաթիվ հրապարակախոսական, քաղաքական, պատմական հոդվածներ։ Իր ստեղծագործություններից շատերը Թադևոսյանն այրել է հոգեկան խանգարման պահերին։ Նրա նկարած կտավները պահպանվում են ընտանիքի կողմից։

Գրականություն խմբագրել

  • «ՀՅԴ պատմություն», ատենախոսություն /հրապարակված չէ/
  • «Արևմտյան Հայաստանում ֆիդայական շարժման պատմությունը 19-րդ դարավերջին», անավարտ աշխատություն
  • https://mediamax.am/, Դավիթ Ալավերդյան, «Դիսիդենտական Հայաստան. Հակոբջան Թադևոսյան»։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Վարդան Հարությունյան, Այլախոհությունը Խորհրդային Հայաստանում (խմբ. Լիզա Ճաղարյան), Երևան, «Վան Արյան», 2014 — 63-77, էջեր 63-77. — 500 հատ։