Հայկական գեղջկական երաժշտություն

Հայկական գեղջկական երաժշտություն, սկզբնավորվել է հազարամյակներ առաջ և իր պատմության ընթացքում անդրադարձել է ազգային մշակույթի զարգացման բոլոր նշանակալի փուլերին։ Գեղջկակական երգի տեսակը պայմանավորված է բանաստեղծական տեքստով, յուրաքանչյուրն ունի իրեն բնորոշ առանձնահատկությունները և երաժշտական արտահայտչամիջոցները։ Հայկական գեղջկական երաժշտությունը բազմաժանր է՝ աշխատանքային, ծիսական, լալիք, քնարական, պատմական, պանդխտության (անտունիներ) երգեր, վիպերգեր, պարերգեր, կատակերգեր, օրորներ և այլն։ Գեղջկական երաժշտության մեջ ժանրային հատկանիշները երևան են գալիս ինչպես բանաստեղծական, այնպես էլ երաժշտական բնագրերում՝ լադաելևէջային ու ռիթմային միջոցներով, համապատասխան երգային ձևերում։ Առանձնանում են հոգևոր բնույթի բանաստեղծություններով ժողովրդի ստեղծած երգերը, տարբեր բովանդակության աշխարհիկ տաղերը և այլն։ Այս ժանրերից հայտնի են բազմաթիվ նմուշներ, որտեղ կան բացառիկ արժեքավոր ստեղծագործություններ՝ երաժշտական բանահյուսության համաշխարհային չափանիշներով՝ Կոմիտասի գրառած Լոռու, Ղարաբաղի և Ապարանի հորովելները, Սանահինի և Լոռու կալերգերը, Իգդիրի, Վայոց ձորի և Ղազախի սայլերգերը, սոցիալական թեմայով՝ «Ծիրանի ծառ, բար մի տա», «Կանչե, կռունկ», «Սիրտս նման է էն փլած տներ», բնությանը նվիրված՝ «Լուսնակն անուշ», «Բինգյոլ», սիրո քնարական՝ «Գարուն ա», «Չինար ես՝ կեռանալ մի», «Քելեր, ցոլեր իմ յարը», «Կուժն առա ելա սարը» և «Գնա, գնա, հետիդ եմ», հարսանեկան երգերի ամբողջությունը, Ակնա բազմաժանր երգերի շարքերը։

Դարերի ընթացքում աստիճանաբար մշակվել է ու կատարելագործվել ժողովրդական երգը (անհետացել են որոշ ժանրեր, ի հայտ են եկել նորերը)։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված է Հայաստան հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։