Հայկական ժանեկագործություն

գործվածք

Հայկական ժանյակ, առանց գործվածքային հիմքի գործված, հյուսված, կարված ցանցկեն նուրբ զարդարանքն է։

Նկարագրություն խմբագրել

Միջնադարյան հայկական մանրանկարչության մեջ հանդիպում են վարագույրների, գլխի կանացի ծածկոցների, քողերի, սրբիչ-սփռոցների պատկերներ, որոնք վերջանում են ծոպերով և ատամնավոր եզրերով, ըստ ամենայնի՝ ժանյակներով։ Եկեղեցական որմնանկարչության մեջ կան հագուստը զարդարող, մեծ նկարը եզերող զարդանկարներ, որոնք կապ ունեն ժանյակի հետ։ Ավելի ուշ շրջանի եկեղեցական հանդերձանքի վրա կան ոսկեթել, արծաթաթել ժանյակներ։

Հայկական ժանյակի առանձին զարդանախշերը, նրանցից կազմված հորինվածքները նման են ճարտարապետական հին կառույցների և խաչքարերի քանդակներին։ Մեծ նմանություններ կան ասեղնագործ ժանյակի և արծաթագործական, ոսկերչական այն զարդերի միջև, որոնք կատարված են զուգաթելի (ֆիլիգրան) տեխնիկայով։

Հայուհիները ժանյակներ հյուսել են մատներով, ասեղով, հելունով, գոբենակով, մաքոքով և այլ եղանակներով։ Ժանյակը լայնորեն կիրառվում էր ինչպես հայկական տարազում, այնպես էլ կենցաղում։ Հայկական ժանյակում գերակշռում է սպիտակ գույնը, սակայն հայկական տարազում կիրառված ժանյակներն աչքի են ընկնում մեղմ երանգավորումներով։

Հայկական ասեղնագործ ժանյակները տարբերվում են եվրոպականից կարով՝ յուրահատուկ օղակ-հանգույցով, զարդանախշային ինքնուրույնությամբ, նուրբ եթերային տեսքով։ Հայկական ժանյակի դեպքում դաշտը և նախշերը հյուսվում են միաժամանակ, միմյանց հետ։

Հայկական ժանյակի յուրահատկությունը պարզորոշ արտահայտվում է, բացի կատարման տեխնիկայից, նաև զարդանախշերի, դրանց խմբի, ընդհանուր հորինվածքի մեջ։ Ժանյակներում միահյուսված են երկրաչափական, տիեզերական, կենդանական, բուսական և այլ զարդանախշեր։ Աչքի է ընկնում արևի նշանը, որը պատկերվում է որպես բարդ անիվ։ Հավերժության նշանը կազմված է մահիկաձևերից, որոնք դուրս գալով վարդյակի կենտրոնից՝ դեպի եզրերն են վազում, ստեղծելով վազքի, հարատև շարժման պատրանք։

Կլոր կամ ձվաձև ծածկոցների ամեն մի նախշազարդ շերտի վրա որևէ զարդամոտիվ ռիթմիկ կերպով կրկնվում է՝ նման ժողովրդական կլոր պարի, ուր դժվար է գտնել պարի սկիզբը կամ վերջը։ Ժանյակի մեջ հմտորեն թաքցված են գործող թելի ծայրերը։ Նախշերի հաշիվը ճշտորեն պահպանվում է։

Ուշագրավ է, որ նախշերի, ողջ հորինվածքի գծագիր գոյություն չի ունեցել։ Ամեն մի զարդարանքի նախշերը, հորինվածքը, բոլոր հաշիվները ժանեկագործուհին իր մտքում է պահել և իրականացրել[1]։

Ժողովրդական ստեղծագործության այս նրբագեղ ճյուղը՝ հայկական ժանեկագործությունը դարերի ընթացքում պահպանվել է և հասել մեր օրեր։

Հայկական ժանեկագործության ուշագրավ նմուշներ են ցուցադրված Հովհաննես Շարամբեյանի անվան ժողովրդական արվեստների թանգարանում, որտեղ այսօր էլ՝ «Ինքնության դարբնոց» թանգարանային դպրոցի շրջանակներում, դասավանդվում է ժողովրդական արհեստագործության նաև այս ճյուղը[2]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Դավթյան, Սերիկ (1981). Դրվագներ հայկական միջնադարյան կիրառական արվեստի պատմության. Երևան: Հայկական ՍՍՀ ԳԱ. էջեր 93–101.
  2. Ժանեկագործության դասընթացներ «Ինքնության դարբնոցում»