Հայաքվե, քաղաքացիական-օրենսդրական նախաձեռնություն-ստորագրահավաք Հայաստանի քաղաքացիների շրջանում, որը նախաձեռնել են մի խումբ քաղաքացիներ՝ հանրային, մշակույթի գործիչներ, նախկին պաշտոնյաներ ու պատգամավորներ՝ Արցախն Ադրբեջանի մաս ճանաչելը քրեականացնելու նպատակով[1]։ Նախաձեռնության հեղինակներն առաջարկում են լրացում կատարել Քրեական օրենսգրքում և Հայաստանի անունից Արցախն Ադրբեջանի մաս ճանաչող, ինչպես նաև Հայոց ցեղասպանությունը ժխտող պաշտոնատար անձանց համար պատիժ սահմանել՝ 10-ից 15 տարվա ազատազրկում։

Ստորագրահավաք խմբագրել

Ստորագրահավաքն իրականացվում է Հայաստանի խոշոր բնակավայրերի վարչական շենքերում, ինչպես նաև կենտրոնական ընտրական հանձնաժողովի պաշտոնական կայքում[2]։

Նախագիծ խմբագրել

Նախաձեռնության հեղինակները հիմք են ընդունել ՀՀ Անկախության հռչակագիրը, ՀՀ Սահմանադրությունը և ՀՀ Գերագույն Խորհրդի՝ 1992թ․ հուլիսի 8-ի որոշումը[3]։ Ստորագրահավաք-նախաձեռնության համակարգողը «Արար» հիմնադրամի հիմնադիր, հասարակական գործիչ Ավետիք Չալաբյանն է։

Եթե ստորագրահավաքին մասնակցի 50 հազար քաղաքացիներ, ապա, ըստ Սահմանադրության, հարցը պետք է մտնի Ազգային ժողովի օրակարգ։ Իսկ եթե խորհրդարանն այն չհաստատի՝ անհրաժեշտ կլինի 300 հազար անձի ստորագրություն՝ նախագիծը հանրաքվեի դնելու համար[4]։

Օրենսդրական նախագիծ խմբագրել

Նախագիծն առաջարկում է լրացում կատարել Հայաստանի Քրեական Օրենսգրքում՝ ավելացնելով հետևյալ բովանդակությամբ 420.1 և 420.2 հոդվածներով.

«Հոդված 420.1. Արցախը որևէ այլ պետության կազմում ճանաչելը

1. Հայաստանի Հանրապետության անունից Արցախը որևէ այլ պետության կազմում ճանաչելը՝ պատժվում է ազատազրկմամբ՝ տասից տասնհինգ տարի ժամկետով։

Հոդված 420.2. Հայոց ցեղասպանության ճանաչումից հրաժարվելը, Հայոց ցեղասպանությունը հրապարակայնորեն հերքելը, արդարացնելը կամ դրա վտանգավորությունը նսեմացնելը

1. Հայաստանի Հանրապետության անունից Հայոց ցեղասպանության ճանաչումից հրաժարվելը, Հայոց ցեղասպանությունը հրապարակայնորեն հերքելը, արդարացնելը կամ դրա վտանգավորությունը նսեմացնելը՝ պատժվում է ազատազրկմամբ՝ տասից տասնհինգ տարի ժամկետով»։

Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը[5]։

Արձագանք խմբագրել

  Արցախ

  • Արցախի Հանրապետության Ազգային ժողովի բոլոր խմբակցությունները ողջունել են «Համախմբում» շարժման «ՀայաՔվե» օրենսդրական նախաձեռնությունը[6]։
  • Նախաձեռնությունը ողջունել է նաև «Արցախի անվտանգության և զարգացման ճակատ» հանրային շարժումը[7]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. "«Հայաքվե». ստորագրահավաք՝ Արցախն Ադրբեջանի մաս ճանաչելը քրեականացնելու նպատակով".
  2. "«Հայաքվե»-ի ստորագրահավաքը Երևանում շարունակվում է". news.am. 2023 թ․ հուլիսի 5. Retrieved 2023 թ․ հուլիսի 5.
  3. "Ո՞ՐՆ Է «ՀԱՅԱՔՎԵ» ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅԱՆ ԷՈՒԹՅՈՒՆԸ".
  4. "«ՀՐԱՊԱՐԱԿ». ԹԵ՛ 50 ՀԱԶԱՐ, ԹԵ՛ 300 ՀԱԶԱՐ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ, ԵՒ ԹԵ՛ ՀԱՆՐԱՔՎԵՈՒՄ ԴՐԱԿԱՆ ԱՐԴՅՈՒՆՔԸ ՌԵԱԼ ԵՄ ՀԱՄԱՐՈՒՄ".
  5. "Նախագծի մասին – ՀԱՅԱՔՎԵ" (in ամերիկյան անգլերեն). Retrieved 2023 թ․ հուլիսի 5.
  6. "Արցախի ԱԺ խմբակցությունների հայտարարությունը «ՀայաՔվե» օրենսդրական նախաձեռնության մասին". Hetq.am. 2023 թ․ հուլիսի 4. Retrieved 2023 թ․ հուլիսի 5.
  7. "«Հայաքվե»-ն թերևս վերջին շրջանում հանրային համաձայնության ներքո իրականացվող հաջողված քաղաքացիական նախաձեռնություններից է․ «Արցախի անվտանգության և զարգացման ճակատ»".

Արտաքին հղումներ խմբագրել