Հայկ Թորոյան
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Թորոյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Հայկ Վահանի Թորոյան (դեկտեմբերի 11, 1985, Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ - ապրիլի 2, 2016, Արցախ) Արցախի Հանրապետության պաշտպանության բանակի զինծառայող, Մատաղիսի N զորամասի հրթիռահրետանային սպառազինության ծառայության պետ (ՀՀՍ), զինված ուժերի մայոր, Քառօրյա պատերազմի հերոս[1]։
Հայկ Թորոյան | |
---|---|
դեկտեմբերի 11, 1985 - ապրիլի 2, 2016 (30 տարեկան) | |
Ծննդավայր | Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Մահվան վայր | Արցախ |
Գերեզման | Եռաբլուր |
Քաղաքացիություն | Հայաստան |
Ծառայության տարիներ | 2007 - ապրիլ, 2016 |
Կոչում | ՀՀ ԶՈՒ Մայոր |
Պաշտոն | ՀՀՍ պետ |
Մարտեր/ պատերազմներ | Արցախա-ադրբեջանական սահմանային պատերազմ (2016) |
Պարգևներ |
Կենսագրություն
խմբագրելՀայկը ծնվել է 1985 թվականի դեկտեմբերի 11-ին Երևանում, գիտաշխատողների ընտանիքում։ Արմատներով հայրական կողմը Արևմտյան Հայաստանի Թորդան գավառից է, իսկ մայրական կողմը Արցախի Հադրութի շրջանից։ Դեռ մանկուց Հայկը ցուցաբերել է մեծ հետաքրքրություն տանկերի և հրացանների նկատմամբ, որոնք նրա ամենասիրելի խաղալիքներն էին։ Գնալով նրա հետաքրքրությունը մեծանում է այդ ամենի հանդեպ, մանավանդ, երբ մորից լսում է իր պապի զինվորական կյանքի մասին[2]։
132 դպրոցի 8-րդ դասարանն ավարտելուց հետո Հայկը վերջնական ընտրում է զինվորական ուղին և ընդունվում Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարան։ Վարժարանը բարձր առաջադիմությամբ ավարտելուց հետո ուսանողների մի խմբի հետ գործուղվում է ՌԴ ք. Պենզա՝ զինվորական բարձրագույն կրթություն ստանալու նպատակով, որտեղ ևս փայլում է իր առաջադիմությամբ։ Ավարտելուց հետո ստանում է «Հրաձգա-հրանոթային, հրետանային զենք» մասնագիտությունը՝ լեյտենանտի կոչումով։ 2007 թ., վերադառնալով հայրենիք, անցել է ծառայության Ստեփանակերտի գլխավոր զինվորական շտաբում։ Այստեղ, ցուցաբերելով հիանալի գիտելիքներ և ծառայության բարձր որակ, հենց նույն թվականին վաղաժամ ստանում է ավագ լեյտենանտի կոչում և տեղափոխվում Մարտակերտի շտաբ։ 2010 թ. Հայկն առաջարկ է ստանում տեղափոխվել Մատաղիսի զորամաս, սահմանային ծառայության որակը բարձրացնելու նպատակով, որին միանգամից համաձայնում է։ Մատաղիսում Հայկը նշանակվում է հրթիռահրետանային սպառազինության ծառայության պետ։ Արդեն 2014 թ-ին՝ 28 տարեկան հասակում, երիտասարդ սպան ուներ մայորի կոչում[1] 2015 թ. նոյեմբեր ամսին զորամասում սկսվում են սպառազինության պլանային ստուգումներ, որտեղ, տեսնելով Հայկի ծառայության անթերի և պատշաճ մակարդակը, ՀՀ վերադասը որոշում է առաջին իսկ հնարավորության դեպքում Հայկին տեղափոխել ՀՀ ՊՆ ավելի պատասխանատու աշխատանքի, որտեղ նա կկարողանա ի նպաստ ՀՀ զինված ուժերի օգտագործել իր բարձր գիտելիքները։ 2016 թ. փետրվարի 2-ին Հայկը հրավիրվում է ՀՀ ՊՆ տեղափոխման գործին ընթացք տալու համար, որը տևելու էր մոտ երկու ամիս, այսինքն՝ մինչ ապրիլի 2-ը։ Մարտի 31-ին թղթաբանական ամբողջ գործընթացը ավարտվում է և արձակվում է տեղափոխման հրամանը, բայց Հայկն այդպես էլ չի կարողանում տեղափոխվել, քանի որ դաժան ճակատագիրը այլ ուղի էր ընտրել հերոսի համար…[3]։
Քառօրյա պատերազմ
խմբագրելԱպրիլի 2-ի վաղ առավոտյան Հայկն իմանում է, որ 170-րդ մարտական դիրքում թեժ մարտ է ընթանում և զինամթերքը վերջանում է։ Որոշվում է հրատապ զինամթերք հասցնել մարտական դիրք։ Հայկը ստանձնում է այդ պարտավորությունը, թեև իրավունք չի ունենում տվյալ պահին զորամասը լքելու և իր վարորդի՝ Հրանտ Ղարիբյանի հետ միասին ճամփա են ընկնում։ Որոշում են կարճ ճանապարհով զինամթերքն արագ հասցնել սահման, սակայն ճանապարհին թշնամու մեծ դիվերսիոն խմբի կողմից հայտնվում են շրջափակման մեջ և անհավասար մարտում ընկնում հերոսի մահով։ Հրանտ Ղարիբյանը միանգամից մահանում է, իսկ Հայկը, ոտքից վիրավոր, շարունակում է պայքար մղել մինչ նենգ թշնամու ձեռքը կտրում է 30-ամյա հերոս մայորի կյանքի կարճ, բայց հերոսական թելը[4]։
Պարգևատրումներ
խմբագրել- 2010 թ. «ԳԱՐԵԳԻՆ ՆԺԴԵՀ» ՄԵԴԱԼ
- 2011 թ. «ՀՀ ԶԻՆՎԱԾ ՈՒԺԵՐ 20 ՏԱՐԻ» ՀՈԲԵԼՅԱՆԱԿԱՆ ՄԵԴԱԼ
- 2012 թ. «ԴՐԱՍՏԱՄԱՏ ԿԱՆԱՅԱՆ» ՄԵԴԱԼ
- 2013 թ. «ԱՆԲԱՍՒՐ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ» 1 ԱՍՏԻՃԱՆԻ ՄԵԴԱԼ
- 2013 թ. «ՂԱՐԱԲԱՂՅԱՆ ՇԱՐԺՈՒՄ» ՀՈՒՇԱՄԵԴԱԼ
- 2014 թ. և 2015 թ.-ին Հայկը ևս ստացել է խրախուսկան և գերազանց ծառայության համար մեդալներ, որոնք մնացել են իր զորամասում։
Հետմահու
- 2016թ. «ՄԱՐՏԱԿԱՆ ԽԱՉ» 1-ՒՆ ԱՍՏԻՃԱՆԻ ՇՔԱՆՇԱՆ (Հայաստանի Հանրապետության նախագահի կողմից)[5]
- 2016թ. «ՄԱՐՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ» ՄԵԴԱԼ (Արցախի Հանրապետության նախագահի կողմից)
- 2016թ. ՀԱՅՐԵՆԻՔԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ ՄԵԴԱԼ (Ղարաբաղյան պատերազմի վետերանների միության կողմից)
Հիշատակի հավերժացում
խմբագրելԵրևանի թիվ 132 դպրոցը, որտեղ 8 տարի սովորել է Հայկ Թորոյանը, ամեն տարի անց է կացնում նրան նվիրված «Հայկյան խաղեր»։ Դպրոցում կա նաև Հայկ Թորոյանի անունով դասասենյակ[6]։
2018թ․ լույս է տեսել «Լուսնի Ասպետը» վիպակը (հեղինակ՝ Արմինե Մուրադյան), որը նվիրված է Հայկ Թորոյանին[7]։
Հայկ Թորոյանը 2016 թվականի ապրիլի 7-ին հուղարկավորվել է «Եռաբլուր» զինվորական պանթեոնում։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 ««Հերոսի ծնողները». զենքերի մեծ գիտակ էր. մայոր Հայկ Թորոյանի հայրը հպարտությամբ է խոսում հերոս որդու մասին». 11:20, 8 Փետրվար, 2017.
- ↑ «Ջավախքի նորօրյա արծիվները. Հայկ Թորոյան. «Երկիր Զաբախա»». 17:28, 28 Հունիս,2016.
- ↑ https://www.youtube.com/watch?v=ItozbEzSENg
- ↑ https://www.youtube.com/watch?v=u-9eIPJq8EI
- ↑ https://www.youtube.com/watch?v=_sGgKRBHX00
- ↑ «Հայկ Թորոյանը գնաց զենք հասցնելու ու հետ չեկավ». 23:50 - 06.02.2017. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ օգոստոսի 17-ին. Վերցված է 2018 թ․ օգոստոսի 17-ին.
- ↑ «Լուսնի Ասպետը». Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ հունվարի 26-ին. Վերցված է 2019 թ․ հունվարի 28-ին.
Գրականություն
խմբագրել- Գոհար Մարտիկյան «Ապրելու բանաձև» 2017 թ., Երևան, հատոր 10, էջ 121-123